ՍԱՊԾ-ն խախտումներ է հայտնաբերել «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի իրացման ցանցում
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է անցկացրել «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող իրացման ցանցում, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Դիտարկման ընթացքում հայտնաբերվել են սննդամթերքի մակնշման խախտումներ: Մասնավորապես, առանց տեղեկատվական թերթիկի չփաթեթավորված հաց, առանց մակնշման վերափաթեթավորված պանիրներ, կշռածրարված հալվա, շերտավոր խմոր, հավի փափկամիս, սառեցված հավեր, կշռածրարված լոռի և չանախ պանիրներ, կարագ, խաչապուրի, առանց հայերեն մակնշման «Ջերմուկ Գրուպի» արտադրության ջերմուկ հանքային ջուր, «Էվրիկա Գրուպի» հավի և տավարի կոտլետներ, «Ֆռանգուսոլ» հավի թևիկներ, «fiduccia», «Կատկիտ» և «Սադիա» սառեցված հավ, «Ավրորա» հավի քարաճիկ, կարագ «Տուլչինկա», «Կինդեր Սյուրպրիզ» հավաքածու, «Շերիդան» և «Բաչի» կոնֆետներ, «Էկո Կաթի» չանախ պանիր, երշիկ «Բարի Սամարացի», «Գրանդ Քենդի» և «Կրասնի Օկտյաբր» կոնֆետներ:
Բացի այդ, հայտնաբերվել են թերի մակնշմամբ «Էվրիկա Գրուպի» տավարի կոտլետ, «Իգիթ» ՍՊԸ-ի արտադրության չանախ պանիր, «Գրանդ Քենդի», «Մոկկո», «Roshen», «Korivka», «Կրասնի Օկտյաբր», «Ալյոնկա», «Լինդ», «Բելիսիմո Կոնտի» ԿԳ-ով վաճառվող կոնֆետներ, «Գրոնա» և «Մանչո» թխվածքաբլիթներ, «Աֆտաբ» բուսական յուղ, «Վան Բուլանժե» շոկոլադով բուլկի, «Էվրիկա Գրուպի» պելմեններ «ավանդական» և պիցցայի խմոր, «Օտ մարտինա» չիպսեր:
Պետական ծառայությունը հայտնաբերել է նաև անընթեռնելի մակնշմամբ «Արամուս» հավի ձու, անհայտ ծագման ծխեցված ձուկ սկումբրիա, հումուս, փախլավա, հավի սառեցված մսի կտորներ, տավարի տոտեր, հավի ֆարշ, ինչպես նաև պահպանման պայմանների խախտմամբ բուսական յուղ «Սանտա Աննա» և «Էվրիկա Գրուպի» պիցայի խմոր:
ՍԱՊԾ տեսուչների կողմից, լաբորատոր փորձաքննության նպատակով, կատարվել է նաև «կորեական», «քամած մածուն սամիթով» և «ամառային սմբուկով» աղցանների նմուշառում, որոնք ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, սալմոնելա, լիֆտերիա, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, բորբոսասունկերի անթույլատրելի քանակությամբ չեն համապատասխանել ՄՄ ՏԿ 021/2011-ով սահմանված պահանջներին:
Առաջնորդվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով (ժամկետանց սննդամթերքը համարվում է վտանգավոր և ենթակա է օգտահանման կամ ոչնչացման)` վերոնշյալ վտանգավոր սննդամթերքը ՍԱՊԾ տեսուչների կողմից անմիջապես հանվել է վաճառքից և տեղում ոչնչացվել:
«Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի տնօրինության կողմից ժամանակավորապես դադարեցվել է ընկերությանը պատկանող աղցանների արտադրամասի գործունեությունը: Այնտեղ կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, փորձարկման նմուշ կուղղարկվի լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կներկայացվեն Ծառայությանը: -0-