Վազգեն Սարգսյան. «Նրանք Հայաստանն են սպանել»
Մաս 17
Մեր վերջին հանդիպումը՝ հոկտեմբերի 22-ին, Գյումրիում: Վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ արդեն երրորդ այցն էր Գյումրի, այս անգամ պաշտոնական՝ մարզպետարանի աշխատակազմին էր ներկայացնելու նորանշանակ մարզպետ Ֆելիքս Փիրումյանին:
«Մինչև նոր մարզպետին ներկայացնելը՝ ուզում եմ շնորհակալությունս հայտնել մարզպետի պաշտոնակատար Սեյրան Պետրոսյանին: Երևանում պարոն Փիրումյանի հետ խորհրդակցելուց հետո վերջին ամիսների իր պարտաճանաչ, պարկեշտ աշխատանքի համար որոշեցինք նրան նշանակել մարզպետի տեղակալ: Նոր մարզպետի հետ ուս ուսի աշխատանք եմ մաղթում: Ֆելիքս Փիրումյանին առանձնապես ներկայացնելու կարիք չկա: Շիրակի մարզի, գյումրեցիների հետ նա ի պաշտոնե երկար ժամանակ աշխատել է, լավատեղյակ է բոլոր գործերին: Փիրումյանի առավելություններից ամենակարևորը՝ նա ազնիվ մարդ է, ժողովրդի հետ աշխատել գիտի: Իսկ Շիրակի տարածաշրջանում չափազանց կարևոր է ժողովրդի հետ աշխատել կարողանալը: Նա գիտի համակարգված աշխատանքի հմտությունները: Ավելի լավ ընտրություն մենք չէինք կարող կատարել: 2000-2003-ին մեզ սպասվում է չափազանց մեծ ծավալի աշխատանք աղետի գոտում, և ես կարծում եմ, որ Ֆելիքս Փիրումյանի հետ այդ աշխատանքները կդարձնենք նպատակային: Եվս մի կարևոր հանգամանք՝ լինելով նախագահի խորհրդական՝ նա դարձյալ զբաղվում էր շինարարությամբ, հանգիստ կարող էր շարունակել իր պատվավոր աշխատանքը Երևանում, բայց առաջին իսկ առաջարկից սիրով համաձայնեց ստանձնել այս բեռը և երկրորդ օրը, երբ զրուցեցինք, 17 էջ նյութ ուներ Շիրակի մարզի խնդիրների շուրջ:
Մեր առաջիկա ծրագրերում հատկապես կարևորվելու է արդյունաբերության վերականգնման խնդիրը: Շատ լավ հասկանալով նոր կացութաձևը, տնտեսավարման եղանակները և իրավիճակը, համոզված եմ՝ մարզպետը կնպաստի նաև արդյունաբերության վերականգնմանը: Պիտի ներողություն խնդրեմ, որ մի քանի ամիս նշանակումը ուշացրինք, նպատակը լավագույնին ընտրելն էր: Հուսանք՝ մարզի ակտիվը կօգնի մարզպետին: Հավաստիացնում եմ, որ մարզպետի թիկունքին են ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը և ամբողջ կառավարությունը»՝ հայտարարեց Վազգեն Սարգսյանը:
Ֆելիքս Փիրումյանը իր ծրագրերից խոսելով՝ հավարտ ասաց. «Ես ունեմ երկու առավելություն՝ կուսակցական չեմ ու գյումրեցի չեմ: Գյումրիում բարեկամություն չունեմ և համարում եմ, որ 360000 բարեկամ ունեմ, կուսակցական պարտավորություն չունեմ ու ազատ եմ գործելու»: «Գյումրեցիք կասեն՝ գյումրեցի չես, իսան չես»՝ ծիծաղելով արձագանքեց Վազգեն Սարգսյանը:
Պատասխանելով հարցերին՝ վարչապետը հարկ համարեց մանրամասնել 2000-ի բյուջեի ծրագրումը.
-Այս տարվա բյուջեն մենք փորձեցինք նոր մոտեցումներով ստեղծել, երեք մակարդակներով՝ ուղղահայաց, որ ստեղծվում էր ֆինանսների, էկոնոմիկայի և ճյուղային նախարարությունների կողմից, հորիզոնական, որ ստեղծվում էր մարզպետների կողմից և երկրի վարկային քաղաքականության արդյունքում ստացված միջոցների հաշվին կատարվող միջոցառումների: Այս երեքի համադրումից ակնկալում ենք ստանալ ամբողջ պատկերը: Շիրակի մարզի բյուջեն 2000-2003-ի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով ներառում է պետական հատկացումները, վարկերը, դրամաշնորհները, հեռանկարային ծրագրերը: Մենք պիտի որոշակի իմանանք՝ ի՞նչ խնդիրներ ենք առաջադրում և ի՞նչ միջոցներ ունենք, որ ճիշտ բաշխում կատարենք: Քիչ փողը նպատակային պիտի ծախսվի: Պիտի ֆինանսավորվեն վերարտադրություն ապահովող ոլորտները: 2000-ի բյուջեն լինելու է կոշտ, բայց անպայման կատարելի բյուջե: Համոզված եմ, որ ճեղքվածքներ չենք ունենալու, նոր բյուջեն հարգանք է ներշնչելու, տող առ տող կատարվելու է: Մարզպետները, նախարարները ամսեամիս ստանալու են նախատեսված միջոցները: Բյուջեն պիտի վստահություն ներշնչի և ինքն իրեն հարգի:
