ru24.pro
Новости по-русски
Август
2016

Կապի խոշոր օպերատորների վճարած հարկերը նվազել են

0

ՀՀ կապի երեք օպերատորները՝ Beeline-ը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ Ucom-ը (ս.թ. մայիսից «Օրանժ Արմենիա»-ն գործում է Ucom բրենդի ներքո), 2016թ. 1-ին կիսամյակում ընդհանուր առմամբ պետական բյուջե են վճարել 14,1 մլրդ դրամի հարկ, ինչը շուրջ 3,4%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն Beeline ապրանքանիշը ներկայացնող «Արմենիա տելեֆոն կոմպանի»-ն է, որը զբաղեցնում է ցուցակի 7-րդ տեղը (2015թ. 1-ին կիսամյակում 5-րդ տեղում էր): Ընկերությունը 2016թ. հունվար-հունիս ամիսներին պետբյուջե է վճարել 5,9 մլրդ դրամի հարկ, ինչը 23,6%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «Ղ-Տելեկոմ»-ն է՝ 4,8 մլրդ դրամ հարկերի ծավալով: Չնայած ընկերության վճարած հարկերն աճել են 11,7%-ով, այն ընդհանուր հարկատուների ցուցակում զիջել է իր դիրքը՝ 9-րդից դառնալով 13-րդը:

Խոշորագույն հարկատուների ցուցակում են նաեւ Ucom եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունները (համապատասխանաբար՝ 21-րդ եւ 73-րդ): Վերջինս ապրիլից արդեն գործում է Ucom բրենդի ներքո, եւ հաջորդ ամսվանից՝ մայիսից սկսած՝ նրանց հարկերը ներկայացված են միավորված: Երկու ընկերություններն ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել 3,35 մլրդ դրամ հարկ, այն դեպքում, երբ 2015թ. առաջին կիսամյակում այն կազմում էր 2,5 մլրդ դրամ («Օրանժ Արմենիա»՝ 1,8 մլրդ եւ «Յուքոմ»՝ 745,6 մլն):

1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել են նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ ԱԼՖԱ» (164-րդ տեղ, 351,8 մլն դրամ) եւ «Արմենիան դեյթաքոմ քամփնի» (781-րդ տեղ, 63,6 մլն դրամ) ընկերությունները: 

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2016թ. հունվար-հունիս ամիսներին պետբյուջե են վճարել շուրջ 346,7 մլրդ դրամի հարկ, ինչը մոտ 6,7%-ով գերազանցում է նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածի ցուցանիշը: