ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Գյուղնախը հաշվել է ծիրանի բերքի կորուստները

0

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2016թ. կանխատեսում է 45-55 հազ. տոննա ծիրանի բերք: Համեմատության համար նշենք, որ 2015թ. տվյալներով` այն կազմել է 116 հազ. տոննա:

Նախարարությունում նշել են, որ կանխատեսումը հիմնված է մարտ ամսվա ցրտահարությունից տուժած համայնքներում մասնագետների կատարած ուսումնասիրությունների արդյունքների վրա:

«Ցածր ջերմաստիճանից հիմնականում վնասներ են գրանցվել Արմավիրի եւ Արարատի մարզերում, որտեղ տուժել է ծիրանենու բերքը: Մարզի Արմավիրի եւ Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում բերքի կորուստը կազմել է 50-80%, իսկ որոշ համայնքներում` նույնիսկ ավելին»,- նշվում է հաղորդագրությունում:

Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում ծիրանի բերքի կորուստը գնահատվում է 20-40%, Արտաշատի տարածաշրջանում` 40-70%, Մասիսի տարածաշրջանում` 40-50%, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից առանձին համայնքներում` 60-90%: Բերքի որոշակի կորուստներ կան նաեւ Վայոց ձորի մարզի 2-3 համայնքներում:

Մյուս կողմից, նախարարությունում նշել են, որ պտղաթափը կարող է նաեւ դրական ազդեցություն ունենալ:

«Ծառերի թույլ ծանրաբեռնվածության դեպքում ձեւավորվում են անհամեմատ ավելի խոշոր եւ բարձրորակ պտուղներ, որի շնորհիվ բարձրանում է ապրանքայնության մակարդակը, եւ զգալիորեն մեղմվում են կորուստները»,- հայտնել են գյուղնախարարությունում: