Տնտեսվարողների մոտ ստուգումների իրականացման ժամկետը երկարաձգվել է
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխել է տնտեսվարողների մոտ ստուգումների իրականացման ժամկետը՝ հուլիսի 1-ի փոխարեն որպես վերջնաժամկետ սահմանելով դեկտեմբերի 31-ը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ ժամկետի ավելացումը պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելու եւ վերջիններիս աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Որոշման համաձայն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումների կիրականացնի հանրային սննդի կազմակերպման, մսամթերքի, կաթնամթերքի, կրեմային հրուշակեղենի, ոչ կենդանական ծագման մթերքների, խոհարարական, ինչպես նաեւ ձկնամթերքի արտադրության ոլորտներում:
«Իսկ օրենքով սահմանված պետական մարմինների կողմից ստուգումները կարող են իրականացվել պետական կառավարչական հիմնարկներում, ՊՈԱԿ-ներում, հարյուր տոկոս պետական կամ համայնքային բաժնեմասով ՓԲԸ-ներում, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում, տնտեսավարող սուբյեկտների գրավոր դիմումի հիման վրա, մանկապարտեզներում եւ դպրոցներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ իրականացվող ստուգումների, հանրային անվտանգության, անձանց իրավունքների, կյանքի եւ առողջության պաշտպանության, պետության պաշտպանության, անվտանգության ապահովման դեպքերում՝ միայն ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ»,- նշել է Դավիթ Հարությունյանը: