Երևանում ՊՊԾ գնդի շենքը գրավելու քրեական գործի շրջանակում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ. ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016 թ.-ի հուլիսի 17-ին ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ ՔՕ 219-րդ (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՔՕ 218-րդ (պատանդ վերցնելը), 219-րդ և 235-րդ հոդվածներով:
Բացի այդ, նշվում է, որ օգոստոսի 1-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելու վերաբերյալ:
Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։
Հուլիսի 31-ին զինված խումբը զենքը վայր է դրել և հանձնվել իշխանություններին: Այս ընթացքում զոհվել են ոստիկանության երկու աշխատակից: Զինված խմբի անդամների և իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում կան վիրավորներ: -0-