ru24.pro
Новости по-русски
Август
2016

Մոսկովյան բանկը գրաված Արամ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը

0
Գործարար Արամ Պետրոսյանը, ով անցած շաբաթ պատանդներ էր վերցրել Մոսկվայում Citibank-ի մասնաճյուղերից մեկում, դադարեցրել է հացադուլը: Այդ մասին ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Պետրոսյանի փաստաբան Ստանիսլավ Մալցևը:


«Բժիշկները նրան առաջարկել են դադարեցնել հացադուլը, և մենք՝ որպես փաստաբաններ, խորհուրդ տվեցինք նրան չվտանգել առողջությունը», - ասել է Մալցևը:


Փաստաբանը պարզաբանել է, որ Պետրոսյանի վիճակը նրա կալանքի մասին որոշման հրապարակումից հետո վատթարացել է, և դատարան շտապօգնություն է կանչվել: Մալցևի փոխանցմամբ՝ իր պաշտպանյալի հետ դեռևս քննչական միջոցառումներ չեն իրականացվում:


Հիշեցնենք՝ Արամ Պետրոսյանը անցած շաբաթ չորս պատանդ էր վերցրել Մոսկվայի կենտրոնում գտնվող Citibank-ի մասնաճյուղում, սպառնալով պայթեցնել այն վզից կախված առարկայով, որը, ինչպես հետո է պարզվել, ռումբ չէր: Այնուհետև նա հերթով ազատ էր արձակել բոլոր պատանդներին և հանձնվել իրավապահներին: Պետրոսյանը հայտարարել է, որ այդ արարքով ցանկանում էր ուշադրություն հրավիրել սնանկացման խնդրի վրա:


Քննիչները սնանկացած գործարարին մեղադրանք են առաջադրել «առարկան որպես զենք օգտագործելով երկու և ավելի անձանց պատանդառության» հատկանիշներով, ինչի համար Ռուսաստանի քրեական օրենսգրքով սահմանված է 6-ից մինչև 15 տարվա ազատազրկում: Ուրբաթ օրը դատարանը Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Հայազգի գործարարը հացադուլ էր հայտարարել՝ հրաժարվելով նաև ջրից: