Օլիմպիական խաղերում հաղթում են մինչեւ վերջ պայքարողները
Օլիմպիական խաղերի կարեւորության մասին գիտենք բոլորս, սակայն այս ամենն ավելի լավ զգալու համար բավական է պարզապես ներկա գտնվել մրցումներին: Այստեղ հանդիպում ես մարզիկների, ովքեր եկել են միայն հաղթելու համար:
Նրանցից շատերն, իհարկե, գիտեն, որ չեն կարող որեւէ լուրջ ցուցանիշ գրանցել կամ հավակնել մեդալների, սակայն պայքարում են մինչեւ վերջին շունչը, մոռանում են իրենց խնդիրների, վնասվածքների, մրցակցի ուժի մասին: Նրանք պարզապես տրվում են մինչեւ վերջ:
Ռիոյում այս օրերի ընթացքում ականատես եղանք ամենահայտնի մարզիկների ելույթներին: Մի բան պարզ ու հստակ է. այստեղ միայն ֆիզիկապես ուժեղ լինելը չափազանց քիչ է: Նրանք այնպես են մտնում լողավազան, կորտ, ռինգ կամ էլ գորգ, որ միանգամից զգացվում է` նա եկել է մինչեւ վերջ ու ցանկացած գնով պայքարելու համար: Նրանք չորս տարի չարչարվել են ու չեն պատրաստվում հեշտությամբ հանձնվել:
Ցավոք, մինչ այսօր մեր մարզիկների համար Օլիմպիադան մի տեսակ կողքով է անցնում: Մենք դեռ խաղերի մեկնարկից ու դրանից բավականին առաջ էլ շփվել ու ճանաչում ենք նրանց, ներկա ենք եղել մարզումներին, գիտենք խնդիրների, առավելությունների ու բացթողումների մասին: Իհարկե, սպասում էինք ավելիին, քանի որ նրանք պատրաստ էին դրան: Սակայն որ Ռիո-2016-ի մեկնարկից 10 օր հետո մենք կլինենք առանց ձեռքբերման, չէինք պատկերացնում:
Չեմ ուզում խոսել վնասվածքների, մինչ Օլիմպիադան ունեցած ինչ-որ խնդիրների կամ այլ բանի մասին: Օլիմպիական խաղերում պետք է պայքարել մինչեւ վերջ, կռվել, ինչու ոչ, նաեւ «մեռնել»: Սա ձեր ողջ կյանքի չարչարանքի արդյունքն է, պետք չէ մոռանալ տարիներով մարզադահլիճներում անցկացնելը, միայն մարզվելն ու տարբեր դժվարությունները հաղթահարելը: Պարզապես պետք է դիմանալ, հոգեպես անչափ ուժեղ լինել, չընկճվել կամ էլ, ամենացավալին, չբավարարվել միայն մասնակցելով:
Սրանք Օլիմպիական խաղեր են ու բոլորիցս շատ դուք գիտեք դրանց կարեւորության մասին: Սպասենք, մյուս հայ մարզիկների ելույթներին, դեռ մենք ունենք այնպիսի մասնակիցներ, ովքեր կարող են հաղթանակներ տանել ու մոռացնել տալ մինչ այս ունեցած անհաջողությունները:
Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
Նախագծի գործընկեր