ru24.pro
Новости по-русски
Август
2016

Վերաքննիչ դատարանը մերժեց Արամ Մանուկյանի կալանքը վերացնելու միջնորդությունը

0
Անցած ամիս Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված «Սասնա ծռեր» խմբի երիտասարդ անդամին այսօր դատարան բերեցին շտապօգնության ավտոմեքենայով՝ պատգարակին գամված։ 


22-ամյա անդամ Արամ Մանուկյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու և փոխադրելու, ինչպես նաև շենքեր և շինություններ զավթելու մեջ։ 


Մանուկյանի պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը և Հարություն Բաղդասարյանը, ովքեր դատական այս ատյանից պահանջում էին ազատ արձակել հրազենային ծանր վիրավորում ստացած և անկողնուն գամված երիտասարդին, նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, որ դատախազը չկարողացավ հիմնավորել, թե ազատության մեջ գտնվելով ինչպես նա կարող է խոչընդոտել նախաքննությանը կամ թաքնվել իրավապահներից։ 


«Ընդամենը առարկեց՝ նշելով, որ ունեն ենթադրություններ, որ Արամ Մանուկյանը կարող ա խուսափել նախաքննությունից և խոչընդոտել», - ասաց Ինեսսա Պետրոսյանը՝ հավելելով․ - «Դա ենթադրություն է, օդում կախված ենթադրություն: Որևէ փաստական տվյալով չի հիմնավորվում այդ ենթադրությունը»:


«Դատարանն իրականացրել ա էն ֆունկցիան, ինչ որ մինչև հիմա իրականացնում էր: Այսինքն  այդ ամենը, բոլորը քաղաքական ենթատեքստ ունեն, բնականաբար, պետք է մեր պաշտպանյալները մնային անազատության մեջ, ու, ըստ մեզ, որոշումը ոչ թե իրավական ա, այլ քաղաքական», - իր հերթին ասաց Հարություն Բաղդասարյանը:


Արամ Մանուկյան, փաստաբանների փոխանցմամբ, այսօր դատարանում հայտարարություն է արել:


Ինեսսա Պետրոսյան․ - «Արամ Մանուկյանը ելույթ ունեցավ դատարանում՝ նշելով, որ ամեն դեպքում ինքը առարկում է, ինքը ընդամենը այդ պահին փորձել է օգնել իր հայրիկին․․․ Այսինքն իրեն վնասազերձելու որևէ խնդիր, բնականաբար, չունեին իրավապահները՝ ակնհայտ տեսնելով, որ այդ երեխան, տեսնելով, որ հայրը արնաքամ է լինում, ընդամենը փորձել է օգնել հորը»:


ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով 60 մեղադրյալ կա: Հատուկ քննչական ծառայության հաղորդմամբ՝ նրանք մեղադրվում են շենք շինություններ զավթելու, ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու, կրելու և փոխարդելու մեջ: Ոմանք մեղադրվում են նաև պատանդ վերցնելու մեջ։


«Դա միանշանակ է, որ մեր պաշտպանյալները մեղադրանքը չեն ընդունում», - հայտարարեց Ինեսսա Պետրոսյանը:


«Մեր տեսակետից ո՛չ շենք, շինություն ա գրավված, ո՛չ էլ ապօրինի զենք ա օգտագործված: Էսօր մեր պաշտպանյալը շատ հստակ մի բան ասաց՝ հա, զենք էղել ա իմ ձեռքը, բայց էդ զենքը էնդեղ տեղից եմ ես վերցրել, չգիտեմ ոնց ա հայտնվել իմ ձեռքում: Այսինքն, մեղադրանքը, որ առաջադրված ա՝ զենքով մուտք գործել, շենք, շինություն և այլն․․․․ որևէ կերպ չի համապատասխանում էն իրականությանը կամ իրենց տվյալներին: Համենայն դեպս, մենք չունենք էդպիսի տվյալներ, որ իրանք զենքով են մտել էդտեղ», - հավելեց Բաղդասարյանը:    


Արամ Մանուկյան, ինչպես և նրա հայրն ու մյուս զինված խմբի մյուս հինգ անդամները գտնվում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում։ Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ վերաքննի չատյանի այսօրվա որոշումը բողոքարկելու են։


Վերաքննիչ դատարանն այսօր քննեց, սակայն հետաձգեց «Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանի բողոքը։ Նրա պաշտպանները ևս պահանջում են փոխել նրա խափանման միջոց կալանքը։ 


Դատական նիստը հետաձգվեց, քանի որ, պաշտպան Տիգրան Եգորյանի փոխանցմամբ, դատախազը չէր ներկայացել։ 


Նախաքննական մարմինը «Հաց բերող» անունը ստացած Սարգսյանին սկզբում մեղադրանք էր առաջադրել նույն հոդվածներով, ինչ «Սասնա ծռերին»՝ հետագայում վերաորակելով մեղադրանքը: Պաշտպանի խոսքով, հենց այս հիմնավորմամբ էլ բողոքարկել են առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այժմ Արթուր Սարգսյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ։


«Փոխվեց, որտեղ նշվեց, որ գունդը գրավելու, գունդ մտնելու գործողությանը Արթուր Սարգսյանը չի մասնակցել: Փոխարենը նրան առաջադրվեց նոր մեղադրանք՝ այդ գործողությունները կատարելուն օժանդակելու մեջ: Սա աներկբա փաստ է, որը վերացնում է այս պահին Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորման հիմքերը», - փաստարկեց Եգորյանը:


Նա փոխանցեց նաև, որ Արթոր Սարգսյանը դատարանում հայտարարություն է արել՝ հերքելով, որ ինքը ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրը զինված խմբի կազմում է եղել։


Արթուր Սարգսյանի բողոքը Վերաքննիչ դատարանը կքննի օգոստոսի 25-ին։