ՀՀ եւ Արգենտինայի ԿԲ նախագահները քննարկել են գործակցության հեռանկարները
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնել են ԿԲ-ում, հունիսի 22-ին կայացած հանդիպման ընթացքում Արթուր Ջավադյանը ներկայացրել է ՀՀ ֆինանսական համակարգի ներկա վիճակը, խոսել վերջինիս ցուցանիշների մասին:
Նրա խոսքով՝ ՀՀ ԿԲ-ն միշտ խրախուսել է օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա՝ գիտակցելով շուկայի մասնակիցների եւ արտերկրյա գործընկերների միջեւ փոխգործակցության կարեւորությունը:
Արթուր Ջավադյանը հույս է հայտնել, որ Արգենտինայի Ազգային բանկի պատվիրակության այցն առիթ կծառայի արդյունավետ գործակցության մեկնարկի համար եւ կնպաստի երկրների տնտեսությունների միջեւ շահավետ հարաբերությունների ամրապնդմանը:
Կառլոս Մելքոնյանն էլ գոհունակություն է հայտնել արգենտինացի գործարարների կողմից ՀՀ-ում կատարված ներդրումների առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս նպաստել երկու երկրների ֆինանսական ոլորտների միջեւ կապերի ամրապնդմանը, ներդրումների ներգրավմանը, ինչպես նաեւ արտերկրում Հայաստանի ներկայացմանը:
Արգենտինայի Ազգային բանկի նախագահին ավելի վաղ ընդունել էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: