«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2017-2019թթ. ներդրումային ծրագիրը կկազմի 34,7 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2017-2019թթ. ներդրումային ծրագրով ընկերության գազի համալիրում նախատեսվող կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 34,72 մլրդ. դրամ, նշվում է փաստաթղթում, որի նախագիծը հրապարակվել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում:
Ծրագրի համաձայն, ընկելության գազի համալիրում նախատեսվող կապիտալ ներդրումների գումարը 2017 թ.-ին նախատեսվում է 3,57 մլրդ. դրամի չափով, 2018 թ.-ին` 16 մլրդ. դրամ, 2019 թ.-ին` 15,15 մլրդ. դրամ:
Ներդրումային ծրագրի համաձայն, գազափոխադրման համակարգում 2017-2019թթ. կապիտալ ներդրումների ընդհանուր գումարը կազմում է 26,92 մլրդ. դրամ, իսկ գազաբաշխման համակարգում՝ 7,80 մլրդ. դրամ:
Գազափոխադրման համակարգում առաջիկա երեք տարիներին ներդրումների հիմնական մասնաբաժինը կուղղվի նոր մայրուղային գազատարների կառուցման վրա` 43 տոկոս կամ 11,7 մլրդ դրամ: Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման համար անհրաժեշտ ներդրումները նախատեսվում են շուրջ 11,4 մլրդ դրամի չափով:
Գազաբաշխման համակարգում միջոցների մոտ 65,3 տոկոսը կամ 5,1 մլրդ դրամ կուղղվի ավտոտրանսպորտային միջոցների և մեխանիզմների ձեռքբերման վրա: Մոտ 1 մլրդ դրամ կհատկացվի կենցաղային հաշվիչների և պաշտպանիչ արկղերի ձեռքբերմանը և նոր բաժանորդների համար տեղադրմանը:
Տվյալ միջոցառումները նախատեսվում է իրականացնել «Գազպրոմ Արմենիայի» սեփական միջոցների և փոխառնված միջոցների հաշվին:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (նախկինում` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) ստեղծվել է 1997 թվականին։ Գործունեության հիմնական ոլորտը Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարումը և բաշխումն է։ Բացի այդ, ընկերությունը զբաղվում է բնական գազի տեղափոխմամբ, պահմամբ, բաշխմամբ և իրացմամբ, Հայաստանի Հանրապետության գազատրանսպորտային համակարգի և ստորգետնյա պահոցների վերակառուցմամբ և ընդլայնմամբ։ ($1 - 480,11 դրամ) -0-