Ղարաբաղում «լռության ժամանակահատվածի» պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստեփանակերտի և Բաքվի միջև. ԼՂՀ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղում «լռության ժամանակահատվածի» պայմանավորվածություն է ձեռք բերվել Ստեփանակերտի և Բաքվի միջև, հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը:
«Լռության ժամանակահատվածը հաստատվել է ժամը 15:00—ց մինչև 20:00-ն` զոհված զինծառայողների դիակների որոնման և տեղափոխման նպատակով: Սարգսյանի խոսքով, պայմանավորվածությունը ձեռք է բերվել Կաչմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ:
Երևանում ԿԽՄԿ ներկայացուցչության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է, որ ԿԽՄԿ-ն երկխոսություն է վարում` պարզելու համար անհետ կորած հայ զինծառայողների ճակատագիրը: «Չեզոք միջնորդի շրջանակում մենք հակամարտության բոլոր կողմերի հետ շարունակում ենք երկխոսությունն ու քննարկումն այս հարցի շուրջ», - նշել է Ամատունին:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։
Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 7 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 44 զոհ, մոտ 122–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 21–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–