ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Աղամալյան. Եթե մրցաշարը Թուրքիայում չլիներ, 4 ուղեգիր չէինք նվաճի

0

Ռիո-2016-ում մեր երկիրը ներկայացնելու են Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ) եւ Վլադիմիր Մարգարյանը (59 կգ):

«Լարվածությունն անչափ մեծ էր, քանի որ ուղեգիր նվաճելու մեր վերջին հնարավորությունն էր: Գիտեք, որ վերջին վարկանշային մրցաշարը կայանալու է Բաքվում, ուր 99 տոկոսով չենք մեկնի: Սա էլ մեր պատերազմն էր, որը հաղթեցինք ու նվիրեցինք այս օրերին զոհված տղաների հիշատակին: Պետք է խոստովանեմ, որ հսկայական աշխատանք էինք տարել, ես տեսնում էի, որ տղաները պատրաստ են ու կարող են հաղթանակներ տանել: Սակայն եթե մրցաշարը Թուրքիայում չլիներ, միգուցե այսքան ուղեգիր չկարողանայինք բերել»,- խոստովանել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Մարզիչը գոհ է բոլոր տղաներից, ովքեր արել են ամեն ինչ, որպեսզի հաղթանակներ տոնեն: Հովհաննես Բաչկովի վերջին մենամարտում նա պետք է ուղեգիր նվաճեր, սակայն «ռինգի իռլանդացի մրցավարը սխալ գործեց: Ես ճանաչում եմ նրան, շատ լավ մասնագետ է, բայց երբ առանց որեւէ պատճառի միավոր տվեց Հովհաննեսի մրցակցին, հասկացա, որ սա պատվեր է: Այլապես, մենք կունենայինք 5-րդ ուղեգիրը»:

Աղամալյանը նշել է, որ այս ամենն արդեն անցյալում է, պետք է մոռանալ ամեն ինչ ու պատրաստվել Օլիմպիական խաղերին:

«Պետք է կրկին լարենք բոլոր ուժերն ու ձգտենք առավելագույնին: Ես այս տղաներին վստահում եմ ու հավատում եմ, որ Օլիմպիադայում եւս լավ ելույթներ են ունենալու»,- եզրափակել է նա: