Վնասվածքաբեր Օլիմպիադա. 4 հայ մարզիկներ դուրս են մնացել պայքարից
Սակայն Հայաստանի օլիմպիական թիմն «առաջատար» է վնասվածքների թվով: Անսպասելի ու ցավալի վնասվածքները չեն դադարում հետապնդել մեր մարզիկներին:
Mediamax Sport-ը ներկայացնում է Ռիոյում պայքարը կիսատ թողած հայ օլիմպիականների մասին:
Անդրանիկ Կարապետյան
Օգոստոսի 11-ին Ռիոկենտրոնի ծանրամարտի ողջ մարզադահլիճը միահամուռ կերպով ոտքի կանգնեց ու բարձր հոգոց հանեց: Հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ Անդրանիկ Կարապետյանն անհաջող բարձրացրեց ծանրաձողն ու սարսափելի վնասվածք ստացավ:
Հաշված ժամերի ընթացքում մարզիկի մասին գրեցին աշխարհի շատ առաջատար լրատվամիջոցներ: Անգամ ղազախ մարզիկի օլիմպիական ռեկորդը ոչինչ էր դրա համեմատ: Բոլորն անհանգստացած էին ծանրորդի առողջությամբ:
[[gallery1]]
Անդրանիկին միանգամից տեղափոխեցին հիվանդանոց, պարզվեց արմունկն է դուրս ընկել: Մեկ օր անց մարզիկն արդեն Օլիմպիական ավանում էր, իր պես հանգիստ ու բարի ժպիտով:
Ավելի տխուր ու հուսահատված դժվար էր պատկերացնել հայկական պատվիրակությանը: Բոլորի քննարկման ու խոսակցության առարկան միայն Անդրանիկն էր: Նա այնքան մոտ էր օլիմպիական մեդալին ու անգամ մեկ մոտեցումն ամեն ինչ կորոշեր, սակայն Անդրանիկի ժամանակը դեռ կգա: 20-ամյա ծանրորդը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել իր ուժն ու ամեն ինչ հաղթահարելու կամքը:
Վլադիմիր Մարգարյան
Իզուր չէ, որ բռնցքամարտն ամենավնասվածքաբեր մարզաձեւերի թվում է: Մրցակցի հետ ցանկացած կոնտակտ կարող է ճակատագրական լինել մարզիկի համար:
[[gallery2]]
Այդպիսին էր նաեւ բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանի երկրորդ ելույթն Օլիմպիական խաղերում: Բարեբախտաբար նրա առողջությանը ոչինչ չի սպառնում, սակայն սպորտային երազանքն այդպես էլ անկատար մնաց:
Զգացնել տվեց դեռ առաջին մենամարտի ժամանակ ստացած հոնքի վնասվածքը: Մրցավարը դադարեցրեց մենամարտը, թեեւ անգամ այդպես Մարգարյանը պատրաստ էր շարունակել դիմակայությունը: Սակայն սպորտն էլ իր կանոններն ունի:
Առաքել Միրզոյան
Օլիմպիական խաղերում ելույթն ավարտին հասցնել չհաջողվեց նաեւ ծանրորդ Առաքել Միրզոյանին:
[[gallery3]]
Մարզիկը միայն պոկում վարժության մեկ մոտեցում կարողացավ օգտագործել: Արդյունքում պարզվեց նա ոտնաթաթի վնասված է ստացել ու հրաժարվեց հետագա մասնակցությունից:
Իր երկրորդ Օլիմպիական խաղերում էլ (առաջինի ժամանակ 2012-ին լոնդոնյան խաղերում Միրզոյանը 0 էր ստացել) անմասն մնաց մեդալային պայքարից:
Մոնիկա Վասիլյան
[[gallery4]]
Եթե հավաքականի տղաները հենց մրցելույթի ժամանակ են ստիպված եղել դադարեցնել մասնակցությունը, ապա լողորդուհին անգամ չի էլ կարողացել Օլիմպիական խաղերում նորամուտը նշել:
Վասիլյանը դեռ մարզումների ժամանակ է վնասել աջ ձեռքն ու զրկվել խաղերին մասնակցելու հնարավորությունից:
Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Նախագծի գործընկեր