ՄԱԿ-ն ու Impact Hub-ը գործարկել են #Accelerate2030 հարթակը
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) եւ Impact Hub-ի միասնական ջանքերով գործարկվել է #Accelerate2030 հարթակը, որի նպատակն է աջակցել եւ օժանդակել աշխարհում առավել խոստումնալից հանրօգուտ նախաձեռնություններին, որոնք ուղղված են Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացմանը:
Հինգ ձեռներեց, որոնք ընտրվելու են Impact Hub-ի գլոբալ ցանցի աջակցության միջոցով, հնարավորություն են ունենալու մասնակցել 2016թ. հոկտեմբերի 6-ին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում կայանալիք Սոցիալական նպատակների գագաթաժողովի բացման արարողությանը:
Միջոցառման ընթացքում ձեռներեցները կցուցադրեն իրենց նորարարությունը եւ կբացահայտեն իրենց առաջարկած լուծումների ընդլայնման եւ տարածման հնարավորություններ: Նրանք կապ կհաստատեն հանրօգուտ ներդնողների, միջազգային կազմակերպությունների եւ կառավարությունների ներկայացուցիչների, համաշխարհային մատակարարման շղթայի փորձագետների եւ գործընկեր ձեռներեցների դինամիկ էկոհամակարգի հետ՝ բոլորն էլ պատրաստակամ լինելով աջակցելու նորարարական գաղափարներին, որոնք կարագացնեն ԿԶՆ-ներին հասնելու գործընթացը:
#Accelerate2030-ին մասնակցելու համար ձեռներեցների գործունեությունը պետք է ուղղված լինի մեկ կամ մի քանի Կայուն զարգացման նպատակների հետ առնչվող լուծումներին։ Անդամակցությունը Impact Hub-ին պարտադիր պայման չէ, սակայն ձեռներեցներն իրենց դիմումները պետք է ներկայացնեն իրենց երկրում գտնվող Impact Hub-ի միջոցով:
«#Accelerate2030-ի նպատակն է հզորացնել հանրօգուտ նորարարներին եւ ձեռներեցներին, ովքեր նպատակաուղղված են մեր ժամանակների սոցիալական եւ բնապահպանական ամենամեծ խնդիրների լուծմանը: Ժնեւի Սոցիալական նպատակների գագաթաժողովը բացառիկ հնարավորություն է այս ձեռներեցների համար` տեսնելու, ծանոթանալու, ինչպես նաեւ բացահայտելու լայն հնարավորություններ եւ հաստատելու ռազմավարական հարաբերություններ միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ժնեւի զարգացման եւ ֆինանսական համայնքի հետ»,- ասել է Impact Hub-ի #Accelerate2030-ի համահիմնադիր եւ ղեկավար Ալեքսանդրա Սանտու Բոթհյուսը:
#Accelerate2030-ի դիմումները կընդունվեն Impact Hub Երեւանի կողմից մինչեւ օգոստոսի 25-ը: Տեղական ընտրության վերջին փուլը տեղի կունենա Երեւանում սեպտեմբերի 5-ին, որի ժամանակ կիսաեզրափակիչ դուրս եկած թեկնածուներն իրենց գաղափարները կներկայացնեն ազգային ժյուրիին։ Յուրաքանչյուր երկրից առաջադրված լավագույն երեք նախագծերը կքննարկվեն միջազգային ժյուրիի կողմից, որն էլ կընտրի լավագույն հինգին՝ մասնակցելու Ժնեւում կայանալիք Սոցիալական նպատակների գագաթաժողովին:
«Հանրօգուտ ձեռներեցները շատ կարեւոր դեր են խաղում ԿԶՆ-ներին հասնելու գործընթացում, քանի որ հաճախ նրանք շատ լավ հասկանում են իրենց տեղական համայնքների հրատապ սոցիալական կարիքները: ՄԱԶԾ-ի Սոցիալական ձեռնարկությունների ծրագիրը, որը մենք մեկնարկում ենք, ուղղված է աջակցելու նրանց աշխատանքին եւ ընդլայնելու «հանրօգուտ ազդեցության էկոհամակարգը»: Այս առումով, ՄԱԶԾ-ի եւ Impact Hub-ի համատեղ նախաձեռնությունը՝ #Accelerate2030-ն, իսկապես ողջունելի է»,- նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:
Ի լրումն Ժնեւում հյուրընկալվելիք միջոցառմանը, տեղական մակարդակով առաջադրված նախաձեռնությունների հեղինակները կստանան հրավեր մասնակցելու 2017թ. մարտին Երեւանում ՄԱԶԾ-ի եւ INSEAD Social Entrepreneurship Initiative-ի կողմից կազմակերպվող «Հանրօգուտ ներդրումներ եւ զարգացման միջազգային կազմակերպություններ» (IIIDO) համաժողովին: IIIDO-ն կենտրոնանալու է հանրօգուտ ներդրումների հնարավորությունների, մեխանիզմների եւ խթանման գործընթացում զարգացման կազմակերպությունների ունեցած դերի վրա: Այս միջոցառումը ձեռներեցներին կտա հնարավորություն՝ իրենց հիմնական առաքելության մաս կազմող եւ ԿԶՆ-երին ուղղված իրենց ծրագրերը ներկայացնելու ինչպես հանրօգուտ ներդնողներին, այնպես էլ զարգացման կազմակերպություններին։
#Accelerate2030-ի առաջին միջոցառման ազգային մասնակից Impact Hub-երն են՝ Սան Պաուլո (Բրազիլիա), Կարակաս (Վենեսուելա), Բոգոտա (Կոլումբիա), Աքրա (Գանա), Բամակո (Մալի), Խարթում (Սուդան), Երեւան (Հայաստան), Մոսկվա (Ռուսաստան), Մանիլա (Ֆիլիպիններ) եւ Կուալա Լումպուր (Մալայզիա):