Հայաստանի համար հիմա ամենակարևորը զարգացման ծրագրերն են: Եթե ամբողջ աշխարհին համոզում ենք օգնություններից համագործակցության անցնելու, ներդրումներ անելու, ինքներս պիտի այդպես վարվենք մեր երկրի ներսում: Սոցիալական խնդիրները չափազանց կարևոր, չափազանց ցավոտ են, և պիտի լուծվեն, բայց քաղաքական գերակայությունը տրվելու է արդյունաբերությանը: Մակրոտնտեսական հետաքրքրություններից պիտի անցնենք միկրոտնտեսական խնդիրների, իջնենք ներքև, հասնենք ժողովրդին, մտնենք գործարանները, մտնենք գյուղերը, նպաստենք գյուղատնտեսության զարգացմանն ու վերարտադրությանը, արդյունաբերության վերագործարկմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Անկասկած, պիտի կարողանանք թոշակներն ու նպաստները վճարել, բայց մեր գերակայությունը ոչ թե նպաստ բաժանելն է, այլ նպաստառուի համար աշխատատեղ ստեղծելն է լինելու: ՙԵթե մարդուն ուզում ես օգնել մեկ օր, նրան ձուկ տուր, եթե ուզում ես օգնել ամբողջ կյանքում, սովորեցրու ձուկ բռնել՚ ասացվածքը մեզ համար է: Սա լինելու է մեր բյուջեի քաղաքականությունը, սա է լինելու տրամաբանությունը:
Շիրակի մարզի և Գյումրիի մասով նույն վերաբերմունքն է ամրագրված բյուջեում: 4,3 միլիարդ դրամ է հատկացվելու աղետի գոտուն, Լինսի, Հանթսմանի, ԱՄՆ-ի զարգացման գործակալության հիմնադրամներով ևս շուրջ 34 միլիոն դրամի 70 տոկոսն է հատկացված: Մեր պատմության մեջ առաջին անգամ 6 միլիարդ դրամ է նախատեսվում երկրի արդյունաբերությունը տեղից շարժելու համար՝ սեփական ինվեստիցիոն միջոցներ: Մենք չպիտի նստենք-սպասենք, որ գործարանը ստեղծի իր ծրագիրը: Պետությունը ինքն է նպաստելու այդ ծրագրի ստեղծմանը: Մենք պիտի ունենանք 8-10 աշխատող ձեռնարկություն, որ իրենց հետևից շոգեքարշի պես տեղից շարժեն մեր արդյունաբերությունը: Անկասկած, Գյումրիի ձեռնարկությունները այդ թվում են: Մենք պիտի կարողանանք ստեղծել համաշխարհային, եվրոպական մակարդակի ծրագրեր, որ մրցունակ լինի մեր արտադրանքը և սպառման շուկա գտնի: Պետությունը ինքը ներդրումներ է անելու՝ հնարավորինս արագ արդյունաբերությունը աշխատեցնելու համար: Շատ եմ կարևորում առաջին փուլը: Եթե առաջին 10 ձեռնարկությունները աշխատեն, մենք վստահություն ենք ստանալու: Ներսում ու դրսում: Տեսնելու են, որ մեր երկրում հնարավոր է շահավետ ներդրումներ անել:
Մարզում կատարվելիք բոլոր աշխատանքները լինելու են հրապարակային, տպագրվելու են մամուլում, ոչ մի լումա հենց այնպես չի ծախսվելու: Գյուղատնտեսական, արդյունաբերական, քաղաքաշինական, տրանսպորտային ծրագրերի համադրումից ստանալու ենք մարզի սոցիալ-տնտեսական ծրագիրը և կազմելու ենք ժամանակացույց՝ ֆինանսավորման աղբյուրներով, պատասխաատուներով: Գիտեմ՝ բոլորիդ հուզում է ջեռուցման խնդիրը: Դպրոցները, հիվանդանոցները պետությունն ամբողջությամբ ջեռուցելու է: 16000 ընտանիքների, որ ապրում են տնակներում, կբաժանվեն էլեկտրաէներգիայի կտրոններ՝ ջեռուցման դիմաց: Սա այն է, ինչ կարող ենք անել: Սա սկզբունքային հարց է: Գիտեմ, որ երևանցիները ինձնից դժգոհելու են, բայց ձրի ջեռուցում չի լինելու՝ պետությունը դուրս է գալիս ջեռուցողի ու ջեռուցվողի արանքից: Էներգետիկայի նախարարությունը ամբողջապես պատրաստ է խնդիրը լուծել, եթե ժողովուրդը վճարի: Միայն Երևանում պետությանը 10 միլիարդ դրամի պարտք կա, ևս այդքան հանրապետության մասշտաբով: 20 միլիարդ ջեռուցման պարտք կա: Եթե նախորդ 4 տարիներին այդ պարտքերը կուտակելու փոխարեն դրվեր ջեռուցման համակարգի վրա, կունենայինք ջեռուցման առաջնակարգ համակարգ և 2000-ին կկարողանայինք ամբողջ երկիրը ինքնածախսածածկմամբ ջեռուցել: Մենք իրավունք չունենք անընդհատ օրվա խնդիրը լուծել և փոշիացնել գումարները՝ թողնելով ռազմավարական խնդիրները: Նույնը ոռոգման և խմելու ջրի հարցում է: Ինձ ներկայացվել էր 7 միլիարդ դրամ լրավճար ոռոգման ջրի դիմաց: Պետությունը, ի վերջո, լրավճար տալու է, բայց ոչ ամբողջ գումարը: Գուցե այդ գումարը տանք գյուղացուն, ավելի լինի իր ստացած բերքից: Սա աբսուրդ է: Մենք այդ ճանապարհով այլևս չենք գնալու: Մեր ծրագրերը երկարաժամկետ են: Օրվա խնդիրներ լուծելու համար չեն, պոպուլիստական չեն, մենք ուզում ենք երկիրը կարգի բերել՝ համակարգված, տարի առ տարի: 4-5 տարի հետո նորմալ, կայուն, ինքնաբավ, զարգացող երկիր ենք դառնալու: Սա է մեր ծրագիրը:
Քաղաքական խնդիրների առումով ևս դրական տեղաշարժ կա. Ղարաբաղի հարցը, կարծես, ավելի քան երբևէ մոտ է իր լուծմանը: Ընդորում՝ մեզ բավարարող պայմաններով: Մեր պայմաններից մեկը Թուրքիայի հետ ճանապարհների բացումն է ու երկաթուղու աշխատանքը: Բանակցությունները շարունակվում են, մեծ տերությունները ևս շահագրգռված են լուծման համար: Եթե Աստծո օգնությամբ 2000-ին Ղարաբաղի հարցի լուծման սկզբունքային համաձայնություն ունեցանք, տարեսկզբին կխոսենք ավելի մեծ խնդիրների շուրջ: Ուս ուսի տված պիտի երկիրը դուրս բերենք այս վիճակից:
Հոկտեմբերի 24-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են, որ մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունեն: Սա մեզ համար փորձություն է Եվրամիության անդամ դառնալու առումով: Եվրամիությանն անդամակցումը կհեշտացնի մեր երկրի զարգացումը, կմեծացնի ներդրումների ծավալը, պաշտպանունակության ու դիմադրունակության հարց կլուծի: Ովքեր ուզում են ընտրվել քաղաքապետեր, համայնքապետեր, թաղապետեր, միանշանակ պիտի հասկանան՝ ամեն ինչի համար պատասխանատու են դառնալու՝ ընկած քարի, տեղական բյուջեի կատարման, բարոյահոգեբանական մթնոլորտի, չասֆալտված փողոցի, լաց լինող երեխայի… Շատերը դեռ չեն տարբերում՝ ի՞նչ է նշանակում պետական, և ի՞նչ՝ տեղական բյուջե: Մանկապարտեզը, դպրոցը, մշակույթի օջախը, եթե վատ վիճակում են, տեղական բյուջեի չկատարման, վատ քաղաքապետի, վատ գյուղապետի, վատ համայնքապետի պատճառով է: Նրանց կոկորդից պետք է բռնել, ոչ թե ամեն խնդրով մարզպետի ու վարչապետի ոտքը գալ: Ստուգելու ենք պարբերաբար: Մեղավորներին պատժելու ենք խստագույնս: Ընտրվելը դժվար չէ, դժվարը աշխատելն է: Ես հետևողական եմ լինելու այս հարցում:
Երկար ժամանակ խոսում ենք կոռուպցիայի մասին: Անհարմար է: Մեր ժողովուրդն արժանի չէ այդ վերաբերմունքին, որ կա մեր նկատմամբ դրսում: Սա չարիք է: Մեր երկիր չեն գալիս, ներդրում չեն անում, գործարան չեն կառուցում, որովհետև համատարած կաշառակերություն է: Ես դեռ չգիտեմ պայքարի միջոցներն ու ձևերը, բայց գիտեմ, որ այդ ուժն ունեմ ու հաղթելու եմ: Երբ պաշտպանության նախարար դարձա, չգիտեի՝ ինչ եմ անելու, բայց գիտեի՝ ուժ ունեմ և գործն անելու եմ: Ու կարողացա: Սա ժողովրդի պատվի խնդիրն է:
***
Մարզպետարանի դահլիճը փոքր էր՝ նախագահության սեղանն ու նստարանները իրարից մեկ մետր հեռավորության վրա էին, համարյա դեմ դիմաց: Ես ձայնագրիչը դրել եմ նախագահության սեղանին ու մոռացել, պարզապես լսում եմ Վազգենին, ու երբ ասում է. «Քաղաքական խնդիրների առումով ևս դրական տեղաշարժ կա. Ղարաբաղի հարցը կարծես ավելի քան երբևէ մոտ է լուծմանը: Ընդ որում՝ մեզ բավարարող պայմաններով: Մեր պայմաններից մեկը Թուրքիայի հետ ճանապարհների բացումն է և երկաթուղու աշխատանքը», աչքերս կլորանում են՝ չափազանց ակնհայտ է տարակուսանքս՝ գրե՞մ, թե՞ չգրեմ, շարունակությունը լսում եմ. «Գրելու ես, իհարկե, գրելու ես: Մեկ է՝ մի քանի ամսից բոլորն իմանալու են: Բանակցությունները շարունակվում են, մեծ տերությունները ևս շահագրգիռ են լուծման ուղղությամբ: Եթե Աստծո օգնությամբ 2000-ին Ղարաբաղի հարցի լուծման սկզբունքային համաձայնություն ունենանք, տարեկեսին կխոսենք ավելի մեծ խնդիրների շուրջ: Ուս ուսի տված պիտի երկիրը դուրս բերենք այս վիճակից»: Վստահաբար լեփ-լեցուն դահլիճում ոչ ոք չհասկացավ, թե ինչը պիտի գրի…
***
Մարզպետարանի հավաքից հետո հին ու նոր մարզպետները բոլորին հրավիրեցին իրադարձությունը նշելու: Լրագրողներս (Ոսկան Մամիկոնյանը, Արմեն Անդրեասյանը Հ1-ից ու ես) փորձեցինք Երևան վերադառնալ, Վազգեն Սարգսյանը թույլ չտվեց: Մի քանի ավանդական բաժակաճառերից հետո կենաց է խմում Վազգենը ու պատմում է, որ դեռ ՊՆ նախարար եղած ժամանակ պաշտոնական այցով գնացել էր Վրաստան՝ ՊՆ նախարար Դավիթ Թևզաձեի հրավերով: Առաջին օրը Թևզաձեն տանում է նախարարություն, հետո՝ ռեստորան: Հաջորդ առավոտյան՝ նորից նախարարություն, պաշտոնական ընդունելություն, հանդիպում, բանակցություններ, հարցազրույցներ, ու՝ զբոսանք Թբիլիսիի տեսարժան վայրերով, բոլոր հորդորներին՝ գնանք զորամաս, սպաներին հանդիպենք, տեխնիկան տեսնենք, ստանում է նույն պատասխանը՝ հետո, հետո: Եվ միայն երրորդ օրը՝ վերադարձից առաջ, երբ ՀՀ ՊՆ նախարարը Վրաստանի ՊՆ նախարարին հրավիրում է Հայաստան ու ասում՝ «Բանակդ ցույց չտվեցիր, Դավիթ», ստանում է հուսահատ պատասխան. «Ну нет у меня армии, Вазген, дорогой. Что тебе показать? Нет у меня армии, как у тебя, нет!»: Պետք էր տեսնել Վազգեն Սարգսյանի հրճվանքը ու լսել նրա ձայնը, երբ կրկնում էր՝ «Ну нет у меня армии, Вазген, дорогой. Нет у меня армии, как у тебя, нет!»… Եվ դա անպարագիծ հրճվանք էր ոչ թե Վրաստանի բանակի չգոյության, այլ հայկական հաղթական բանակի համար: Այն բանակի, որի նախարարին պատիվ էին տալիս ամենուր: 2001-ի հունվարին լրագրողների ու փորձագետների խմբով գնացել էինք Բրյուսել՝ ծանոթանալու ՆԱՏՕ-ի աշխատանքներին: ՀՀ-ի ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում Դավիթ Տոնոյանն էր: Օդանավակայանից հյուրանոց ճանապարհին նա ինձ պատմում էր, որ իր կյանքի ամենաերջանիկ պահը ապրել է, երբ ՀՀ ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանը այցելել է SHAPE (ՆԱՏՕ-ի ռազմական կենտրոնակայանը): Եվ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից սկսած ամբողջ գեներալիտետը զինվորական կարգով շարված՝ պատիվ է տվել Հայաստանի Հանրապետության բանակի պատերազմում հաղթած պաշտպանության նախարարին: Ձիգ կանգնած… Հետո՝ ծափերով:
…1999-ի մարտի 5-ին Վրաստանի Պն նախարար, գեներալ-լեյտենանտ Դավիթ Թևզաձեն շնորհավորել էր Վազգեն Սարգսյանի՝ 40-ամյակը. «Վրաստանի զինված ուժերի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը: Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս, քաջառողջության ու հաջողության մաղթանքներս Հայաստանի զինված ուժերի շինարարության գործում: Պետական անկախության վերականգնումից հետո Հայաստանի և Վրաստանի հավատակից ժողովուրդների բարիդրացիության և եղբայրության դարավոր ավանդները նոր բովանդակություն ստացան: Վստահ եմ, որ փոխշահավետ ռազմական համագործակցության զարգացումն արժանի ավանդ կունենա մեր անկախ պետությունների հետագա հզորացման, տարածաշրջանի կայուն խաղաղության ամրապնդման գործում: Կրկին շնորհավորում եմ Ձեզ, մեծարգո Վազգեն Զավենի, թող Ձեր կյանքի ուղին լինի երկար ու երջանիկ»:
***
1999-ի հոկտեմբերի 27-ին ես Էջմիածնում էի՝ ամենայն հայոց 131-րդ կաթողիկոսի ընտրությունը լուսաբանելու համար: Եվ ճիշտ այն պահին, երբ խորհրդարանում հնչում էին կրակոցները, եկեղեցու բակում հարցազրույց էի անում Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հետ: Մինչ մեր գլխին ինչ-որ ուղղաթիռ էր պտտվում ու խանգարում ձայնագրությանը, լրագրողներից մեկը հարցրեց՝ ժամը քանի՞սն է, ու ես ընդհատելով հարցազրույցը (միևնույն է՝ ուղղաթիռի աղմուկի պատճառով Ալբերտ Բազեյանի ձայնը չէր լսվում)՝ պատասխանեցի 5.15: Խորհրդարանի կրակոցների լուրը արդեն պտտվում էր դրսում, բայց ոչ մեկս չէր հավատում: Երբ քվեարկությունն ավարտվեց ու բացվեցին տաճարի դռները, նորընտիր կաթողիկոսի խոսքի պահին նրան փոխանցեցին դեղին մի թղթիկ, ու նա կարդաց. «Ազգային ժողովում եղել են կրակոցներ, վիրավոր են Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, էլի վիրավորներ կան»: Վեհափառը դողացող ձայնով շարունակեց՝ «Աղոթենք նրանց համար», ու արցունքները հոսեցին… Մինչև հասանք Երևան, ես ամբողջ ճանապարհին աղոթում էի՝ մենակ Վազգենը ողջ լինի, մենակ Վազգենը ողջ լինի, բայց ինչ-որ մեկը համառորեն ճչում էր ներսումս. «Եթե կրակել են, ողջ չէին թողնի»:
Երբ խմբագրության մեքենայով հասա Երևան, Մամուլի շենքի մուտքի մոտ ինձ էր սպասում Այդին Մորիկյանը:
-Որևէ նորություն կա՞:
-Ուրեմն հիմա ու հետո լռում ես, ոչ մեկին ոչ մի բառ: Ոչ ոք չգիտի՝ ի՞նչ է կատարվում: Գնացինք վերև:
Իսկապես էլ՝ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում: Ահաբեկչության կատարողներն արդեն հայտնի էին: Բայց ես դեռ կաթողիկոսի ընտրության վերաբերյալ հոդված պիտի գրեի: Գրեցի զուտ մեխանիկորեն: Խմբագիրը խնդրեց հեռախոսով մեկնաբանություններ վերցնել՝ ումից կարող եմ: Առաջինը զանգահարեցի Հրանտ Մաթևոսյանին: Ասաց՝ ժամանակ տուր, կզանգեմ, կթելադրեմ: Ժամանակը կանգ էր առել: Ես անգամ չէի կարողանում լաց լինել: Այնքան տարօրինակ էր թվում, որ Ազգային ժողովում սպանություններ են եղել, իսկ ես նյութ եմ գրում, սրբագրում, խմբագրում, ասես՝ սովորական օր էր ու սովորական աշխատանքս էի անում: Որևէ կերպ չէի հավատում, որ Վազգենին սպանել են…
Հրանտ Մաթևոսյանը զանգեց ու թելադրեց. «Ովքեր էլ լինեն այդ մարդասպանները, ինչ նպատակի էլ ուղղված լինեն իրենց գործողությունները, նրանք իրենց զոհերից ավելի մեծ բան են սպանել: Նրանք Հայաստանն են սպանել: Այս ամբողջը Մայր Հայրենիքի դեմ է: Թող ուրախանան այն ճիվաղները, ովքեր արդարության անունով, հանուն արդարության վանդակաճաղեր էին պահանջում մեղավորների համար: Ահա վանդակաճաղերը: Ահա մեղադրողները: Եկել և Ազգային ժողովում հաշվեհարդար են անում ազգի հետ՝ «հանուն արդարության»: Սպանել հայոց բանակը ստեղծողին, սպանել ամենավստահ, ամենակայուն, ամենաքաջ, հայոց մեր բոլոր ժամանակների ամենամեծ Զորավարին, մեր բոլոր ժամանակների մեջ մեզ մի եզակի անգամ հաղթանակ բերած տղային՝ Վազգենին՝ դա մեր թշնամի թուրքն իսկ չէր անի:
Սպանել Կարենին՝ մեր 20-ամյա ծաղկումի այգեպանին, մեր տան մեծ տղային, դուշմանն իսկ չէր անի:
Անփոխարինելի չեն, իրենց անփոխարինելի արժանիքներով հանդերձ, ոչ Վազգենը, ոչ Կարենը: Հայաստանը կարող է և պետք է գնա իր ճանապարհով, այն ճանապարհով, որի մեծ բացողները և ճամփորդներն էին մեր այդ մեծ եղբայրները»:
Զանգահարեցի Աղասի Այվազյանին, ձայնը դողում էր, ինձնից էր լուր հարցնում՝ չունեի, թելադրեց միանգամից. «Երկու օր առաջ Թիֆլիսից զանգահարեցին և ասացին, որ իրենց խորհրդարանում իրար են ծեծում: Բարբարոսություն թվաց: Մեր խաղաղ Հայաստանում նման բան չպիտի լիներ: Չգիտեմ՝ ինչ հետևանքներ կլինեն, բայց ամեն դեպքում ոչ մի լավ բան չեմ սպասում: Վախենալու էլ տեղ չի մնացել: Մեզ խաղաղություն էր պետք և հիմա վտանգված է մեր խաղաղությունը: Տաս տարում ավելի ողբերգական ոչինչ չէր եղել: Այդքան խելք ու բարոյականություն ունեինք, որ նման խայտառակ վիճակ չապրեինք: Ահավոր է, որ ժողովրդի անունից բախտախնդիրներն են խոսում ու կրակում հենց ժողովրդի վրա»:
Հակոբ Հակոբյանը … լաց էր լինում: Բնավ չզարմացա: Ասաց՝ ինքն էր ուզում ինձ զանգել՝ լրագրողներն ամեն ինչ առաջինն են իմանում: Գուցե չե՞ն սպանվել, գուցե վիրավո՞ր են… Ի՞նչ է կատարվում Ազգային ժողովում… Ես ոչ մի պատասխան չունեի: Ու Հակոբ Հակոբյանը ասաց. «Չգիտեմ՝ ինչ ասել, շատ շփոթված եմ, շատ հուզված եմ: Սարսափելի վիճակ է: Ով գիտի՝ ի՞նչ է կատարվում, ինչու՞ են նման բաներ կատարվում: Հոգեկան ճնշված այս վիճակում այլ խոսք դժվարանում եմ գտնել: Բոլորս սպասում ենք: Իբրև հայ մարդ՝՝ խորապես տանջվում եմ: Սրանից ավելի սարսափելի բան դժվար է պատկերացնել: Բայց չպետք է մեզ կորցնենք: Տոկալ է պետք: Հավատալ է պետք, որ կյանքը չի վերջանում ժողովրդի արժանավորագույն զավակների սպանությամբ: Ցավակցում եմ բոլորիս»:
Գտա Ռոբերտ Ամիրխանյանին: Նույն տրամադրության մեջ էր, սկզբից հրաժարվեց, հետո ջղային թելադրեց. «Նողկալի արարք է: Վախենում եմ մտածել իսկ ՝ ինչ հետևանքներ կարող են լինել: Նման «հերոսացող» տղերքը, որ սադիստի հանդարտությամբ մարդասպանությունից հետո ելույթ են ունենում, կրակում են մեր բոլորի վրա: Ամոթ է: Ամոթ: Մեջս ահավոր խռովք է: Իրարամերժ զգացումներ: Շատ դառը զգացումներ: Մեր վիճակն ուղղակի ահավոր դարձավ»:
Մինչ ես սղագրում ու մուտքագրելու էի հասցնում զանգերիս արձագանքները, Այդին Մորիկյանը ևս մի քանի տող գրեց. «Վազգենն ու Կարեն Դեմիրճյանը չկան: Աղոթենք նրանց հոգիների համար: Բայց էդ կրակահերթերը ոչ միայն Ազգի Որդուն ու Ազգի Հորը սպանեցին: Նրանք սպանեցին մեր Երրորդ հանրապետությունը: Ու կրակողը ոչ միայն այդ մի քանի զույգ ձեռքերն էին: Աներևույթներն ավելի շատ են: Այսօր զգացմունքներն են իշխում մեզ: Էս կրակոցների արձագանքը կրակոցներից ավելի զորեղ է լինելու: Ավաղ»:
…Հետո ես գիշերային դատարկ փողոցներով սլանում էի տուն, որ տնից վերցնեմ Վազգեն Սարգսյանի «Էմոցիոնալ վերջին խոսքը», որ ասել էր Շաքիի ջրվեժի մոտ ու ես չէի հրապարակել, որովհետև համարել էի թեմայից դուրս, որ վերջանում էր ֆատալ իմաստ ունեցող բառերով «Մտածեք էս երկրի մասին»:
Ի՞նչ մտածեինք…
***
… Արարատում Այդին Մորիկյանն ու ես երկար պտտվում էինք Վազգենի տան բակում՝ ներս մտնելու համարձակություն հավաքելու համար: Ամեն ինչ թվում էր անիրական, մղձավանջային կինո, երկուսս էլ սպասում էինք, որ Վազգենը ծիծաղելով դուրս է գալու ու հարցնի. «էս ի՞նչ եք անում, հասել եք տուն, ներս չե՞ք գալիս»: Չեկավ: Գուցե աբսուրդ է, բայց ամենաահավորը ինձ համար այդ օրը նրա վիրակապված մատներն էին, որ շոշափելի էին դարձնում մահը:
…Երբ Շաքիի ջրվեժի մոտ հանեց վերնաշապիկը, որ ջուրը մտնի, ես հարցրի.
-Ո՞նց, Դուք բրոնեժիլետ չե՞ք հագնում:
-Ե՞ս: Իմ երկրում ես ումի՞ց պիտի վախենամ: Խելքիդ տիրություն արա…
***
Ես նորից ավելի շատ չգրեցի, քան գրեցի: Ամենազարմանալին՝ գրելիս հասկացա, որ ես Վազգեն Սարգսյանին… չեմ հասկացել: Չեմ հասկացել իր խորքով ու էությամբ, որովհետև երբ կարդում էի իր գրականությունը, այնպիսի գլխապտույտ խորքեր բացվեցին՝ սիմվոլիկայի ու իրականության այնպիսի շերտեր, որ շունչս կտրվում էր, երբ ուզում էի հասկանալ՝ էս ու՛ր գնաց, էս ու՛ր բերեց, էս ի՛նչ արեց, ի՛նչ ՊԱՏՎԱՆԴԱՆ դրեց մեր կյանքի հիմքերի համար, կյանքի, որ ապրում ենք ու կյանքի, որ պիտի ապրեինք, բայց մենք մենք չեղանք:
Մենք երբեք Վազգեն Սարգսյան պետական, քաղաքական, ռազմական գործչին ու գրողին չենք հասկանա իր ողջ խորությամբ ու էությամբ, անգամ սրտով մտածելով, ինչպես ինքը: 20-րդ դարում ինքն էր «խանգարում»՝ այնքան շատ էր, այնքան տիրական ու այնքան հզոր: 21-րդ դարի առաջին երկու տասնամյակում պարզապես արգելված էր, տաբու էր դրված նրա անվան ու գործի վրա: Հիմա՞:
Իսկ հիմա ո՞վ է հիշում, որ Վազգենը իր ռիսկով զինաթափում էր Հայաստանից հեռացող ռուսական զորքին ու զենքն ուղարկում Ղարաբաղ, ո՞վ է հիշում, որ հավաքեց 1000-ից ավելի ջոկատներին ու տարածաշրջանի ամենամարտունակ բանակը դարձրեց` միակ կայացած արժեքը: Ո՞վ է հիշում, որ Վազգենը պատերազմի ընթացք փոխեց մահապարտների կոչով: Բացեց ու պահեց Լաչինի միջանցքը: 1996-ին իսկապես կանխեց քաղաքացիական պատերազմը երկրում: 1998-ին թույլ չտվեց տարածքների հանձնմամբ Ղարաբաղի խնդրի փուլային լուծումը՝ առանց կարգավիճակի: 1999-ին Մեղրին պահեց: Ու՝ սպանվեց, որովհետև Հայաստանը նրա վարչապետության օրոք դառնում էր տարածաշրջանի ամենահզոր երկիրը` ԱՄՆ-ի, ԵՄ-ի միանշանակ աջակցությամբ: Ո՞վ է հիշում, որ Վազգենը 1999-ի մայիսից հոկտեմբեր երկիրը պահեց ու սկսել էր պարտքերը փակել` առանց մեկ լումա պարտք վերցնելու: Որ մեկ ամսում ծայրից ծայր գույքագրել էր Հայաստանի ամբողջ տնտեսությունը ու քաղաքական որոշումով վերագործարկեց «Կանազը», կասեցրեց ՀԷՑ-ի սեփականաշնորհումը, որ հոկտեմբերի 22-ի վերջին հեռուստաելույթի թեման կոռուպցիայի դեմ պայքարն էր: Որ… Հարյուրավոր «որ»-եր, որ մեր պետության ու մեր պատմությունն են: Ու այդ պատմությունը իմանալն ու արժևորելը Վազգենին բոլորովին պետք չէ` նա հայրենիքին տվեց ամեն ինչ ու կյանքն էլ հետը, իսկ մե՞նք…
Որևէ մեկի մտքով անցե՞լ է, որ դեռ ՀՀ անկախությունից առաջ, 88-ից սկսած Վազգենը սուսուփուս արել է այն գործը, որ եղել է առաջին ամենաանհրաժեշտը՝ սկսած ինքնապաշտպանությունից՝ մինչև բանակ ստեղծելը, մահապարտների կոչից մինչև հրադադար, սկսած տնտեսությունը աշխատեցնելուց մինչև Ղարաբաղի հարցը: Ու այնպես չէ, որ ամեն ինչ իր սրտով է եղել, այնպես չէ, որ ամեն ինչ հենց ինքն է արել, բայց ստիպված է եղել հանձն առնել, որովհետև ուրիշ մեկը պարզապես չկար: Ուրիշ ո՞վ, եթե ոչ ինքը: Ո՞վ իրավունք ուներ, ո՞վ կարող էր «ոչ» ասել: Եվ ո՞վ կարող էր իրեն «ոչ» ասել: Որ Վազգենի ներկայությամբ ձգվում էին բոլորը, կժխտեն միայն նրանք, որ ստում են առանց աչք թարթելու: Պաշտպանության նախարարը նրա դեպքում միայն բանակի հարցերով զբաղվողը չէր, միայն այն մարդը չէր, որ ամեն գարուն ու աշուն տնից-տեղից կտրում ու բանակ էր տանում 18 տարեկաններին, որ անձնական ու պաշտոնական կապերով բանակ էր զինում, պաշտպանության նախարարը նրա դեպքում սահման էր, որ հնարավոր չէր ատոմային ռումբ գցելով էլ անցնել: Չէր գնվում, չէր վաճառվում, չէր վախենում ու ուներ սեփական կարծիք: Երկրում ու երկրից դուրս: Վազգենը շանթարգել էր Հայաստանի Հանրապետության համար ու քանի նա կար, Հայաստանի հետ խաղեր տալ հնարավոր չէր: Ու նրա ներկայությամբ գեներալը գեներալ էր, զինվորը՝ զինվոր, պաշտոնյան՝ պաշտոնյա: Պետությունը՝ պետություն: Հետո տեսակ փոխվեց: Մտածողության ու գործողության: Հոկտեմբերի 27-ով տեսակի վերացման խնդիր էր լուծվում: Պետական մտածողության: Ինքնիշխանության: Տնտեսության զարգացման: Արտաքին քաղաքականության: Ու բոլոր նրանք, որ փորձում են համոզել, թե չի եղել Մեղրիի տարբերակ, կամ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը կողմ են եղել, իրենց չե՞ն հարցնում, ինչու՞ նրանք սպանվեցին, ինչու՞ տարածաշրջանում իրավիճակ փոխվեց, ինչու՞ Հայաստանը խրվեց շինարարության ու սպասարկման ոլորտի մեջ, հերթով փակելով արդյունաբերական այն ձեռնարկությունները, որ բացել ու գործարկում էին Վազգեն ու Արամ Սարգսյանները: Ինչպե՞ս Հայաստանը Ռուսաստանին սկսեց հանձնել ոչ միայն գույքը պարտքի դիմաց, այլև հանքահումքային ռեսուրսները՝ ընդերքը, ՀԷՑ-երը, Իրանի հետ գազատարը, երկաթուղին ու այն ամենը, ինչ ռազմավարական որևէ կարևորություն ունի Հայաստանի ինքնուրույն տնտեսավարումը ու արտաքին քաղաքական խնդիրները լուծելը կանխելու համար: Մեղավո՞ր էր Վազգեն Սարգսյանը այս ամենի համար: Իհարկե: Որ՝ սպանվեց: Որ՝ հավատաց իրեն հավատարմության երդում տվողներին: Որ կարծում էր՝ բոլորն էլ ուզում են Հայաստանի զարգացումը ու աշխարհը իր սրտի չափ գիտեր:
1999-ի մարտի 5-ին «ՀՀ»-ում 40-ամյակի շնորհավորական խոսքը վերնագրել էի «Վճռական մենակը», հաջորդ օրը զանգահարեց, որ ասի` «Դու խառնել ես, ես վճռական եմ, բայց ես մենակ չեմ»: Ոչինչ էլ չէի խառնել: Հիմա էլ ոչինչ չեմ խառնում, երբ համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունը բոլորովին այլ պատմություն կունենար ու բոլորովին այլ երկիր կլիներ, եթե վարչապետ Վազգեն Սարգսյանը աշխատեր մինչև 2003-ը և եթե 2003-ին ընտրվեր նախագահ՝ դա էր իրադարձությունների տրամաբանական զարգացումը: Նրան հնարավոր չէր կասեցնել, նրան հնարավոր չէր շեղել, նրան հնարավոր էր… սպանել: 1999-ի հոկտեմբերի 27-ին սպանվեց այն Հայաստանը, որի վարչապետը դեմ էր կողմնորոշման ու կողմնակից էր ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ, որի վարչապետը ոչ ռուսամետ էր, ոչ արևմտամետ, Վազգեն Սարգսյանը հայամետ էր:
Աշխարհում ամեն ինչից առաջ ու ամեն ինչից շատ նրան պակասեց ԺԱՄԱՆԱԿԸ, իսկ հիմա ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆՆ ունի իբրև ԺԱՄԱՆԱԿ: Մենք չունենք: Բայց ինչ էլ լինի, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ է: Գուցե ես չէ, մեզնից մեկնումեկը գնալու է Եռաբլուր, խոնարհվելու է ու ասելու է՝ Սպարապետ, չմտածես, Շուշին արդեն մերն է, մենք արդեն այնքան խելքի ենք եկել, որ հասկացել ենք Անկախությունը, Ազատությունը, Հաղթանակը մերը դարձնելու կերպը: Ու երբ էլ լինի, լինելու է նրա ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ՝ նորից: Ու առանց ավարտի:
…Ու հիմա ես, որ ստեպ-ստեպ խոսում եմ քեզ հետ, հարցեր տալիս ու ստանում պատասխաններ, հիմա ամաչում եմ քեզնից: Ամաչում եմ դառնադառն ցավի համար, որ դու զգացել ես հաստատ, ամաչում եմ ահեղաահեղ զայրույթի համար, որ դու ապրել ես, ու քո անդարձության համար՝ ապրած 40 ու չապրած տարիներից հետո: Ու ամաչում եմ այնքան, որ չեմ կարող ասել՝ կներես, Վազգեն: Չես ների: Քո անպարագիծ ներողամտության, անդառնալի լավատեսության, համատած վստահության ու վճռական մենակության մեջ չես ների պարտությունը: Չես ների: Դու չես ների ՔՈ ՍՏԵՂԾԱԾ ԲԱՆԱԿԻ պարտությունը, չես ների քո բանակի պարտված հրամանատարներին, դու նորից կմեռնես քո սպանված ամեն զինվորի հետ, ու ավելի շատ չես ների: Դու՝ մահապարտդ ու մահապարտներիդ հրամանատարը, չես ների ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆԸ:
…Հիմա, երբ իրենց սեփական կենսագրությունը աղավաղողները իրենց հռչակում են բանակի հիմնադիր՝ ճիշտ ինչպես 20 տարի ուրիշներն էին իրենց վերագրում Շուշին ազատագրելը, ի՞նչ կանեիր դու: Տղերքին տուն կբերեիր, եթե նույնիսկ ստիպված լինեիր առևանգել, դու դա կանեիր: Բոլորին, որ պատերազմի 44 օրերին սպանվեցին, մեկ-մեկ կհանձնեիր հողին ու լաց կլինեիր նրանց մայրերի ու զավակների հետ: Դու Սյունիքից տուն չէիր գա, քանի հաստատուն չեն սահմանները: Դու ամենանոր ու 100 տոկոսով կրակող զենքեր կբերեիր, ու տղերքիդ կուղարկեիր սովորելու այդ զենքերից կրակելը: Հետո նոր միայն կգայիր տուն, Սոֆիի եփած տոլման կուտեիր, տան լռությունից կզարմանայիր ու երեխեքին կկանչեիր…
Իսկ հետո, հետո նորից ողջ հասակով կմտնեիր քաղաքականության մեջ, որ երկրիդ տնտեսությունը կարողանա պահել բանակդ, որ երկրիդ քաղաքացին արժանավայել կյանքով ապրի: Իսկ ոտքի տակ ընկնողներին չէիր էլ նկատի, նրանք միշտ կան ու միշտ լինելու են, նրանք եկվոր են՝ գալու ու գնալու են, իսկ քոնը էս երկրի սիրտը պահելն է: Ու դու նորից կվախենայիր, անվերջ կվախենայիր, որ ժամանակ չես ունենա…
Հ.Գ. Երբևէ, երբ զգամ, որ կարող եմ, կգրեմ և այն հանդիպումների մասին, որ եղել են մեր կարճ ու ճակատագրական դարավերջին: Հիմա՝ միայն այսքանը՝ «Անմեղադիր լերուք, զի կար մեր այսքանն էր», իսկ գուցե լատինական հին առածի ոգով՝ «Ասացի և ազատեցի հոգին իմ»… Չգիտեմ:
Իսկ ավարտում եմ «Մեկ վայրկյան» պատմվածքից՝ իր իսկ գրով.
«Միայն ես գիտեմ, թե ինչ է զգում երկրի ամենակարևոր մարդն այն պահին, երբ ահաբեկչի ինքնաձիգի փողն ուղղված է նրա քունքին: Հանկարծ սկսում ես հասկանալ բաներ, որոնց իմաստը ամբողջ կյանքում փնտրել, փնտրել ու չես ըմբռնել: Երկու բան եմ ուզում ասել, երկուսն էլ` մորս: Ինչո՞ւ մորս, ասեմ. որովհետև միայն մայրս գիտի, որ ես մարդ եմ: Մյուսները ինձ տեսնում են կամ որպես Աստված, կամ Սատանա: «Կներես, մամ, որ քեզ էս վիճակի մեջ գցեցի»: Անցանք առաջ: Հիմա դառնամ էս լակոտին, որը իմ ահաբեկիչն է: Շարքային լակոտ է, հավանաբար նրանցից, ով ծիրանի ծառն ընկույզի ծառից չի տարբերում: Հավանաբար նրանցից, ում սիրած աղջիկը ուրիշի ծոցում է տաքանում: «Վախեցած ես երևում, ախպեր ջան: Նախքան էս գործին անցնելը գոնե քիթդ սրբեիր, փսլնքոտ»: Մեր ուշքն ու մի՛տքը թուրքն էր. տարվեցինք նրանով և մոռացանք ամենակարևոր բանը` թուրքը ոչ թե ազգի տեսակ է, այլ մարդու տեսակ: Թուրք կա ֆրանսիացիների մեջ, չինացիների մեջ, շվեդների մեջ ու նաև… ցավոք, մեր մեջ: Էս լակոտի մտքով չանցնի՞, թե իրենից վախենում եմ: «Արա, ես, ինչպես և դու, միայն ինձնից եմ վախենում»: Ավտոմատը, որի փողը ուղղված է քունքիս, ոնց որ թե ռուսներից թռցրածներից է: Համբոյի օպերացիան էր… ո՞նց է ընկել սրա ձեռքը: Էդ զենքերով մենք Մարտակերտը վերցրինք: Ասա դու էդ զենքի քաղցրությունը տեսե՞լ ես, գիտե՞ս ինչ տղերքի ձեռքով է անցել, տերերից քանի՞սը կան, քանիսը չկան… Համբոյին ճանաչո՞ւմ ես: Նա քեզ ծնկների վրա կխաղացներ, քեզ պաղպաղակ կառներ, մեկ-մեկ էլ ականջներդ կքաշեր: Ամեն ինչ նախատեսել էի, բացի դավաճանությունը: Ինձ թվում էր` էդ ախտը մնացել է պատմության մեջ: Եթե էս տխմարը ձգանը քաշի, թուրքը կասի. «Էս հայերին իզուր ենք կոտորում, թողնենք թող իրենք իրենց վերջը տան»: Չէ, ոնց երևում է, էս իմ ահաբեկիչը ինքն է ահաբեկված: Վախից սփրթնել է: Լավ գործ է բռնել. մի ձգան քաշելով իր անունը գրում է իմ անվան կողքին: Իմ մեջ լցված պատմությունն է ափսոս ։ Էնտեղ նաև էն մարդկանց անունները կան, որոնք կյանքով իմ ստրուկներն էին, մահով ուզում են ինձ իշխել: Քնից զարթնողը ինձ ասում էր. «Քո ինչի՞ն է պետք իշխանությունը»: Ախր ո՞նց ասեմ, որ հասկանաք: Դանակը խփեմ սրտիս մեջ, էնտեղից էնքան ձեն դուրս կգա, որ ձեր հարցը իմ պատասխանից ներում կխնդրի: Ասում են` էս հարցում սխալ եմ եղել, էն հարցում ճիշտ եմ եղել: Իմ սխալի արդյունքը իմ սպանությունը կլինի, իմ ճշտի արդյունքը` երկիրը, որ ձեզ եմ թողնելու՚:
Վազգեն Սարգսյանի մասին նախորդ սյունակները կարդացեք այս հղումով. https://mediamax.am/am/authors/12115/:
Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին: