ԿԽՄԿ–ն բանակցում է Ադրբեջանի հետ ադրբեջանական տարածք անցած ՀՀ քաղաքացու հարցով
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն բանակցություններ է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ ՀՀ քաղաքացու կողմից հայ–ադրբեջանական սահմանը հատելու հարցով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հիմա միջադեպի կապակցությամբ բանակցություններ ենք վարում Ադրբեջանի իշխանությունների հետ` միջազգային նորմերին համապատասխան։ Շարունակում ենք աշխատանքը, սակայն դեռ չենք կարող տրամադրել լրացուցիչ տեղեկություն», – հայտարարեց Ամատունին։
Նա ավելացրեց, որ ԿԽՄԿ–ն չի կարող հերքել կամ հաստատել ՀՀ քաղաքացու անձի և նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը։
Շաբաթ օրը ԶԼՄ–ներում տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ հայ–ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացին Այգեպատ գյուղի բնակիչ, 1954 թ.–ին ծնված Հենրիխ Աղեկյանն է։
Նա, ամենայն հավանականությամբ, հատել է սահմանը օգոստոսի 7–ին։ Նրա հարազատներն ավելի վաղ տեղեկացրել էին նրա անհետացման մասին։
Որոշ տվյալներով` նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում ևս փորձել է հատել հայ–ադրբեջանական սահմանը, սակայն այդ փորձը կանխվել է։ –0–