ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

Շարմազանով. «Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անկախ հայրենիքում»

0
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Լեհաստանի Պոզնան քաղաքում հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկու և Սեյմի նախագահ Մարեկ Կուչինսկու հետ:


Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի աշխատակազմի փոխանցմամբ, Շարմազանովը նախագահներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից ապրիլի 1-ից 4-ը սանձազերծված ռազմական ագրեսիայի մանրամասները:


Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված վայրագություններն ամբողջությամբ հիշեցնում են ԴԱԻՇ-ի գործելաոճը. մասնավորապես, երեխայի սպանությունը, դիակների անդամահատումները, գլխատումները, ինչպես նաև քաղաքացիական անձանց սպանություններն իրենց տներում:


«Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անկախ, ազատ ու անվտանգ հայրենիքում, ինչպես Լեհաստանի ու մյուս պետությունների ժողովուրդները», - իր խոսքում նշել է Շարմազանովը:


Նա հավելել է, որ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալն անթույլատրելի է, և Թուրքիան, փակելով Հայաստանի հետ սահմանները, փաստացի շրջափակման մեջ է պահում Հայաստանը:


Շարմազանովը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ Հայաստանը ԵՄ-ի հետ կունենա համագործակցության հաստատված համաձայնագիր:


Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը հորդորել է լեհական կողմին դատապարտել Ադրբեջանի կողմից սանձազերծված ահաբեկչությունը և միջազգային ատյաններում հնչեցնել հասցեական քննադատություն, քանի որ, ըստ Շարմազանովւ, ակնհայտ է այն փաստը, որ Ղարաբաղի հետ շփման գծում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհեր ունենալու մեղքի ողջ պատասխանատվությունն ընկած է Ադրբեջանի ներկայիս հանցավոր իշխանության ուսերին:


Խորհրդարանի փոխնախագահը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմն ամբողջությամբ մերժում է խնդրի կարգավորման բանակցային գործընթացը թե՛ Մինսկի խմբի, և թե՛ մյուս բոլոր ձևաչափերով:


Խոսելով լեհ-հայկական երկկողմ և բազմակողմ հարաբերությունների մասին՝ խորհրդարանի երկու պալատների նախագահները վստահեցրել են, որ հատկապես միջազգային հարթակներում Հայաստանն ունի լեհական կողմի մեծ աջակցությունը: Այդ աջակցության շարունակման, արդյունավետ ու համակարգված աշխատանքի ապահովման համար քննարկվել են համատեղ աշխատանքների իրականացման ձևաչափեր: