ru24.pro
Новости по-русски
Август
2016

Գլխավոր դատախազը հրաժարական է տվել

0
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը անսպասելիորեն հրաժարական է տվել՝ իր քայլը պատճառաբանելով առողջական խնդիրներով։


Գլխավոր դատախազության կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, Կոստանյանն իր հրաժարականի մասին հայտնել է Դատախազությունում տեղի ունեցած Կոլեգիայի նիստի ընթացքում՝ նշելով, թե նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է իրեն աշխատանքից ազատելու դիմումը։ Կոստանյանն այսօրվանից վայր է դնում իր լիազորությունները։


Գլխավոր դատախազն ընտրվում է 6 տարի ժամկետով՝ խորհրդարանի կողմից։ Գևորգ Կոստանյանը պաշտոնավարեց միայն ժամկետի կեսը՝ 3 տարի։ Նա գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել էր 2013 թվականի հոկտեմբերի 1-ին։ Կոստանյանի թեկնածությունը Ազգային ժողով էր ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանը:


Կոստանյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արդարադատության նախարարությունում, եղել է Սերժ Սարգսյանի օգնականը, ղեկավարել է Կոռուպցիայի դեմ մոնիտորինգի հանձնաժողովը։ Նա հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց բանակում գրանցված սպանություններից և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործից հետո․ նա էր իրականացնում այս գործի քննության վերահսկողությունը։


Մամուլում արդեն քննարկվում են Կոստանյանի հավանական փոխարինողների անունները, մասնավորապես՝ «Հրապարակի» տեղեկություններով դիտարկվում է նախագահի օգնական Հրայր Ղուկասյանի թեկնածությունը, մյուս հավանական թեկնածուն, ըստ օրաթերթի, վերջերս Կոստանյանի տեղակալ նշանակված Արթուր Դավթյանն է։


Քանի որ նոր սահմանադրության համապատասխան դրույթը դեռ ուժի մեջ չի մտել, նոր գլխավոր դատախազն ընտրվելու է հին Սահմանադրությամբ․ նրա թեկնածությունը առաջարկելու է նախագահը, ընտրելու է Ազգային ժողովը։