Հայաստանի զարգացման հիմնադրամը նոր ղեկավար ունի
ՀՀ վարչապետ, Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանին:
Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արման Խաչատրյանին՝ համատեղ աշխատանքի եւ անցած տարիների ընթացքում կատարած ծավալուն գործունեության համար եւ նշել, որ որեւէ դժգոհություն չունի նրա աշխատանքից:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Արման Խաչատրյանն իր հետագա գործունեությունը կշարունակի ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնում:
Անդրադառնալով հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին՝ վարչապետը նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ Կարեն Մկրտիչեանն ունի հարուստ աշխատանքային փորձ:
«Ես Կարեն Մկրտիչեանին եմ ներկայացրել իմ տեսլականն ու ծրագրերը, որոնք պետք է իրականացնի հիմնադրամը: Համոզված եմ, որ նա իր գիտելիքներն ու փորձն առավելագույնս կներդնի՝ հիմնադրամի գործունեությունն էլ ավելի արդյունավետ դարձնելու եւ մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար: Հիմնադրամի գործունեության ոլորտում ունենք լուրջ անելիքներ եւ համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք արձանագրել լուրջ արդյունքներ»,- ասել է վարչապետը:
Արման Խաչատրյանը իր հերթին նշել է, որ հիմնադրամի աշխատակազմն այս ընթացքում փորձել է ներդնել առավելագույն ջանքերը՝ իր առջեւ դրված խնդիրներն ու նպատակները կյանքի կոչելու համար, իսկ Կարեն Մկրտիչեանը համոզմունք է հայտնել, որ միասնական աշխատանքով կկարողանան հստակ նպատակներ սահմանել հիմնադրամի համար եւ արդյունավետ գործունեություն ծավալել:
