Երուսաղեմի հայերը կբողոքեն Բաքվին իսրայելական զենքի վաճառքի դեմ
Այս մասին Մեդիամաքսին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն Բաղդասարյանը:
Նրա փոխանցմամբ՝ հավաքի նախաձեռնությունը Երուսաղեմի միացյալ հանձնախմբինն է, որը միավորում է Իսրայելում գործող հայկական միություններն ու Երուսաղմի Հայոց պատրիարքարանը:
«Մենք հետեւում ենք Արցախում տիրող իրավիճակին եւ որոշել ենք այսօր խաղաղ հավաք անցկացնել՝ մեր համերաշխությունն ու զորակցությունը հայտնելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, որը վերջին օրերին ենթարկվել է Ադրբեջանի զինված ուժերի մեծամասշտաբ հարձակումներին»,- ասել է Հայոց պատրիարքարանի դիվանապետը:
Խաղաղ հավաքը տեղի կունենա այսօր՝ ժամը 20:00-ին, Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ:
Ապրիլի 14-ին էլ Երուսաղեմի հայերը ցույց կկազմակերպեն Իսրայելի արտաքին գործերի նախարարության մոտ՝ բողոքելու Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի առնչությամբ:
«Վերջին օրերին մենք տեղեկացանք, որ Արցախում Ադրբեջանը խաղաղ բնակչության դեմ օգտագործում է Իսրայելից գնված զենքը: Այս փաստը մեզ չի կարող չմտահոգել, եւ մենք պատրտաստվում ենք մեր բողոքը հայտնել Իսրայելի ԱԳՆ-ին»,- ասել է Հայր Կորյուն Բաղդասարյանը:
Նա տեղեկացրել է, որ հայ համայնքը քաղաքային իշխանություններից արդեն ստացել է ցույցը կազմակերպելու արտոնություն: