ru24.pro
Новости по-русски
Август
2016

«Սյունյաց ավանդույթներ» փառատոնի շրջանակում կներկայացվեն Հայաստանի հարավի բացառիկ բարիքները

0

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքները կմասնակցեն Գորիսում կայանալիք «Սյունյաց ավանդույթներ» փառատոնին:

«Փառատոնն ավանդաբար կանցկացվի օգոստոսի 12-ին: Միջոցառումը շատ հետաքրքիր է լինելու», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Սյունյաց ավանդույթներ» փառատոնի մասնակիցները կկարողանան մասնակցել օղու թորմանը, դոշաբի և դոլմայի պատրաստման վարպետության դասերին, Սյունյաց աշխարհին բնորոշ հատուկ կերակրատեսակների և ուտեստների համտես-վաճառքին:

Նա ընդգծեց, որ, մասնակցելով փառատոնին` Հայաստանի բնակիչները և հյուրերը ոչ միայն հաճելի ժամանակ կանցկացնեն ընտանիքի և մտերիմների միջավայրում, այլև կնպաստեն հայկական համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, հայրենական տուրիստական արդյունքի բազմազանեցմանը, տարածաշրջանային տնտեսական հավասարաչափ զարգացմանը, ինչպես նաև համայնքներում ավանդույթների պահպանմանը:

«Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն իր հերթին նշեց, որ Սյունիքի փառատոնը Հայաստանի քաղաքացիների համար երկրի ներսում լավ հանգստանալու հիանալի հնարավորություն է:

«Մեր փառատոնները հիմնականում նպաստում են համայնքների զարգացմանը և հանրաճանաչությանը:  Այս միջոցառման նպատակն է ներկայացնել Սյունիքի ավանդույթները», - ընդգծեց Մանուկյանը` ավելացնելով, որ փառատոնին ներկայացվելու է Սյունիքի գրեթե բոլոր համայնքների բերքն ու բարիքը:   

Նրա խոսքով, փառատոնին կմասնակցեն պարային համույթներ և Գորիսի թատերախմբերը, որպես հյուր հրավիրված է հանրաճանաչ երգիչ:

Միջոցառումը կազմակերպվել է «Արենի փառատոն» հիմնադրամի կողմից` Գորիսի քաղաքապետարանի հետ համատեղ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

Փառատոնն առաջին անգամ կազմակեպվել է 2014թ.-ի Գորիսում: -0-