Լավ կրթությունը պետք է մատչելի լինի բոլորին, ասել է նախագահը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «մեր խնդիրն է լավ կրթությունը դարձնել մատչելի բոլորի համար»:
Այս մասին նախագահն ասել է սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ հղած իր ուղերձում:
«Ոչ մի երիտասարդ չպետք է կորցնի որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը ոչ վճարունակ լինելու պատճառով»,-ասել է նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում հետեւողականորեն կատարելագործվում է կրթական համակարգը:
«Մենք նաեւ գիտենք, որ թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում ունենք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Այդ խնդիրները վերաբերում են հատկապես կրթության մակարդակին, որից մենք գոհ չենք: Մենք գոհ չենք ոչ միայն այն պատճառով, որ կատարելությունը սահման չունի, այլեւ այն պատճառով, որ ժամանակակից աշխարհում զարգացման տեմպերը կտրուկ մեծացել են: Մենք պարտավոր ենք շարժվել աշխարհին համաքայլ: Մենք պարտավոր ենք նաեւ արագացնել կրթության զարգացման տեմպերը»,- ասել է նախագահը: