Օր երկրորդ. Օլիմպիական ավանն ու հայ մարզիկների հետ հանդիպումը
Առավոտյան բրազիլական անչափ համեղ մրգերը վայելելուց հետո շտապեցինք լրագրողների համար նախատեսված ավան: Այն նույնպես գտնվում է Բարրայում, ինչպես մի շարք մարզական կառույցներն ու Օլիմպիական ավանը, բայց քիչ ավելի հեռու: Տեղաշարժվելու խնդիր չկա, ավտոբուսներն ամենուր են ու հնարավորինս արագ հասցնում են մրցման վայր:
Տեղավորում ենք մեր իրերն ու շտապում մեդիա կենտրոն: Այստեղ հավաքվել են աշխարհի ամենատարբեր երկրների լրագրողները, ովքեր փորձում են արագ ու հետաքրքիր նյութեր մատուցել ընթերցողներին:
Վերցնում ենք խաղերի բացման արարողության տոմսերը, վաղը բոլորս ենք շտապելու «Մարականա»:
Մեր հաջորդ կանգառը մարզիկների ավանն է: Այստեղ հանդիպում ես ամենատարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներին, բոլորն ուրախ են, շփվում են միմյանց հետ, կատակում: ՀԱՕԿ-ի պատվիրակության անդամներից Գագիկ Բոլշիկյանն է մեզ դիմավորում, ցույց տալիս մեր թիմի շենքն ու շտապում օդանավակայան: Հայաստանից կրկին մարդիկ են ժամանում:
Բոլոր կառույցները զարդարված են ազգային դրոշներով, որոշ մարզիկներ վազում են, հեծանիվ քշում, մարզվում: Ահա եւ Հայաստանի եռագույնը… Հանդիպում ենք մեր պատվիրակության անդամներին, ովքեր պարապմունքներից հետո փորձում են վերականգնվել: Նրանց մրցելույթներին քիչ ժամանակ է մնացել, բոլորն էլ ձգտելու են հնարավորինս լավ հանդես գալ:
Վաղը մեզ հագեցած ու հետաքիքիր օր է սպասվում: Կփորձենք կրկին փոխանցել Ռիոյի Օլիմպիական շունչը:
Ռիոյից` Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
Նախագծի գործընկեր