Արցախի հյուսիսն ու հարավը՝ ապահով ձեռքերում
Մեդիամաքսի թղթակիցը վերադարձել է Արցախի առաջնագծի հյուսիսային եւ հարավային ուղղությունների այն թեժ կետերից, որտեղից ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է մղվել:
Արցախի հարավային ուղղությունից շարժվում ենք առաջին գիծ: Ճանապարհի մեծ մասը նոր է. մեքենաների համար հատուկ խրամուղիներ են փորվել, որոնք առավել անվտանգ են դարձնում առաջին գիծ տանող ճանապարհը:
Հարավային ուղղության դիրքերից մեկում ենք, որտեղ ապրիլյան պատերազմի առաջին օրերին հատուկ ջոկատայինների, հրամկազմի ու զինվորների համատեղ ջանքերով կասեցվել է հակառակորդի հարձակումը: Հենց այս դիրքից տղաներին հաջողվել է կանխել թշնամու առաջխաղացումն ու մեծ կորուստներով հետ մղել՝ ընդհանուր առմամբ խոցելով թշնամու 1 հետեւակի մեքենա եւ 6 տանկ, որից 5-ն ու ՀՄՄ-ն՝ շարքային Մարատ Պետրոսյանի շնորհիվ, իսկ մեկ տանկը՝ Հայկ Մելքումյանի:
Այս տարածքից տեսանելի է հակառակորդի նոր դիրքավորումը՝ Լալա Լեգե բարձունքը, որն Ադրբեջանի համար ապրիլյան պատերազմի «ամենամեծ նվաճումներից» մեկն է:
Գնդապետ Արարատ Մելքումյանը մատնացույց է անում հակառակորդի նոր դիրքավորումն ու նշում.
«Յուրաքանչյուր պահի մենք կարող ենք հետ վերցնել այդ տարածքը: Այստեղից որքան դեպի արեւմուտք ենք շարժվում, այնքան ավելի բարձր դիրքում ենք, քան հակառակորդը, որին հաջողվել է այս պահին վերցնել այդ բարձունքը»,- ասում է գնդապետն ու հավելում,- «Խոսքն ընդամենը 270 մետր բարձրություն ունեցող Լալա Լեգեի մասին է, որն էական ռազմավարական նշանակության չունի»:
[[gallery1]]
Մեր զրուցակիցը ցույց է տալիս հակառակորդի կողմից դիտարկվող տարածքն ու ճանապարհը, որտեղ արդեն իսկ 95 տոկոսով ավարտին են հասցվել ինժեներական աշխատանքները՝ թիկունքի ապահովման տեսանկյունից տարածքը դարձնելով անվտանգ ու պաշտպանված:
«Այն հատվածները, որոնք որոշ չափով տեսանելի էին դարձել հակառակորդի համար, արդեն իսկ կահավորված են համապատասխան անվտանգություն ապահովելու համար, նոր ճանապարհներ են բացվել, հատուկ երկրորդ եւ երրորդ խրամուղիներ ու փոս-ճանապարհներ փորվել»,- նշում է Արարատ Մելքումյանն ու վստահեցնում, որ «առաջնագծում կանգնած թե հրամկազմը, թե հատուկ նշանակության խմբերն ու շարքային զինվորները պատրաստ են ամեն պահի ետ մղել հակառակորդին՝ կանխելով ցանկացած ոտնձգություն»:
Առաջնագծի հյուսիսային հատվածում ենք: Հակառակորդն այստեղ դուրս է եկել մեզ դեմ առ դեմ (Թալիշի ուղղությամբ)՝ ինքն իր համար ստեղծելով վտանգավոր դրություն՝ դիմացից եւ երկու կողմից հայտնվելով հայկական զորքերի անմիջական նշանառության ներքո: Կրակի կառավարման ու խոցման տեսանկյունից այստեղ եւս գերակա բարձրունքները հայկական կողմինն են: Սահմանապահները վստահեցնում են՝ «եթե հակառակորդը նախապես գիտակցեր, որ հենց այդտեղ իր առաջխաղացումը կկասեցվի, նման քայլի չէր դիմի՝ իրեն անպաշտպան թիրախ դարձնելով հայկական հրետանու համար»:
Առաջնագծի հյուսիսային ուղղությամբ նույնպես լայնածավալ ինժեներական աշխատանքներ են կատարվել եւ դեռ շարունակվում են:
[[gallery2]]
Գումարտակի հրամանատար, մայոր Մարկ Գրիգորյանը պատմում է, որ կրակի դադարեցման պայմանավորվածությունից ի վեր առաջնագծում դեռեւս հարաբերական հանգիստ է. «Հայկական կողմը վստահորեն իրականացնում է իր առջեւ դրված մարտական խնդիրը»,- ասում է մեր զրուցակիցն ու նկատում․ «Ապրիլյան պատերազմից Ադրբեջանը միայն մի բան շահեց՝ իր մեծաթիվ զոհերին»:
Կամավորական խմբերից բացի առաջնագծի զինվորի կողքին մոր պես կանգնած է զորամասի բուժքույրը՝ Լորա Ավանեսյանը, ով ապրիլի լույս 2-ի գիշերվանից չի լքել իր դիրքն ու զինվորներին:
[[gallery3]]
«Մեր անդորրը խախտվեց, բայց զորքը կայուն մնաց. ոչ ոք խուճապի չմատնվեց, բոլորը շարունակեցին ամուր կանգնած մնալ դիրքում ու կատարել իրենց պարտքը: Ամենավատ լուրն անձնակազմից մի քանի տղաների կորուստն էր. այդ պահից ի վեր ավելի վստահ էի՝ ես այստեղ պետք եմ տղաներին»,- պատում է տիկին Լորան ու նշում, որ տանն իրեն 15 տարեկան որդին է սպասում։ «Վստահ եմ, այն, ինչ հետո պատմելու եմ նրան այս պատերազմից, լրացուցիչ ազդակ է դառնալու, որ որդիս ձգտի լինել Հայրենիքին նվիրված խիզախ զինվոր, ինչպիսինն այսօր դիրքերում կանգնած մեր անվախ ու քաջ տղաներն են»,-եզրափակում է նա:
Սիրանուշ Եղիազարյան