Երևանում հանդիպել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարները
Այսօր Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը:
Նալբանդյանն իր գործընկերոջն է ներկայացրել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթնաժողովի արդյունքները։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցերին։