Այսօր Հայաստանի հավաքականից Ռիոյում հանդես կգա 7 մարզիկ
Առավոտյան մրցահերթում ելույթ են ունենալու աթլետները: Երեւանի ժամանակով ժամը 16:30-ից Օլիմպիական ստադիոնում որակավորման փուլում պայքարը սկսելու են Լեւոն Աղասյանը (եռացատկ), Դիանա Խուբեսերյանը եւ Գայանե Չիլոյանը (200 մ վազք):
Հունահռոմեական ոճի ըմբիշներից Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) պայքարը սկսելու է որակավորման փուլից: Ժամը 17:00-ից նա գոտեմարտելու է հունգարացի Վիկտոր Լորինցի հետ:
Մինչեւ 52 կգ քաշային կարգի բռնցքամարտի մրցումներում Նարեկ Աբգարյանն անցկացնելու է երկրորդ մենամարտը: Նրա մրցակիցը չինացի Ջիանգուան Հուն է: Այս մենամարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 01:00-ին:
Այսօր հայ մարզասերներին իսկապես հագեցած օր է սպասվում: Արդեն երեկոյան հարթակ է դուրս գալու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Նրա ելույթը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 02:00-ին: Հայ մարզիկներից վերջինը հանդես կգա Լիլիթ Հարությունյանը (արգելավազք, 04:00):
Նախագծի գործընկեր