ru24.pro
Новости по-русски
Июнь
2016

ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 15-ամյակին նվիրված միջոցառմանը

0
ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 15-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 15-ամյակին նվիրված միջոցառմանը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 15-ամյակին նվիրված միջոցառմանը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ 

Շնորհավորելով համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և շրջանավարտներին գործունեության 15-ամյա հոբելյանի առթիվ՝ վարչապետը նշել է, որ բարձրագույն կրթության եվրոպական չափանիշների ներդրմամբ՝ Ֆրանսիական համալսարանը նոր որակ և շունչ է հաղորդել հայ-ֆրանսիական համագործակցությանը:

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի ու կրթության և գիտության նախարարությունների համագործակցության շնորհիվ համալսարանը դարձել է հայ-ֆրանսիական գործընկերության յուրօրինակ փարոս:

«Մեր երկրի բուհական համակարգում վաղուց իր ուրույն տեղն ու բարձր վարկանիշն ունեցող Ֆրանսիական համալսարանի կարևոր առանձնահատկությունն է Հայաստանի ու Ֆրանսիայի կրթական համակարգերի տարիների ընթացքում կուտակած փորձի համադրումը: 15-ամյա գործունեության արդյունքում համալսարանը կառավարման, մարքեթինգի, ֆինանսների և իրավագիտության բնագավառներում դիպլոմներ է շնորհել շուրջ 1500 շրջանավարտի»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ այսօր Ֆրանսիական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներն իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, ակտիվ ներգրավված են մեր պետականության ամրապնդման, տնտեսության հզորացման, բարձր արժեքային համակարգ ունեցող քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:

Վարչապետը նշել է, որ այս ցուցանիշները հանդիսանում են համալսարանի մանկավարժական և վարչական անձնակազմի նվիրված աշխատանքի, Հայաստանի ու Ֆրանսիայի իշխանությունների, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի շարունակական աջակցության, ինչպես նաև համալսարանի գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության արդյունք:

Մեկ անգամ ևս շնորհավորելով համալսարանի ողջ անձնակազմին և ուսանողներին՝ Հովիկ Աբրահամյանը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում։

Բարձրագույն կրթության ֆրանսիական և եվրոպական կրթական չափորոշիչների հայաստանյան տեղայնացման, մասնագիտական կրթության ոլորտի ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև համալսարանի հիմնադրման 15-ամյա հոբելյանի կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստին:

ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգևատրվել նաև Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ, հումանիտար գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժակ Կոմբը:–0–