ru24.pro
Новости по-русски
Август
2016

Օր 3-րդ. Խաղերի բացումն ու անհավանական համեղ բրազիլական պիցցան

0

Մենք վերջապես Ռիոյում ենք ու ցանկանում ենք վայելել ամեն վայրկյանը: Քաղաքը հսկայական է իր բազմաշերտ բնակչությամբ, գեղեցիկ բնությամբ, յուրահատուկ թաղամասերով, բարի եւ ժպտերես մարդկանցով:

 

Սակայն մարզիկների ելույթները համատեղել քաղաքի տեսարժան վայրերն այցելելու հետ այդքան էլ հեշտ չէ: Օգոստոսի 5-ին հաջողվեց լինել քաղաքի կենտրոնում, բացման արարողությանը Հայաստանի մարզական լրագրողների թիմը միասին գնաց՝ քայլելով:

 

Կարիոկաները, ինչպես հաճախ անվանում են բրազիլացիներին, ապրում են իրենց կյանքով ու բնավ էլ չեն խառնվում օլիմպիական թոհուբոհին: Քաղաքում չեք հանդիպի որեւէ ցուցանակի կամ Օլիմպիական խաղերի առկայության մասին հուշող պաստառի:

[[gallery1]]

Ռիոն ապրում է իր բնականոն կյանքով, ամեն ինչ այնպես է, ինչպես բրազիլական սերիալներում՝ մարդիկ զբոսնում են ընտանիքներով, փոքրիկ բացօթյա սրճարաններում զրուցում, բանավիճում, գարեջուր խմում կամ պարզապես պարում ու սպորտով զբաղվում: Այն շատ սպորտային քաղաք է, ամենուր վազող, մարզվող մարդիկ են. սպորտը կենսակերպի բաղկացուցիչ մասն է:

 

Սակայն ամեն դեպքում պետք է զգույշ լինել ու չհայտնվել վտանգավոր թաղամասերում, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ամեն ինչ լավ կավարտվի:

[[gallery2]]

 

Բայց մինչ մեր վերջնանպատակին հասնելը որոշում ենք նախ ճաշել, ու Բրազիլայում բնակվող մեր հայրենակցի խորհրդով այցելում ենք պիցցերիա: Այն յուրահատուկ է ու համեղ բոլոր առումներով:

 

Նախ սեղանին չեն հայտնվում պատվիրված պիցցաները, պարզապես մատուցողները մոտենում են բոլոր սեղաններին ու առաջարկում իրենց ողջ տեսականին, ընտրությունը ձերն է, ինչ ուտել: Իսկ ուտելու, իսկապես, շատ բան կա:

 

Բազմազանությունն ու համը հիացնում են բոլորիս՝ ծովամթերքով, երշիկների ու պանիրների անհավանական տեսականիով պիցցաներ: Ընդ որում բրազիլական պիցցան աչքի է ընկնում պանրի առատությամբ: Կան հատուկ պիցցաներ քաղցրակերների համար՝ կոկոսով, շոկոլադով, M&M's-ով:

[[gallery3]]

Գայթակղությանը դիմանալը շատ դժվար է, ու մեր ափսեներում մեկը մյուսի հետեւից հայտնվում են նորանոր պիցցաներ: Իսկ  վերջում ձեզ որպես բոնուս սպասվում է համեղագույն պաղպաղակ: Չմոռանաք այն անպայման համտեսել:

 

Ռիոյի կենտրոնում հայկական շունչը, կատակներն ու բարձր ծիծաղը վարակում է բոլորին:

[[gallery4]]

Սակայն Օլիմպիական խաղերի բացումն է մեզ սպասում: Շարժվում ենք առաջ, քաղաքի յուրահատկություններով հիանալով ու մարդկանց մեծ հերթերը հաղթահարելուց հետո մենք վերջապես ստադիոնում ենք:

 

Ասել, որ «Մարականան» հսկայական է, նշանակում է ոչինչ չասել: Կես ժամից ավելի միայն ստադիոնի շուրջն ենք պտտվում մեր մուտքը գտնելու համար: Իսկ ներսում անհավանական մթնոլորտ ու անկառավարելի հույզեր են…

 

Եվ ահա վերջապես մենք այստեղ ենք, Ռիոյի ու Օլիմպիական խաղերի կենտրոնում, վայելում ենք երեկոն, պարում ու հիանում մեր թիմով:

[[gallery5]]

 

Սակայն պետք է վերադառնալ Մեդիա ավան, որտեղ մենք հանգրվանել ենք խաղերի ընթացքում: Ավելի քան  2 ժամ քաղաքի մի ծայրից հասնում ենք մյուսը, գիշերվա 3:30-ն է, դեռ աշխատելու ենք: Ամեն ինչ ավարտելուց հետո քնելուն հատկացված մի քանի ժամ ունենք, փորձում ենք հանգստանալ ու պատրաստվել հաջորդ օրվան:

 

Գոհար նալբանդյան, Հասմիկ Բաբայան


Նախագծի գործընկեր