Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով խաղողի այգիներում մեծացել է օիդիում իտարածման վտանգը
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով խաղողի այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը, զգուշացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը։
«Հիվանդության տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել սնկասպան որևէ պատրաստուկով», – նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Բույսերի պաշտպանության միջոցառումներն անհրաժեշտ է իրականացնել վաղ առավոտյան և երեկոյան ժամերին: Հարկավոր է հնարավորության սահմաններում ավելացնել ջրումները և դրանց նորմաները, ապահովել բույսերի համար անհրաժեշտ խոնավության քանակությունը: Խորհուրդ է տրվում ջրումները հիմնականում կատարել երեկոյան և գիշերային ժամերին։
«Բանջարանոցներում, պտղատու և խաղողի այգիներում մշակության ու բերքահավաքի աշխատանքները հարկավոր է իրականացնել առավոտյան և երեկոյան ժամերին, հավաքած բերքը պահպանել ստվերում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության մարզերում ընթացքի մեջ է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:–0–