Օկամպոյի ջանքերը, Ալիեւի զայրույթը եւ «խաղին» մասնակցելու կարեւորությունը
Դեկտեմբերի 9-ին «Այբ» դպրոցը հյուրընկալել էր արգենտինացի իրավաբան, Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին եւ «Ճամփաբաժանին. Որոշումների ժամանակը» գրքի համահեղինակ Նունե Ալեքյանին։ Բանախոսները հարցուպատասխանի միջոցով ներկայացրել են, թե ինչպես կարող է աշխարհասփյուռ հայությունը ազդեցություն ունենալ Հայաստանի ներկայիս մարտահրավերների լուծումների վրա:
Մեդիամաքսը ներկա է եղել հանդիպմանն ու ներկայացնում է որոշ դրվագներ:
Ալիեւի զայրույթը՝ հաջողության նշան
Բաքվում տեղի ունեցած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP29)-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր բացման խոսքում նշել էր «համակարգված եւ լավ կազմակերպված զրպարտության եւ շանտաժի արշավի թիրախ» դառնալու մասին: Լուիս Մորենո Օկամպոն, որ ամիսներ առաջ մեկնարկել էր Բաքվում պահվող հայ պատանդների եւ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկատվական արշավը, Ալիեւի այս «զայրույթ»-ն ընդունում է որպես արշավի հաջողության նշան:
«Նախքան COP29-ը մեծ էր ռիսկը, որ այս համաշխարհային իրադարձության ժամանակ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մոռացության կտրվեր, հայ բանտարկյալների հարցը կանտեսվեր: Դրա համար մենք համաժողովից 5 ամիս առաջ սկսեցինք տեղեկատվական արշավը, որի արդյունքով կարող ենք հպարտանալ: Ալիեւը զայրացած էր, նա մեզ անվանեց լավ կազմակերպված արշավ, բացի այդ, կոնֆերանսի ընթացքում բոլորը խոսում էին Լեռնային Ղարաբաղի մասին: Արդյոք սա բավարա՞ր է: Իհարկե՝ ոչ»,-նշել է Օկամպոն:
Նա կոչ է արել շարունակել համախմբումը եւ աշխատանքը տեղեկատվական հարթակներում: «Մենք ունեցանք ավելի քան 6 500 ակտիվիստներ 120 տարբեր երկրներից: Ամբողջ աշխարհում հայեր կան, եւ դա է Հայաստանի ուժը»,- հավելել է նա:
Դառնալ խաղի մասնակից
Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազին դահլիճից ուղղվեց հետեւյալ հարցը. որքանո՞վ է հավանական, որ ՄՔԴ-ի դատախազը սկսի հետաքննել Արցախում Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունն այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունը պասիվ դիրք է ընդունել:
«Հնարավորուրթյուն կա, բայց մենք կարող ենք մեծացնել այն: Մենք կարող ենք նաեւ Ալիեւին հասկացնել, որ նա կարող է քրեական հետապնդման ենթարկվել, եթե փորձի հարձակվել Հայաստանի վրա: Սա, իհարկե, բավարար չէ, սակայն մենք պետք է դա անենք»,- նշել է Օկամպոն:
«Մենք չգիտենք՝ ինչ արդյունքի կհասնենք, բայց պետք է անենք այն, ինչ պահանջվում է: Ինչպես Տոլստոյն էր բացատրում՝ իրադարձությունների ընթացքը որոշում են այն մարդիկ, որոնք մասնակցում են այդ իրադարձություններին: Մենք պետք է խաղի մասնակիցը դառնանք եւ դա անենք հնարավոր լավագույն ձեւով»,- շեշտել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը:
Քաղաքացիները ստանձնում են հայրենիքի պաշտպանությունը
Որպես քաղաքացիական հասարակության ազդեցության դրական օրինակ Նունե Ալեքյանը ներկայացրել է 2020 թվականի պատերազմից հետո հիմնված Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնի գործունեությունը: Անհատների նվիրատվություններով գործող այս հասարակական կազմակերպությունը 4 տարի է ինչ փաստաթղթավորում եւ միջազգային դատարաններ է ներկայացնում Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունները:
«Ալիեւն ասում է, որ Հայաստանը պետք է հետ կանչի Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններում ներկայացված հայցերը: Հայաստանի Հանրապետությունը Միջազգային քրեական դատարան որեւէ հայց չի ներկայացրել, սակայն դա արել է հանրային հատվածը՝ տվյալ դեպքում՝ Ճշմարտության եւ արդարադատության կենտրոնը: Ալիեւը որքան էլ բարձր բղավի, Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի կարող անել այդ հայցի հետ եւ փաստաթղթերն արդեն դատարանում են: Սա ընդամենը օրինակ է, որ մենք անօգնական չենք, եւ կան ուղիներ, որով քաղաքացիական հանրությունը կարող է պաշտպանել մեր երկիրը՝ առանց պետության ներգրավման»,-մանրամասնել է Նունե Ալեքյանը:
Նա հավելել է, որ հանրային ճնշումն Ալիեւի նկատմամբ պետք է մեծացնել եւ անդադար շարունակել այդ աշխատանքը:
«Օկամպոյի հետ մեր մեկնարկած արշավի շնորհիվ համաշխարհային մամուլը սկսեց խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների մասին: Եվ սա դեռ միայն սկիզբն է, մենք շարունակաբար սովորում ենք»,-ասել է Նունե Ալեքյանը:
Լուիս Մորենո Օկամպոյի խոսքով՝ իրենք շարունակում են հետազոտել Ալիեւի վրա ճնշում գործադրելու այլ հասանելի մեխանիզմները, փորձում են նոր գործիքներ գտնել: Հարցին, թե ինչու՞ է նա օգնում հայերին, Օկամպոն այսպես է պատասխանել.
«Ես իմ հայրենի Արգենտինայում երկար տարիներ պայքարել եմ արդարության համար, որից հետո փորձել եմ այդ փորձը կրկնել համաշխարհային մակարդակում՝ լինելով ՄԻջազգային քրեական դատարանի առաջին դատախազը: Վերջին տարիների իրադարձությունների հետեւանքով՝ Սիրիա, Գազա, Ուկրաինա եւ Հայաստան, ես մեծ հիասթափություն ապրեցի: Երբ ընկերներիցս մեկն ինձ խնդրեց միջնորդել Հայաստանի հարցում եւ ես սկսեցի զբաղվել այս թեմայով, հանդիպեցի մի շարք մարդկանց եւ խմբերի, որոնք պատրաստ են պայքարել արդարության համար, եւ դա ինձ ոգեւորում է»,-նշել է նա:
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի