ru24.pro
Новости по-русски
Август
2016

Ջո Բայդենը հանդիպումներ է ունենում Արևելյան Եվրոպայի երկրներում

0
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենն առաջիկա օրերին բանակցություններ է վարելու Բալկաններում, Թուրքիայում, Բալթյան երկրներում։


Օգոստոսի 16-ի երեկոյան նա ժամանել է Սերբիա՝ բանակցելու այդ երկրի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի և վարչապետ Ալեքսանդար Վուչիչի հետ։


Օգոստոսի 18-ին Բայդենին արդեն սպասում են Պրիշտինայում, որտեղ նա հանդիպելու է Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչինին և վարչապետ Իսա Մուստաֆային։


Սպիտակ տունը չի հաղորդում, թե նա ինչ հարցեր է քննարկելու Բելգրադում և Պրիշտինայում։ Ենթադրաբար Բայդենը երկու երկրների ղեկավարներին կոչ է անելու՝ լիարժեքորեն իրականացնել 2015 թվականին Եվրամիության միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունները՝ ուղղված Սերբիայի և Կոսովոյի հարաբերությունների կարգավորմանը։


Սերբիան չի ճանաչում Կոսովոն որպես պետություն, որը 2008 թվականին միակողմանիորեն հռչակել է իր անկախությունը։


Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի փոխնախագահը լինելու է Թուրքիայում։ Ենթադրվում է, որ այստեղ քննարկվող հիմնական հարցերից մեկը կլինի նաև ԱՄՆ-ում բնակվող հոգևոր առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու հարցը, ում Անկարան մեղադրում է հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։


Այցի նախաշեմին՝ օգոստոսի 16-ին Թուրքիայի և Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել։


«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Մևլութ Չավուշօղլուն և Ջոն Քերրին անդրադարձել են Գյուլենին Թուրքիա հանձնելու հետ կապված հարցին, քննարկել են Սիրիայի իրավիճակը, մասնավորապես, Հալեպում և Մանբիջում։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Բայդենի՝ Թուրքիա կատարելիք այցին։


Թուրքիայի ղեկավարների հետ բանակցելուց հետո, օգոստոսի 23-ին ԱՄՆ-ի փոխնախագահը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հանդիպելու է մերձբալթյան երեք երկրների՝ Լիտվայի, Էստոնիայի և Լատվիայի նախագահների հետ, իսկ օգոստոսի 25-ին Ջո Բայդենը կլինի Շվեդիայում, որտեղ կավարտվի ԱՄՆ-ի փոխնախագահի եվրոպական այս այցելությունը։


Սա հավանաբար կլինի նրա պաշտոնավարման ընթացքում վերջին կարևոր այցը և հանդիպումները Եվրոպայում։