ԱՄՀ–ն կարող է Հայաստանն անլուծելի խնդրի առջև կանգնեցնել. թերթ
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Մոտ ապագայում Հայաստան կայցելի Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը, որը կանցկացնի այս տարվա պետբյուջեի կատարողականի վերլուծություն, ինչպես նաև կդիտարկի ֆինանսական գլխավոր փաստաթղթի` հաջորդ տարվա ծրագիրը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՀ–ի այս առաքելությունը բավականին հետաքրքիր կլինի, և կառավարությունում դրան անհամբեր «սպասում են»։
Պարբերականի կարծիքով, խնդիրն այն է, որ կառավարությունը ներկայացնելու է թվեր, որոնք, մեղմ ասած, չեն բավարարի Հիմնադրամի ներկայացուցիչներին։
Հոդվածի հեղինակները գրում են, որ, ամենայն հավանականությամբ, առաքելության ղեկավարներն իրենց հրապարակային ելույթներում դրական գնահատականներ կտան, կասեն, որ մեր կառավարությունը «դիմակայում է դժվարություններին» և այլն, սակայն մասնավոր հանդիպումների ժամանակ բավական կոշտ գնահատականներ կտրվեն։
«Կարելի է չկասկածել, որ երկրի ֆինանսական համակարգին հիմնական օժանդակություն ցուցաբերող այս կառույցը կառավարությունից կպահանջի ավելացնել հարկային եկամուտները և կրճատել բյուջետային ծախսերը։ Այս խնդիրը կառավարության համար առայժմ անլուծելի է»,– նշվում է գրառման մեջ։ -0-