ru24.pro
Новости по-русски
Декабрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ասադի տապալումը Մոսկվային զրկել է Թուրքիան զսպելու կարեւոր լծակից

0

Ներկայացնում ենք Carnegie Europe-ի (Բրյուսել) ավագ փորձագետ, Օքսֆորդի գլոբալ եւ տարածքային հետազոտությունների դպրոցի դասախոս Դիմիտար Բեչեւի What Does Regime Change in Syria Mean for Russian-Turkish Relations? հոդվածի հայերեն թարգմանությունը:

Դիմիտար Բեչեւ

Մոսկվան Թուրքիայից օգնություն է խնդրել Սիրիայից իր զորքերի դուրսբերման համար։ Մի քանի շաբաթ առաջ նման վերնագիր պատկերացնելն անգամ դժվար կլիներ։ Սակայն Բաշար ալ-Ասադի վարչակարգի սրընթաց անկումից հետո այս լուրը բավականին հավանական է թվում։ Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ ռուսական ռազմական անձնակազմն ու տեխնիկան արդեն տեղափոխվում են Ռուսաստան՝ օդային ճանապարհով։ Դրա հետ մեկտեղ Սիրիայում հիմնական ռուսական բազաներ են վերադարձել զինվորականները, որոնք տեղակայված էին Սիրիայի անապատում եւ քրդերով բնակեցված հյուսիսարեւելյան շրջաններում։

Այս բազաների՝ Խմեյմիմ օդանավակայանի եւ Տարտուսի ռազմածովային նավահանգստի հետագա ճակատագիրը անհայտ է։ Ռուսաստանը, հավանաբար, ստիպված կլինի լքել դրանք, թեեւ չի բացառվում նաեւ գործարքը «Հայաթ Թահրիր աշ-Շամի» (ՀԹՇ)-ի հետ, որը իշխանության եկած կոալիցիայի առաջատար ուժն է։ Ռուսաստանն արդեն փորձում է հարաբերությունները հաստատել նոր իշխանությունների հետ։ Պատահական չէ, որ Մոսկվայի պաշտոնյաները դադարել են Ասադին տապալած իսլամիստներին «ահաբեկիչներ» անվանել. հիմա նրանք «սիրիական զինված ընդդիմությունն» են։

Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, պարզ է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ վերջինիս։ Գրեթե 10 տարի առաջ Մոսկվան Թեհրանի եւ լիբանանյան «Հըզբոլահ» խմբավորման հետ միասին միջամտեց սիրիական հակամարտությանը եւ ձախողեց Դամասկոսում ռեժիմը տապալելու Անկարայի ծրագրերը։

Վլադիմիր Պուտինն այն ժամանակ ակտիվորեն ճնշում էր գործադրում Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, իսկ ռուսական զորքերի մուտքը Սիրիա լայնածավալ աշխարհաքաղաքական հարձակման միայն մի մասն էր: Ճնշումն էլ ավելի ուժեղացավ 2015 թվականի նոյեմբերից հետո, երբ թուրքական օդուժը խոցեց ռուսական Սու-24-ը Սիրիայի տարածքում։ Բանը հասավ տնտեսական պատժամիջոցներին, որոնք Մոսկվան կիրառեց Անկարայի դեմ։

Թուրքիային մտահոգում էր նաեւ, որ Ռուսաստանը զուգահեռ ավելացնում էր ներկայությունը Հայաստանում եւ փորձում բռնակցված Ղրիմը վերածել Սեւ ծովում  իր «չխորտակվող ավիակիրի»։ Էրդողանը եւ մյուս թուրք քաղաքական գործիչները այդ տարիներին սուր զգացին իրենց խոցելիությունը, բայց միեւնույն ժամանակ չէին վստահում Արեւմուտքին։ Նրանց նյարդայնացնում էր, օրինակ, ԱՄՆ-ի եւ սիրիացի քրդերի գործընկերությունը, որոնք սերտ կապեր ունեն Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։

Ուստի Էրդողանը հաշտվել էր Ասադի իշխանության եւ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ամրապնդման հետ։ Դրա դիմաց Անկարան ստացել էր բուֆերային գոտի Սիրիայում, ինչպես նաեւ մասնակցություն սիրիական կարգավորման Աստանայի ձեւաչափին՝ Մոսկվայի եւ Թեհրանի հետ միասին։

Այս գործարքը մեկ անգամ չէ, որ ամրության փորձարկում էր անցել: Օրինակ՝ 2019-2020 թվականներին Ասադի զորքերը Ռուսաստանի աջակցությամբ ակտիվորեն հարձակվում էին Դամասկոսի թուրքամետ հակառակորդների դիրքերի վրա Իդլիբ նահանգում։ Մարտերը դադարեցին Թուրքիայի միջամտության շնորհիվ։

Մոսկվան եւ Անկարան հիմնականում սովորել էին համագոյակցել տեղում եւ նույնիսկ օգնել միմյանց: Օրինակ՝ 2024 թվականի ամռանը Էրդողանը ցանկանում էր բանակցել Ասադի հետ 3,9 միլիոն սիրիացի փախստականների առնվազն մի մասի վերադարձի շուրջ, եւ Պուտինը Դամասկոսին կոչ էր անում համագործակցել Անկարայի հետ։

Սիրիայում վերահսկողությունը կորցնելով՝ Ռուսաստանը Թուրքիայի վրա ազդեցության կարեւոր լծակ կորցրեց։ Այժմ Անկարան շփվում է ոչ թե Ասադի, այլ ՀԹՇ խմբի հետ, որի հետ համագործակցում է բավականին վաղուց։ Ընդ որում, հիմա Էրդողանին Սիրիայում պետք է պայմանավորվել ոչ թե Մոսկվայի, այլ Վաշինգտոնի հետ, որն աջակցում է Սիրիայի դեմոկրատական ուժերին՝ հիմնականում քրդերից բաղկացած դաշինքին, որը վերահսկում է երկրի հյուսիս-արեւելքը։ Նույնքան կարեւոր են շփումները Ծոցի միապետությունների եւ Եվրամիության հետ, որոնք կարող են դեր խաղալ Սիրիայի վերականգնման գործում։ Ռուսաստանն այլեւս չկա սիրիական կարգավորման առաջնահերթ գործընկերների ցանկում։

Մոսկվայի այլ հաղթաթղթեր եւս կորցրել է: Ուկրաինական բանակը ռուսական նավատորմը Ղրիմից դուրս է մղեց Նովոռոսիյսկ, եւ այժմ Անկարան կարող է ավելի քիչ անհանգստանալ Սեւ ծովը «ռուսական լիճ» հեռանկարից (դրա մասին Էրդողանը զգուշացրել էր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին դեռ 2016 թվականին):

Լավ չեն ընթանում նաեւ Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունները։ Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո Հայաստանը հիասթափվեց իր նախկին դաշնակցից, ով ոչինչ չարեց նրան պաշտպանելու համար։ Երեւանը սառեցրեց մասնակցությունը ՀԱՊԿ-ին եւ սկսեց սպառազինությունների գնման պայմանագրեր քննարկել արեւմտյան երկրների հետ։

Ավելին, Հայաստանի իշխանությունները բանակցություններ են սկսել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ եւ, միաժամանակ, փորձում են Ադրբեջանի հետ համաձայնեցնել խաղաղության պայմանագիրը։ Թեւս այստեղ բեկում դեռեւս չկա, դա չի հերքում այն փաստը, որ Անկարան ավելի ու ավելի մեծ հաջողությունների է հասնում Հարավային Կովկասում, ինչը չես ասի Ռուսաստանի մասին։

Էներգետիկ ոլորտում եւս Մոսկվայի համար ամեն ինչ լավ չէ։ Հաճախ խոսվում է այն մասին, որ Թուրքիան կախված է ռուսական գազի եւ նավթի մատակարարումներից, ուստի ստիպված է խաղալ Մոսկվայի կանոններով: Սակայն 2025 թվականի հունվարի 1-ին լրանում է ռուս-ուկրաինական գազի տարանցման պայմանագրի ժամկետը։ Արդյունքում «Թուրքական հոսքը» կմնա Ռուսաստանի Դաշնությունը Եվրոպայի հետ կապող միակ գազատարը։

Թուրքիան, անշուշտ, կօգտվի հիմնական տարանցիկ երկրի իր դերից եւ Ռուսաստանից ավելի բարենպաստ պայմաններ կպահանջի։ Օրինակ՝ ռուսական գազի հավելյալ ծավալներ ձեռք բերելու եւ այն հավելյալ գնով վերաարտահանելու իրավունքը։ Այս հարցը քննարկվում է Թուրքիայում «գազային հանգույց» ստեղծելու շուրջ բանակցություններում։

Սիրիական գործոնի վերանալուց հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները նորից կսկսեն կառուցվել իրենց բնական ծանրության կենտրոնի` Սեւծովյան տարածաշրջանի շուրջ: Էրդողանը ռիսկի չի գնա՝ մարտահրավեր նետելով Ռուսաստանին. նրա համար ավելի ձեռնտու է միջնորդ մնալ Կրեմլի եւ Արևմուտքի միջեւ։ Դոնալդ Թրամփի հովանու ներքո Ուկրաինայի հարցով բանակցությունները նրա համար կարող են դերակատարություն ստանձնելու եզակի հնարավորություն հանդիսանալ։

Էրդողանը նաեւ միշտ կարող է հիշեցնել Մոսկվային սիրիական ռեժիմի ճակատագրի մասին. Ասադը մեծամտորեն հրաժարվում էր Թուրքիայի հետ երկխոսությունից եւ դրանով իսկ ստորագրեց իր դատավճիռը: Դրանից, ըստ Անկարայի ծրագրի, Կրեմլում պետք է եզրակացնեն, որ քաղաքական գործարքը միշտ ավելի շահավետ է, քան բաց հակամարտությունը։

Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: