ru24.pro
Новости по-русски
Апрель
2016

ՀՀ նախագահ. Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց ոչ հովանավորը

0

«Ես երբեւէ չեմ ասել, որ Ռուսաստանը մեր հովանավորն է, որ որեւէ երկիր եղել կամ կարող է լինել մեր հովանավորը: Եվ Ռուսաստանը երբեւէ Հայաստանի համար չի խաղացել այնպիսի դեր, ինչպիսին Թուրքիան խաղում է Ադրբեջանի համար»,- Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահը:

«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց դրա հետ մեկտեղ մենք միշտ բաց կերպով ասում ենք, որ դեմ ենք ռուսական զենքի վաճառքին Ադրբեջանին», - նշել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումն անսպասելի չէր:

«Ադրբեջանը մեծ կորուստներ է կրել: Բացի այս, Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը զանգահարել է հայկական ԶՈՒ գլխավոր շտաբի պետին եւ տեղեկացրել, որ ադրբեջանցիները համաձայն են Մոսկվայում հանդիպել հայկական կողմի հետ այս առիթով: Եղել է նաեւ միջազգային հանրության աջակցությունը», - ասել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը նկատել է, որ հայկական կողմն արել է հնարավոր ամեն ինչ՝ հերթական արյունահեղությունը կանխելու համար:

«Մենք ահազանգում էինք համապատասխան կառույցներին այն մասին, թե ինչի կհանգեցնի սա, թե ինչ զարգացումներ կլինեն: Մենք առաջարկում էինք ստեղծել շփման գծի ամբողջ երկայնքով միջադեպերի հետաքննության մեխանիզմ, որպեսզի հստակ արձանագրվի, թե ով է բախումների նախաձեռնողը», - նշել է ՀՀ առաջնորդը:

Նա ներկայացրել է այն պատճառները, թե ինչու մինչեւ հիմա Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ նշելով, որ հայկական կողմը դեռեւս չի գնում այդ քայլին, որպեսզի էլ ավելի չբարդացնի իրավիճակը: