Աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, ֆինանսական ամենամեծ բեռը մարդկանց բաժին է ընկնում 30-40-ը տարեկանում. HSBC–ի հետազոտություն
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, ֆինանսական ամենամեծ բեռը մարդկանց բաժին է ընկնում 30-40-ը տարեկան հասակում։ Այս մասին է վկայում HSBC–ի «Կենսաթոշակի անցնելու ապագան» հետազոտությունը։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ ամենամեծ ֆինանսական բեռն իրենց վրա զգում են 30-ից 49-ը տարեկան մարդիկ՝ կազմելով այն սերունդը, որը գտնվում է «երկու քարի արանքում». սերունդ, որը ֆինանսական պարտավորություն է կրում թե´ իրենից ավագ, և թե´ երիտասարդ սերնդի համար։
17 երկրում, ավելի քան 18,000 աշխատանքային տարիքի մարդկանց և կենսաթոշակառուների շրջանում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այս տարիքային խմբում գտնվող մարդկանց 69%-ը ֆինանսապես օժանդակում է հարազատներին, նույնքանը գումար են հատկացնում երկարաժամկետ խնայողությունների համար, իսկ 63%-ը վարկային վճարումներ է կատարում։
Լարվածությունը սկսում է թեթևանալ միայն 50-59 տարեկան հասակում և շատերի մոտ սկսվում է ավելի բարեկեցիկ կյանք վայելելու ժամանակաշրջանը:
Հետազոտության մեջ նշվում է, որ այսօր ֆինանսական դժվարությունները, որոնք հիմնականում բնորոշ են 30-ից 40 տարեկան՝ «երկու քարի արանքում» գտնվող սերնդի մարդկանց, հետզհետե փոխանցվում են ավելի երիտասարդ տարիքային խմբերին: 20-29 տարիքային խմբում գտնվող երիտասարդներից շատերն արդեն ստիպված են վարկեր վճարել և ֆինանսապես օգնել հարազատներին (52%):
Հետազոտության համաձայն՝ 25-29 տարեկան երիտասարդների 24%-ը համարում է, որ կյանքում ամենակարևորը ֆինանսական միջոցների խիստ վերահսկումն է։ Այս տարիքային խմբից շատերը նաև գրեթե չեն անհանգստանում իրենց հետագա կյանքի համար. նրանց 44%-ի կարծիքով՝ հեռավոր ապագան չափազանց անորոշ է ծրագրեր կազմելու համար:
HSBC Հայաստանի անհատական վարկերի պորտֆելի ուսումնասիրությունը նույնպես ցույց է տվել գրեթե նույն պատկերը։ Մասնավորապես, վարկային պրոդուկտներից օգտվող անհատների միջին տարիքը 39-ն է: 20-29 տարիքային խմբում գտնվող երիտասարդները, որոնք վարկեր ունեն կազմում են ընդհանուր պորտֆելի 20%-ը, մինչդեռ «երկու քարի արանքում» գտնվող սերնդին բաժին է ընկնում՝ 60%-ը, իսկ վարկառուների տարիքային ցանկը գլխավորում են 30-39 տարեկանների խումբը (35%):
Ինչպես նշված է HSBC-ի «Կենսաթոշակի անցնելու ապագան» զեկույցում, HSBC Բանկ Հայաստանի տվյալներով նմանապես, վարկառուների քանակը պակասում է տարիքը բարձրանալուն զուգընթաց՝ մարդիկ ավելի մեծ դժվարությամբ են ֆինանսական բեռ վերցնում իրենց վրա, երբ հասնում են 50-70-ի:
«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցված է 1995 թվականի սեպտեմբերի 25-ից: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի 70 տոկոսը, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է:–0–