ՀԲ-ն իջեցրել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը
Համաշխարհային բանկը վերանայել է 2016թ. Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումը` 2,2%-ից այն իջեցնելով 1,9%-ի:
Այս մասին ասված է ՀԲ-ի՝ նախօրեին հրապարակած «Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա. աճի պայքար Արևմուտքում, տատանումների աճ Արևելքում» զեկույցում:
Իր որոշումը ՀԲ-ը պայմանավորել է արտաքին պայմանների շարունակական թուլացմամբ, ինչպես նաեւ ՀՀ հարկաբյուջետային քաղաքականության խստացմամբ:
Զեկույցի հեղինակներն ակնկալում են, որ համաշխարհային տնտեսության ու հիմնական մետաղների գների վերականգնմանը զուգահեռ ՀՀ տնտեսական աճը միջնաժամկետում կսկսի արագանալ, սակայն չի գերազանցի 3%-ը: ՀԲ-ի կանխատեսմամբ` 2017թ. եւ 2018թ. ՀՀ տնտեսական աճը կկազմի համապատասխանաբար 2,8% եւ 2,9%:
Բացի այդ, հեղինակները կարծում են, որ ՀՀ պետբյուջեի պակասուրդը 2016թ. կշարունակի մնալ բարձր (ՀՆԱ-ի 3,9%-ի չափով)` չնայած հարկաբյուջետային քաղաքականության խստացմանը` եկամուտների ավելացման եւ ծախսերի կրճատման հաշվին:
Ինչ վերաբերում է աղքատության կրճատմանն ու եկամուտների ավելացմանը, ապա այս հարցում 2017-2018 թթ. էական տեղաշարժ չի ակնկալվում:
«Եթե անգամ գյուղատնտեսության ոլորտը շարունակի աճել, իսկ տրանսֆերտների մակարդակը վերականգնվի, առանց գործարար միջավայրում եւ աշխատանքի շուկայի էական բարեփոխումների` աղքատության կրճատումը հնարավոր է միայն աստիճանական կարգով (2018թ.`23,8%)»,- նշում են ՀԲ-ում:
Զեկույցի հեղինակների կարծիքով` 2016թ. օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագնի ժամանակավոր սուբսիդավորման դադարեցումը բացասաբար կանդրադառնա աղքատ ընտանիքների վրա, որոնց ընտանեկան բյուջեում էլեկտրաէներգիայի ծախսը կազմում է ավելի քան 5%:
Միաժամանակ, ՀԲ վերլուծաբանները գտնում են, որ ՀՀ տնտեսությունը խոցելի է մի շարք զգալի ռիսկերի նկատմամբ, որոնց պայմաններում կայուն աճի ապահովումը լուրջ մարտահրավեր է երկրի համար:
«Արտաքին միջավայրի վատթարացումը, մասնավորապես, Ռուսաստանի տնտեսական ճգնաժամի խորացումը եւ հիմնական մետաղների գների դանդաղ վերականգնումը լուրջ խոչընդոտներ են ՀՀ տնտեսության զարգացման եւ աշխատատեղերի ավելացման համար»,- նշվում է զեկույցում:
Համեմատության համար նշենք, որ 2016թ. ՀՀ պետբյուջեի հիմքում դրվել է տնտեսական աճի 2,2%-ի կանխատեսումը: Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար կանխատեսում է 2.25-2.5%, Moody’s-ը` 2,2%, իսկ Fitch-ը` 2% տնտեսական աճ: