ru24.pro
Новости по-русски
Август
2016

Վրաստանի ԿԸՀ-ն չեղյալ հայտարարեց «Ցենտրիստների» գրանցումը խորհրդարանական ընտրություններին

0
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր որոշեց չեղյալ համարել «Ցենտրիստներ» կուսակցության գրանցումը խորհրդարանական ընտրություններին՝ այդպիսով արգելելով այդ բացահայտ ռուսական քարոզչություն տանող կուսակցության մասնակցությունը հոկտեմբերին կայանալիք ընտրություններին:


Անցած շաբաթավերջից Վրաստանի գրեթե բոլոր քաղաքական կուսակցություններն ու ոչ կառավարական կազմակերպությունները պահանջում են արգելել այդ կուսակցության գործունեությունը հակասահմանադրական գործողությունների համար:


Վերջին կաթիլը Վրաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Ցենտրիստների» նախընտրական հոլովակն էր: 10 վայրկյանանոց տեսանյութում կուսակցության առաջնորդներ Թեմուր Խաչիշվիլիի և Լադո Բեկուկաձեի ձայները հերթականությամբ հայտարարում են․ - «Ռուսական թոշակ բոլոր թոշակառուներին՝ 400 լարի: Կընդունենք օրենք երկքաղաքացիության մասին: Կօրինականացնենք ռուսական ռազմակայանները: Մենք կպաշտպանենք Վրաստանը»: Այս հոլովակի տեսաշարում երևում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը, ռուսական և վրացական անձնագրերը միասին, ինչպես նաև ռուսական դրոշներ կրող ռազմական տանկեր:


Նախընտրական այս հոլովակը հանրային բողոքի ալիք է բարձրացրել նաև Հանրային հեռուստաընկերության դեմ, որն առավելապես արտահայտվում է սոցցանցերում: Պետբյուջեից ֆինանսավորվող Հանրայինը բողոքների պատճառով ստիպված դադարեցրել էր հոլովակի հեռարձակումը: Չնայած ընտրական օրենսգրքով Հանրայինը պետք է անվճար եթեր տրամադրի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, սակայն կիրակի օրը Հանրայինը հայտարարեց, թե տվյալ քաղաքական հոլովակը պետության դեմ ուղերձներ է պարունակում և կարող է հակասել երկրի սահմանադրությանը:


Ընդդիմությունը խիստ քննադատեց հեռարձակած նախընտրական տեսահոլովակը: Միացյալ ազգային շարժումը հայտարարեց, որ հակապետական ակտ է, մեղադրելով նաև Բիձինա Իվանիշվիլիին Վրաստանում ռուսամետ ուժերին պաշտպանելու համար:


Իշխող «Վրացական երազանքը» հայտարարեց, թե մտադիր է դիմել սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել «Ցենտրիստների» գրանցումը ընտրություններին: «Վրացական երազանքը» հայտարարեց, թե ցենտրիստների հոլովակը ուղղված է պետության դեմ և հակասահմանադրական է:


«Ցենտրիստների» առաջնորդները Թեմուր Խաչիշվիլին և Լադո Բեդուկաձեն են: Երկուսն էլ հայտնի են բավականին սկանդալային պատմություններով:


Խաչիշվիլին 1992-93 թվականներին՝ Էդուարդ Շևարդնաձեի նախագահության ժամանակ, Վրաստանի ներքին գործերի նախարարն էր: Նա «Մխեղնիոնի» զինված խմբավորման առաջնորդն էր, որը լուծարվեց 1995 թվականին Շևարդնաձեի վրա կատարված հարձակումից հետո: Խաչիշվիլին ձերբակալվել էր ու ազատազրկման դատապարտվել ահաբեկչական գործունեություն կազմակերպելու մեղադրանքով, սակայն 2002-ին Շևարդնաձեն նրան ներում շնորհեց: Վարդերի հեղափոխությունից հետո նա ձերբակալվեց անօրինական զենք պահելու մեղադրանքով, կարճատև կալանքից հետո մեկնեց Ռուսաստան: Խաչիշվիլին Վրաստան վերադարձավ, երբ իշխանության եկավ Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» դաշինքը:


Ցենտրիստների մյուս առաջնորդը՝ Լադո Բեդուկաձեն, նախկին բանտապահ է: Բեդուկաձեն այն մարդն է, ով 2012 խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ ինտերնետով տարածեց բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն ու խոշտանգումները ցուցադրող տեսանյութերը: Դեռ այն ժամանակ քաղաքագետները գտնում էին, որ այդ տեսանյութերը որոշակի ազդեցություն թողեցին իշխանությունների հանդեպ ընտրողների վերաբերմունքի վրա: Ընտրությունների արդյունքում Սաակաշվիլիի կուսակցությունը պարտվեց, իշխանության եկավ «Վրացական երազանքը»: Ռուսաստանը Բեդուկաձեին պարգևատրել էր «Արիության համար» մեդալով: Տեսանյութերի հետ կապված քրեական գործ էր հարուցվել, Բեդուկաձեն անցնում էր այդ գործով, տեսանյութերի մի մասը նա անձամբ էր նկարահանել, բայց նա որևէ պատասխանատվության չենթարկվեց՝ նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Այդ ժամանակներից սկսած՝ Պետական պահպանության ծառայությունը ապահովում էր նրա անվտանգությունը: Այսօր Վրաստանի դատախազությունը որոշեց նրան զրկել պետական պահպանությունից: