«Սասնա ծռերի» որոշ անդամների խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում. ՄԻՊ
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հերքել է «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանին և Սեդրակ Նազարյանին խոշտանգումների ենթարկելու մասին լուրերը։
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը և Սեդրակ Նազարյանը ենթարկվել են խոշտանգման։ Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ խոչընդոտվում է Ա․ Լամբարյանի փաստաբանի մուտքը նրա մոտ և որ փաստաբանը չի կարողանում ներգրավվել քրեական վարույթին։ Լամբարյանին և Նազարյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել նաև զանգվածային լրատվության միջոցներում։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, հաղորդում ստանալուց անմիջապես հետո՝ այսօր ժամը 20-ի սահմաններում աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Տեղի են ունեցել առանձին հանդիպումներ ինչպես Արմեն Լամբարյանի, այնպես էլ Սեդրակ Նազարյանի հետ, կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ»,– նշվում է ՄԻՊ–ի գրասենյակից ստացված հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ մանրամասն ուսումնասիրությունների, ինչպես նաև առանձնազրույցների ընթացքում Լամբարյանին կամ Նազարյանին խոշտանգման կամ որևէ այլ տեսակի վատ վերաբերմունքի ենթարկելու մասին տեղեկությունները չեն հաստատվել:
«Բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ նշված անձանց կողմից որևէ բողոք չի ներկայացվել։ Ինչ վերաբերում է փաստաբանի մուտքին կամ նրան վարույթին չներգրավելուն, ապա այդ հարցն արդեն քննարկվել է փաստաբանի հետ և այն պարզելու նպատակով վաղն առավոտյան համապատասխան գրություն կուղարկվի նախաքննության մարմնին», – նշվում է հայտարարության մեջ։
Լամբարյանը վիրավորվել և հոսպիտալացվել էր հուլիսի 29–ին, իսկ Նազարյանը կրծքավանդակի շրջանում ստացված հրազենային վիրավորումով հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 31–ին։
Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։
Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել է ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում եղել են վիրավորներ: -0-