Սերժ Սարգսյան. Ղարաբաղյան կարգավորման սկզբունքներն անփոփոխ են
Այս մասին ՀՀ նախագահը հայտարարել է Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքներով:
«Իհարկե, այստեղ շատ եւ շատ կարեւոր է, որպեսզի իրականացվեն ձեռքբերված պայմանավորվածությունները: Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է ՀՀ նախագահը:
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում նրա «անձնական մեծ ներդրման համար»:
«Դեռեւս երկու տարի առաջ Սոչիում մենք մանրամասն քննարկել ենք այս բարդ խնդրի լուծման հիմնական սկզբունքներն ու մոտեցումները: Այդ սկզբունքներն անփոփոխ են: Նման հակամարտությունը անհնար է լուծել` հղում կատարելով հետեւանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը: Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար: Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է: Խնդրի լուծումը այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է: Հենց դրա մասին էլ այսօր մենք մանրամասն զրուցել ենք ՌԴ նախագահի հետ»,- հավելել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ բոլոր այն փորձերը, որոնց արդյունքում կարող են խախտվել ուժերի հավասարակշռությունը, առաջանալ հաղթողներ ու պարտվողներ, դատապարտված են ձախողման եւ նոր լարվածության:
«Պետք է բոլորը շահեն իրատեսական, հստակ եւ իրագործվող որոշումների արդյունքում, որոնց հիմքում փոխադարձ հարգանքն ու վստահությունն է, այլ ոչ թե ատելությունն ու այլատյացությունը»,- հավելել է Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով տնտեսական ոլորտում համագործակցությանը՝ ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում աճել է գրեթե 90%-ով՝ «հասնելով իր պատմական առավելագույնին կիսամյակի ընթացքում»: Սերժ Սարգսյանն ընդգծել է նաեւ, որ վեց ամսվա ընթացքում երկկողմ առեւտրաշրջանառությունն աճել է 12%-ով: