ru24.pro
Новости по-русски
Декабрь
2015

Գալուստ Սահակյան. «2015-ին արժանապատվորեն դիմակայեցինք փորձություններին»

0
Անցնող տարին փորձության տարի էր ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի համար, քաղաքական ու տնտեսական, խաղաղության ու ոգու փորձության տարի: Այդ մասին ասված է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ամանորյա շնորհավորական ուղերձում։


«Մենք արժանապատվորեն դիմակայեցինք այդ փորձություններին՝ դժվարությունները ընդունելով որպես գոտեպնդվելու, ավելի համախմբվելու և ավելի ակտիվ աշխատելու խթան: Դիմակայեցինք, ցավոք, նաև մեր խաղաղությունը պաշտպանող և անվտանգությունն ապահովող զինվորների կյանքի գնով: Նրանք ապրողներիս պարտավորեցնում են ավելի հանդուրժող ու բարյացկամ լինել միմյանց հանդեպ, ավելի հոգատար ու սրտացավ` հայրենիքի նկատմամբ, և այդ ամենն ամրապնդել նոր ձեռքբերումներով ու հաղթանակներով», - իր ուղերձում գրել է Ազգային ժողովի նախագահը։


«2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով վերստին փաստեցինք, որ արցունքը և ցավը հիշողությանն ի պահ տված՝ մենք ձգտել ու հասել ենք, հասնում ենք ու հասնելու ենք այնպիսի արդյունքի, որը հաղթանակաբեր է մեզ և արցունքաբեր նրանց համար, ովքեր փորձում են ցավ ու վերք պատճառել մեզ», - Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում։


«2016 թվականին լրանում է մեր անկախ պետականության 25-ամյակը: Հայաստանի խորհրդարանը կանգնած է այդ գործընթացի ակունքներում: Իսկ անցնող տարում խորհրդարանը` ի դեմս Ազգային ժողովի, վճռորոշ մասնակիցը դարձավ պետության կյանքում առանցքային ևս մեկ գործընթացի` Սահմանադրության փոփոխություններին: Հայաստանն անցնում է պետության կառավարման խորհրդարանական մոդելի», - նշում է Գալուստ Սահակյանը՝ շարունակելով. - «2016 թվականը նախընտրական տարի է: Ընտրություններին նախորդող ժամանակաշրջանը ենթադրում է քաղաքական գործիչների ու ընտրողների ավելի ակտիվ երկխոսություն: Չափազանց կարևոր ու անհրաժեշտ է, որ այն օգտակար ու արդյունավետ լինի պետության ու հասարակության համար»:


«Ոտք դնելով հերթական տարվա տիրույթ՝ մենք չպետք է մոռանանք, որ անկախությունը նվաճել ենք թանկ գնով, և այսօր մեր պարտքն է ակտիվորեն շարունակելու միջազգային ավելի մեծ կշիռ ունեցող, զարգացած պետության կառուցումը, որտեղ բարեկեցիկ ապրեն ու աշխատեն թե՛ այսօր, թե՛ վաղը: Դա լավագույն հարգանքի տուրքն է նրանց, ովքեր կերտեցին անկախությունը, ովքեր զոհվեցին հանուն դրա», - ասված է Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում։