«Օլանդին քիչ ժամանակ է մնացել խոստումը կատարելու համար»
Հիշատակի արարողությանը ներկա էին ֆրանսիացի եւ ֆրանսահայ պաշտոնյաներ` Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը, ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը, Արա Թորանյանը, այլ բարձրաստիճան հյուրեր եւ հայտնի դեմքեր։
Ներկաների առջեւ առաջինը խոսեց Մուրադ Փափազյանը.
«Եթե մեզ ինչ-որ մեկն ասեր, որ 2016 թ-ին Թուրքիան Հայոց ցեղասպանությունը դեռեւս ճանաչած չի լինելու, չէինք հավատա, բայց ահա այսօր սա է պատկերը։ Չէինք հավատա, քանզի գիտենք, որ մարդն ընդունակ է առաջընթաց ապրելու եւ խաղաղությանն ու արդարությանն ուղղված քայլեր անելու»։
«Որպես Ֆրանսիայի քաղաքացի չենք հանդուրժի, որ Ֆրանսիան մեջքը ծռի իր խոսքը թելադրող Թուրքիայի առջեւ, չենք հանդուրժի, որ Եվրոպական Միությունը 6 միլիարդ եվրոյի վարկ տրամադրի Թուրքիային։ Չենք կարող հանդուրժել այն, որ Թուրքիայի հետ հարաբերություններում մարդու իրավունքի հարցն առաջնային չէ։ Անհանդուրժելի է մեզ համար Թուրքիայի հետ «բարեկամ-բարեկամ» խաղը»,- շեշտեց ֆրանսահայ գործիչը։
Նա ծափողջույների ներքո հայտարարեց, որ Ֆրանսիան պետք է կրկին Ֆրանսիա դառնա, իսկ այդպիսին կդառնա, միայն եթե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացվող օրենքն ընդունելու քաջություն ունենա։ «Ֆրանսիան նաեւ պիտի վերագտնի իր իսկական կերպարը Լեռնային Ղարաբաղի հարցում, որի շուրջ էլ այսօր համախմբված է ողջ հայությունը»,- ասաց նա։ Պարոն Փափազյանը հիշեցրեց Ֆրանսուա Օլանդին, որ իրեն քիչ ժամանակ է մնացել խոստումը կատարելու համար։
Արա Թորանյանն էլ իր հերթին շեշտեց, որ այսօր հայ ժողովուրդը ծանր օրեր է ապրում եւ որ չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի։
Փարիզի քաղաքապետի միջազգային հարցերով տեղակալ Պատրիկ Կլուգմանն իր խոսքում նշեց, որ Փարիզը մշտապես հայերի կողքին է, եւ չնայած իրենք միջազգային քաղաքականությամբ չեն զբաղվում, այնուամենայնիվ, չեն կարող հանդուրժել մարդու իրավունքների խախտումն ու անարդարությունը։
«Մարդիկ, ովքեր նպաստել են, որ ֆրանսիացիներն ազատ եւ ֆրանսիացի մնան. ահա ովքեր են հայերը»,- իր խոսքն ամփոփեց ֆրանսիացի գործիչը։
Ցեղասպանության 101-րդ տարելիցի միջոցառման սկզբում պետական գործիչները ծաղկեպսակներ դրեցին Կոմիտասի արձանի առջեւ, իսկ ելույթներից հետո հոծ բազմությունը հիշատակի եւ արդարության երթ սկսեց դեպի Ելիսեյան դաշտեր` Փարիզի ամենամեծ պողոտան։
Նշենք, որ նման խոշոր ցույցեր կազմակերպվել են Ֆրանսիայի բազում քաղաքներում եւ մարզերում։
Էլլադա Ղուկասյան-Բարսեղյան
Փարիզում Մեդիամաքս-ի սեփական թղթակից
Լուսանկարները՝ հեղինակի