Հայաստանից ադամանդների արտահանման ծավալը 2015 թ.–ին կրճատվել է 40 տոկոսով
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանից ադամանդների արտահանման ծավալը 2015 թ.–ին կրճատվել է 40,3 տոկոսով` 160,1 հազար կարատից հասնելով 95,5 հազար կարատի։ Այս մասին վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները։
Վիճակագրական տվյալներով` 2015 թ.–ի ընթացքում արտահանված ադամանդների մաքսային արժեքը կազմել է 67,4 մլն դոլար` 2014 թ.–ին գրանցված 117,8 մլն դոլարի համեմատ։
2015 թ.–ի ընթացքում Հայաստանից արտահանված ադամանդների հիմնական մասնաբաժինը բաժին է հասնում Բելգիային, ՌԴ–ին և ՄԱԷ–ին` մոտ 63,2 տոկոս։
Միաժամանակ Ռուսաստան և Բելգիա արտահանվող ադամանդների ծավալը նախորդ տարի կրճատվել է, ՄԱԷ արտահանվող ադամանդների ծավալն` ավելացել։ Այսպես, Ռուսաստան ադամանդների մատակարարման ծավալը 2015 թ.–ին կազմել է 5,6 մլն դոլարի մոտ 14,6 հազար կարատ` 2014 թ.–ին գրանցված 35,4 մլն դոլարի 68,9 հազար կարատի համեմատ։ Բելգիա է արտահանվել 31,1 մլն դոլարի 20 հազար կարատ` նախորդ տարի արտահանված 42,6 մլն դոլարի 51,5 հազար կարատի։
Հայաստանից ՄԱԷ ադամանդների արտահանման ծավալը 2015 թ.–ին ավելացել է` 9,9 հազար կարատից (2,7 մլն դոլար) հասնելով 25,8 հազար կարատի (2,6 մլն դոլար)։
ԱՎԾ–ի տվյալներով` 2015 թ.–ի ընթացքում ադամանդների արտադրությունը Հայաստանում ավելացել է 36,2 տոկոսով` հասնելով 81,3 հազար կարատի։
Միաժամանակ 2015 թ.–ին Հայաստանից արտահանվել են 43,6 հազար կարատ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր (մաքսային արժեքը` 1,3 մլն դոլար)` 2014 թ.–ին արտահանված 90,5 հազար կարատի համեմատ (մաքսային արժեքը` 2,2 մլն դոլար)։
Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում 7,4 անգամ կրճատվել է ոսկերչական իրերի արտահանման ծավալը` 6 տոննայից (18,7 մլն դոլար) հասնելով 823,8 կգ–ի (23,5 մլն դոլար)։ Միաժամանակ, ոսկերչական իրերի արտադրությունը 2015 թ.–ին ավելացել է 61 տոկոսով` հասնելով մոտ 18 086,6 մլն դրամի։
ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանից 2015 թ.–ին իրականացված արտահանման համախառն ծավալը կազմել է մոտ 1 486,9 մլն դոլար` կրճատվելով 3,9 տոկոսով։ –0–