ru24.pro
Новости по-русски
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
30
31

2024-ի Մեդիամաքսի լավագույն հրապարակումները` մարդկանց մասին

0

2024 թվականին Մեդիամաքսը, ինչպես միշտ, ուշադրության կենտրոնում էր պահում մարդուն: Ներկայացնում ենք այն հրապարակումները, որոնք Մեդիամաքսի խմբագրական խորհրդի կարծիքով, լավագույնն էին ավարտվող տարում:

«Երեւի գնաց, որ եղբորը պահի». Սամվելն ու Արսենը մնացին կորսված Արցախի բարձունքում

Փոքրիկ սենյակի բոլոր պատերին լուսանկարներ են: Դրանցից ներս մտնողին են նայում երկու խիստ, բայց լուսավոր հայացքներ՝ Սամվելն ու Արսենն են, երիտասարդ պայմանագրային զինծառայողներ, որ այդպես էլ չիջան Արցախի դիրքերից:

Անկյունում տեղակայված սեղանի վրա նրանց իրերն են, որ մայրը՝ Ալլա Ստեփանյանը, խնամքով դասավորել է Արցախի դրոշի եւ որդիների նկարների ներքո: Պարբերաբար մոտենում է, նորից ուղղում, որ ամեն ինչ կոկիկ ու ճշգրիտ լինի՝ այնպես, ինչպես սովոր են զինվորականների ընտանիքում:

«44-օրյա պատերազմում տունը կորցրինք, բայց որդիներս կողքիս էին, իսկ հիմա՝ ամեն կերպ դատարկություն է»:

Այլեւս չթաքնվող Մերին եւ երազանքին չխանգարող հաշմանդամությունը

Մերին պատմել է, որ մարդկանց տարօրինակ հայացքներն ավելի հաճախ նկատել է դպրոցն ավարտելուց հետո, երբ կրթությունը շարունակելու համար սկսել է «գյուղից դուրս գալ», Գյումրի գնալ։

«Մինչ այդ երեխաները շատ էին հարցնում, «ի՞նչ է մեջքիդ վրա, ինչո՞ւ է, չես կարող հանե՞լ», հետո տարօրինակ հարցեր սկսեցին մեծերը տալ։ Տհաճ մեկնաբանություններ շատ եմ լսել, նախկին աշխատավայրերից մեկում գործընկերս իր ծանոթ տղաներին հորդորեց չուշանալ ամուսնանալու տարիքից, վերջում էլ ասաց՝ «տարիքներդ կանցնի, վերջում կամուսնանաք Մերիի նմանի հետ»։ Նեղվեցի, բայց ձայն չհանեցի։ Մի անգամ էլ, երբ հարցրեցին՝ «եթե ամուսնանաս, կկարողանա՞ս երեխա ունենալ», ժպիտով պատասխանեցի՝ «ինչու չէ, պետք է փորձել»։ Նախկինում նման հարցերից շատ կնեղվեի, հիմա՝ ոչ»,- պատմել է նա։

Ամալյա Շահումյան․ 50 տարի այցելուներին պատմելով Մատենադարանի գանձերի մասին

«Մատենադարանը շատ հետաքրքիր մի հատկանիշ ունի՝ քեզ բռնում ու  բաց չի թողնում։ Իհարկե, ինքնակրթվելու շատ մեծ ճանապարհ եմ անցել, բայց, միեւնույն է, մտածում էի՝ անհեռանկար աշխատանք է, ինչքա՞ն կարելի է նույն բանը պատմել։ Բայց հետո պարզվեց՝ յուրաքանչյուր խումբ մյուսից տարբերվում է, բոլորին տարբեր ձեւով ես պատմում նույն բանը։ Բայց դա ուշ ես հասկանում, երբ գիտելիքներդ շատանում են, եւ չես վախենում, որ հիմա քեզ հարց կտան, որին չես կարողանա պատասխանել։ Շնորհակալ աշխատանք է։ Մատենադարանից փախչելու փորձեր անում էի, հետո հասկացա, որ չեմ կարող, անհնարին է»։

Բարբառին կարոտած արցախցի երեխաները եւ «Նաիրի» ճամբարը

«Դեդո-բաբոյին ենք նկարել, համ շատ ենք կարոտել, համ էլ որ մեծանանք, մենք էլ ենք դեդո-բաբո դառնալու»,- ասում է 11-ամյա Մարկն ու միանգամից շարունակում. «Իմ դեդոյին բաբոյին էլ եմ կարոտել, հիմա մեզ հետ չեն ապրում, Հրազդանում են»:

Մարկն իր հասակակից տղաների եւ աղջիկների հետ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Նաիրի» ճամբարում է, խմբային աշխատանք են անում՝ իրենց ցանկությունները, մտքերը փորձում են վերարտադրել նկարչության միջոցով:

Սեւան Շահմիրյան. մարզիչ vs. Երաժիշտ

Հիմա Սեւանը զբաղվում է երկու՝ հավասարաչափ սիրելի գործով։ Թեեւ դրանք օգնում են իրար, բայց Սեւանը նախընտրում է տարանջատել. անգամ սոցկայքերում երաժիշտ ու մարզիչ Սեւանը տարբեր էջեր ունեն։

Ասում է՝ մարզչական կյանքում հասել է առավելագույնին։ Երաժշտության դեպքում դեռ ճանապարհ ունի անցնելու, մինչեւ կկարողանա համարձակ ներկայանալ՝ «Բարեւ, ես Սեւանն եմ, երաժիշտ»։

«Արջուկների որս» Երեւանում Անդրեյ Բիլժոյի հետ

Հանգստյան օրվա առավոտյան հնոտիների շուկայի մուտքի մոտ հանդիպում ենք Անդրեյ Բիլժոյին: Արագ ծանոթությունից հետո նկարիչն առանց ոչինչ ասելու կտրուկ հեռանում է՝ հետեւելով մի կնոջ, որի ձեռքին երկու մեծ տոպրակ կա: Չհասկանալով կատարվողը՝ ես ու լուսանկարիչը փորձում ենք հասնել նրա հետեւից: Նա պտտվում է ու շշուկով ասում.

- Ուշադրություն մի գրավիր, մենք հետեւում ենք նրան, նա արջուկներ ունի: Հիմա կհեռանա այս վերավաճառողի մոտից ու «կբռնացնենք» նրան:

Որ բլոկադան չհաղթի. «Սարն ի վեր»-ի երազանքն ու Գետահովտում կյանքը զրոյից

Իջեւանում բնակություն հաստատելը Սոֆիայի եւ Մհերի գիտակից ընտրությունն է. այն մոտ է Արցախին մարդկանց մտածելակերպով եւ բնությամբ, կլիման հարմար է հողագործությամբ զբաղվելու համար, ինչը զույգի համար առաջնային է:

«Իջեւանը հիանալի վայր է իրականացնելու մեր կյանքի նպատակները, որոնք նաեւ ամրապնդվեցին շրջափակման ժամանակ: Այն է՝ ունենալ առավելագույն ինքնաբավություն եւ ազատություն, ինքերս ստեղծել մթերք մեզ համար, նաեւ մատակարարել ուրիշներին՝ հողից քաղելով առավելագույնը. մի բան, որը մեզ համար անհասանելի էր շրջափակման ընթացքում»,- պատմում է Սոֆիան:

«Ես Վահրամն եմ, ալկոհոլիկ, որն այսօր չի խմել»

Բոլորի ճանաչած, սիրելի Վահրամը լավ տղա է: Ծնվել է Արցախում՝ սոցիալապես ապահով ընտանիքում, ստացել լավ դաստիարակություն, դպրոցում եղել գերազանցիկ: Հետո ընդունվել է համալսարան, վայելել երիտասարդությունը, ծանոթացել ապագա կնոջ հետ, գտել լավ աշխատանք ու դարձել երեք երեխայի հայր: Այս Վահրամը բոլորի համար օրինակ է, ուժեղ կամքի տեր տղամարդ, որն Արցախում 2020թ.-ին ամեն ինչ կորցնելուց հետո նորից ոտքի է կանգնել ու կյանքը սկսել զրոյից:

Մյուս՝ իրական Վահրամը, ալկոհոլիկի ու խաղամոլի ընտանիքում է ծնվել: Հիշում է՝ ինչպես էր 6 տարեկանում հորը խնդրում միասին շախմատ խաղալ: Հայրը նստում էր, երեք րոպեում հաղթում, որ արագ անցնի «очко»-ին: Դրանում ազարտը շատ էր: Դիսֆունկցիոնալ ընտանիքից ստացած մանկական տրավմաները Վահրամի ներսում մեծ դատարկություն էին ստեղծել, որն ինչ-որ կերպ փակել էր պետք: Դպրոցում տարբերակը գերազանցիկ լինելն էր, ամեն ինչում առաջինը լինելու ձգտումը: Վահրամը հաճախ էր խաբում, որ նման լինի իր իսկ գլխում գծած իդեալին: Մտածում էր՝ սա սիրված ու հարգված լինելու միակ տարբերակն է:

Մարատ Սարգսյան. «Արցախում նկարահանված նյութին անպայման վերադառնալու եմ»

Պատերազմում մնացի 14 օր: Արցախում հոկտեմբերի կեսից էի, նոյեմբերի 9-ին պատերազմն ավարտվեց: Շատ նմանություններ տեսա 90-ականներին զգացածս պատերազմի հետ: Ավտոմատներն էին նույնը, նույն փայտե կոթերով: Նույն մորուքներով տղերքը, ես էլ իրենց հետ: Հետաքրքրիր է, բայց կյանքը 30-ամյա պտույտ գործեց, մեծացա ու դարձա 90-ականներին «Ինտերկապից» ճանաչածս տղերքից մեկը: Զինվորները տարբերվում էին, իրենց ստիպում էին սափրվել, իսկ կամավորները նույն՝ 30 տարի առաջվա մարդիկ էին:
 
Արցախի հյուսիսում էի: Հիշում եմ՝ տեղ հասնելուց անմիջապես հետո ուժեղ հրետակոծություն սկսվեց: Հասկացա, որ մարմինս վախենում է: Մտքով չեմ վախենում, բայց մարմինս փորձում է հասկանալ՝ ոնց ողջ մնալ: Քիչ-քիչ այդ էմոցիան նահանջեց: Հասկացա, որ փրկությունը հանդարտ, հավասարակշռված մնալն է: Հրետակոծությունը տեւեց երկու ժամ: Առաջին ժամից հետո միացրեցի տեսախցիկն ու սկսեցի նկարել: Վախը լիովին անցավ: Ես իրականությունն ինձ համար դարձրեցի կինո:

Հուսահատություն, պայքար եւ հաղթանակ. քաղցկեղի հետ կռիվ տված աղջկա պատմությունը

Լավատեսությանը զուգահեռ, աղջիկը հիշում է՝ հիվանդության մասին իմանալու առաջին շրջանը շատ ծանր էր: Չի ցանկանում, որ հիմա այդ ծանր փուլը հաղթահարող երեխաները մտածեն, թե նրանց հուսահատությունը նորմալ չէ.

«Ես եղել եմ հուսահատ, ես լացել եմ օրերով, վիճել բոլորի հետ: Կարծում եմ՝ սա նորմալ արձագանք է: Քիչ-քիչ եկավ գիտակցումը, որ այդ պահվածքն «ուժեղացնում է» հիվանդությունը, իսկ դա միայն ինձ էր վնասում: Ես պետք է մտածեի դրականը, արագ բուժվեի ու վերադառնայի տուն»:

Դոնարա Կարապետյան. Ամասիացու եւ Հերացու հետ կես դար տեւող «շփումը»

«Վաղուց՝ գրեթե 10 տարի, իր հրատարակմանն է սպասում Ամիրդովլաթ Ամասիացու «Ուսումն բժշկության» գործի ինքնատիպ, հրատարակչական՝ ոչ սովորական ձեւով մատուցված, պատկերազարդ աշխատասիրությունը։ Ի ուրախություն ինձ՝ Մատենադարանի ներկա ղեկավարությունը հանձն է առել այս բնագրի եւ ֆաքսիմիլեի հրատարակումը»:

Իր մասին «Մատենադարանի պահապան» ձեւակերպման հետ համաձայն չէ։ Ասում է՝ պահապաններն ավելի լուրջ ու զգալի ներդրում ունեցող մեծ մատենադարանիցներն են։ Ինքը 53 տարի գիտական համեստ աշխատանքով ձգտել է մի կաթիլ ավելացնել մատենադարանյան ժառանգությանը։

«Արվեստարանի» լոշիկ. ստեղծելու ու երազանքներն իրականացնելու մոտիվացիա

Այս փորձը նրանց ավելի ինքնուրույն է դարձրել: Հովոն, օրինակ, սկսել է միայնակ օգտվել հասարակական տրանսպորտից, գալ աշխատանքի, կարծում եմ՝ շուտով կսկսի նաեւ առաքումներ կատարել: Նրանք ստանում են թեկուզ փոքրիկ, բայց աշխատավարձ ու սովորում են օգտագործել այն: Վաճառքներից ստացված գումարի մի մասն ուղղում ենք անհրաժեշտ մթերքի գնման վրա, իսկ մնացածը՝ հավասար բաժանում երիտասարդների միջեւ: Նրանք շատ են ոգեւորվում դրանից ու կիսում այդ զգացումն ամենահարազատ մարդկանց հետ: Ինգան իր առաջին աշխատավարձն ընտանիքին է տվել, Դավիթը՝ հրավիրել մամային լահմաջո ուտելու: Հովոն ու Գրիշան էլ լավ ընկերներ են դարձել: Երբեմն, հանդիպում են նաեւ «Արվեստարանից» դուրս, զբոսնում, զրուցում ու, ինչպես իրենք են ասում, միասին գնում «կամպյուտրանոց»:

Թեո Թրավիսի սրտից սիրտ զրույցն աշխարհի հետ՝ հայկական դուդուկի միջոցով

Թեեւ կարող է թվալ, որ դուդուկը շատ պարզ գործիք է՝ պարզապես փայտե գլանակ, որ մատների համար նախատեսված անցքեր ունի, սակայն Թեո Թրավիսը շարունակաբար բացահայտում է գործիքի լայն հնարավորություններն ու նվագի տեխնիկայի նրբությունները:  

«Ինձ շատ է դուր գալիս այդ բացահայտման գործընթացը: Չնայած որ դուդուկը պահանջում է սրտով զգալ, սակայն հենց տեխնիկայի կատարելագործումն է, որ թույլ է տալիս հասնել այդ զգացմունքային հնչողությանը»,- ընդգծում է բրիտանացի դուդուկահարը:

Արցախի շնչով լցված «Խոխան», բարբառն ու վերաիմաստավորումը

2023 թվականի սեպտեմբերի 1-ին Վաչեն շատ ուրախ էր մի մոգական պատահականության շնորհիվ: Շրջափակված Արցախում երեխաները պիտի դպրոց գնային առանց գրենական պիտույքների, որովհետեւ խանութները վաղուց դատարկ էին։ Դեռ նախքան շրջափակումը որոշ անհատներ մեծ քանակով տետրեր էին նվիրել «Խոխա» կենտրոնին։ Այդ ժամանակ դրա անհրաժեշտությունը չկար, ուստի կամավորները պարզապես մոռացել էին դրանց գոյության մասին։ Սեպտեմբերին ընդառաջ էր, որ Վաչեն հանկարծ հիշել է, որ նման տետրեր կան կենտրոնում, ու արագ տեղեկացրել արցախի իր ընկերներին: Այդպես Կարմիր Շուկա գյուղի բոլոր առաջին դասարանցիները սեպտեմբերի 1-ին նոր տետրերով գնացին դպրոց: Ցավոք, այդ փոքրիկ ուրախությունը երկար չտեւեց․ երեխաները չհասցրին հայոց այբուբենը սովորել Արցախում։

Չխեղճացող եւ չլսող երեխաներին պարել սովորեցնող Հայկը

Հայելիներով սենյակում 5-րդ դասարանցիները սպասում են ուսուցչին, պարի դաս է լինելու։ Քանի դեռ ուսուցիչը հանդերձարանում է՝ երեխաները վազվզում են, կատակում, «աղմկում»՝ ժեստերի լեզվով։ «Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում» ենք։ Դպրոցը գիշերօթիկ է, ունի մոտ 120 աշակերտ, երեխաներն այստեղ սովորում են նույն ծրագրով, ինչ հանրակրթական դպրոցների իրենց հասակակիցները, նաեւ մասնակցում են կավագործության, պարի եւ այլ դասերի։

«Ես Հայկ Հոբոսյանն եմ, ի ծնե չլսող եմ։ Ազատ եմ մեծացել ու երբեք չեն խղճացել չլսելու համար». զրույցի սկզբում ներկայանում է ուսուցիչը։ Չլսող, բայց պարող տղային շատերն են ճանաչում, շուրջ 19 տարի առաջ հազարավոր մարդիկ հետեւում էին նրա ելույթներին «Պարիր, թե կարող ես» նախագծում։

Հրավարդ Հակոբյանը՝ Մատենադարանի 93-ամյա երիտասարդ գիտնականը

1959 թվականն էր, ինքն էլ՝ 28 տարեկան։ Թերլեմեզյանի անվան ուսումնարանի քանդակի բաժինն ավարտել, համալսարանի պատմության ֆակուլտետում էր սովորում։ Գիտահետազոտական կենտրոն դարձած Մատենադարանի տնօրեն Լեւոն Խաչիկյանն արվեստից հասկացող պատմաբան էր փնտրում։

«Մատենադարանում աշխատող ընկերներս իմ մասին էին ասել, հրավիրեց հանդիպման։ Ես ասացի, որ կյանքում հոդված չեմ գրել։ Մեծ գիտնական, երջանկահիշատակ Լիդիա Դուռնովոն հետս զրուցեց, հետո տնօրենին ասաց՝ այս տղան արվեստը հասկանում է։ Էդպես, ինձ վերցրին աշխատանքի, հրապուրվեցի ու մնացի։

Ինձնից բացի, էլի 15-20 երիտասարդ տղաների էին ընդունել։ Հին շենքի հրապարակում ընդմիջմանը ֆուտբոլ, պինգ-պոնգ էինք խաղում։ Բայց հիմա բոլորը գնացել են, մնացել եմ մենակ»։