ԱՆ. հիվանդանոցներում բուժումը շարունակում է Երևանի ՊՊԾ գնդի մոտակայքում անկարգություններից տուժած 17 անձ
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Երևանի բժշկական հաստատություններում բուժումը շարունակում է Խորենացի փողոցում և Սարի թաղում նախորդ շաբաթ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած 17 անձ, հաղորդում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը:
«Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ դիմածներից դուրս է գրվել ևս 5 տուժած։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 17 անձ, որից 3-ը` ոստիկան, 2-ը` լրագրող», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետևանքով հիվանդանոցային բուժումը շարունակում է 25 անձ, որից 6-ը` ոստիկան, 2-ը` լրագրող, 3-ը` զինյալ խմբից։ Վերակենդանացման բաժանմունքներում են հինգը։
Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։
Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել են ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կան վիրավորներ: -0-