ru24.pro
Новости по-русски
Ноябрь
2024
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30

«Երեք Ա-ի ինքնամոռաց արշավանքը». հեքիաթ-վեպ կամ այլընտրանքային պատմություն

0

«Դեռ իր ամենագետ ուսուցիչը՝ Վարժապետ Տիրանն է սովորեցրել՝ մարդ պետք է գոնե երեք այլընտրանք ունենա. եթե լողալ չգիտի, ջուրը չմտնի, եթե բարձրությունից վախենում է՝ թռչելու մասին չերազի, եթե հողի հետ այնքան էլ սեր չունի՝ ավելի լավ է, թեւեր առնի ու գնա երկինք»։

Մհեր Իսրայելյանի «Երեք Ա-ի ինքնամոռաց արշավանքը»  հեքիաթավեպի հերոսների անհավանական արկածները տեղի են ունենում օդում, ջրում եւ ցամաքում։

«Աշխարհի երեք կարեւոր հարթություններն են։ Երկինքը ավելի դեպի երազանք է տանում, բայց, ի վերջո, հողի վրա է ամեն բան որոշվում»,- Մեդիամաքսի հետ զրույցում ասում է Մհերը։

Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը։ Նկարազարդումը Ալիկ Ասատրյանինն է։

- Երեք Ա-ի ինքնամոռաց արշավանքը» մտահոգությունների, ասելիքի առումով մոտ է Ձեր նախորդ՝ «Քաղցր սուտ կամ դառը գաթա» գրքին։ Ինչո՞ւ որոշեցիք մեծերի հետ խոսել հեքիաթի միջոցով։

- Գրեթե նույն ժամանակահատվածում են գրվել։ «Քաղցր սուտ կամ դառը գաթա»-ն պատմվածքների ժողովածու է, գրել եմ մի քանի տարում։ Իսկ հեքիաթավեպը ծնվել է երեւի միջանկյալ մի ժամանակահատվածում, երբ ուղղակի փորձում էի հեքիաթ գրել, բայց ծավալվեց ու դարձավ վեպ-հեքիաթ։

«Քացր սուտ, դառա գաթա»-ի մեջ ավելի շատ դառը իրականությունն եմ ներկայացրել, այս գրքում փորձել եմ ներկայացնել այլընտրանքային պատմություն, այսինքն՝ ինչպիսին կլիներ մեր վերջին երեսուն տարիների պատմությունը, եթե իրադարձությունները լավագույն ձեւով ընթանային։

-Գիրքը բնորոշել եք «կիսաքաղաքական, կիսահումորային հեքիաթավեպ, մի քիչ էլ փոքրերի համար»…

- Զուտ լեզվի առումով փորձել եմ պահել պարզությունը, բայց գիրքն ունի
երկու դիտանկյուն. եթե երեխայի աչքերով ենք նայում, սովորական հեքիաթ է՝ արկածներով, պարզ ասելիքով ու բարի ավարտով։ Մեծահասակը կարող է ընկալել տողատակը, հերոսներին նույնացնել մերօրյա քաղաքական գործիչների կամ պետությունների առաջնորդների հետ։ Ըստ այդմ՝ դառնում է ավելի մեծահասակների համար գրված հեքիաթավեպ։

Նման փորձառություն ունեցել եմ. «Գուլիվերի ճանապարհորդությունը» կարդացել էի որպես հեքիաթ, երբ ավելի բարձր դասարանում վերընթերցեցի, հասկացա, որ քաղաքական ենթատեքստով, բարդ ասելիքով գիրք է։ Մինչ օրս սակայն տպագրվում ու շատերի կողմից ընկալվում է որպես մանկապատանեկան գրականություն։

- Հեքիաթավեպի իրադարձությունները տեղի են ունենում մի գողտրիկ երկրում՝ Բնօրրանում։ Թերեւս պատահական չէ բնօրրանն իբրեւ տարածք ներկայացնելը։

- Բնօրրանը, այո, հայրենիքի գաղափարն է։ Քանի որ հեքիաթ է, ճիշտ համարեցի չնշել երկրի անունը։ Առանց այն էլ ընթերցողը (հայ, թե օտարազգի) գիտի, որ հեղինակի բնօրրանն իր հայրենիքն է։ Անտառակն էլ, օրինակ, նույնացվում է մեր Արցախի հետ։

- Ճակատագրապաշտությունը համարում եք մեր գլխավոր սխալներից մե՞կը։

- Այո, գրքի մեջ գնում է այդ գիծը, որ ճակատագրի հույսին չպետք է թողնենք ամեն ինչ։ Ինչքան էլ հավատանք ճակատագրին, նախախնամությանը, իրականում մենք ենք կերտում մեր ճակատագիրը։ «Ինչ էլ անի, հողում, ջրում կամ ցամաքում իր բախտի տերն ինքն է, ոչ թե Բիձա-Իմաստունը, առավել եւս Ճակատագիրը, ինչպես քարոզում են չար ուժերը։ Մնում է միայն որոշում կայացնել»։

-Արմենակի՝ «խարտյաշ պատանեկիկի» երեք մասի բաժանվելը (Արգիշտի, Արամազդ, Արմենակ) կարծես մենիմաստ չէ։ Մեր ուժն ու փրկությունը միասնության մեջ է. երեքն, ի վերջո, միանում են։ Երեք Ա-ն նաեւ երեք նախագահներ են, ի վերջո, մեր երկրի երեք տրոհված մասե՞րը։  

-Բոլոր առումներով էլ երեւի ճիշտ եք։ Իմաստունին էլ հաշվենք չորրորդ ղեկավար, նախագահ չասենք։ Բայց այդքան հստակ չէ՝ ով ով է։ Ի վերջո հավաքական առումով ձախողված երկիր դուրս եկանք։ 30 տարվա իրականութունն է, ուր երեք Ա-ն էլ, այո, իրարից բաժանված ղեկավարում են, ամեն մեկը գնում է մի ճանապարհով։ Հեքիաթում փորձել եմ միավորել երեքին։ Իրականում էլ, եթե ինչ-որ փուլում միավորվեին, գուցե հեքիաթի ձեւով ավարտվեր ամեն բան։  

Երեքը նաեւ Սուրբ երրորդության խորհուրդն է, երեք ճանապարհ, երեք ընկեր, երեք համհարզ, երեք գործիք…

- «էլ ինչ հայրենիք, էլ ինչ բան, երբ որ ոսկին է հորդում»… Սա չէ՞ որ որոշակի ժամանակի նկարագիր է։

- Այո, մեր 30-ամյա պատմության նկարագիրն է, որ խրվեցինք քեֆ-ուրախության մեջ՝ առանց հասկանալու մեր գլխի գալիքը։ Ոչ ոք չէր պատկերացնում, որ մի օր նման ազգային ողբերգության՝ պատերազմի առաջ ենք կանգնելու։ Ժողովուրդն ու իր ղեկավարությունը անտեսում էին սպառնալիքն ու վտանգը։ Երբ ղեկավարությանը հարցնում էին, ասում էին՝ այդ հարցը չկա, լուծված է, բայց պարզվեց որ՝ ոչ։

-Ասում եք՝ որքան էլ մեր պատմությունը հեքիաթի պես պատմենք, այն իրական պատմություն է։ Ի՞նչ եք ուզում ընդգծել սրանով։

- Գրելու ընթացքում այդ միտքը ծագեց՝ իրականությո՞ւն է, թե՞ հեքիաթ, ու մինչեւ վերջ երկընտրանքի մեջ եմ պահում ընթերցողին, ավելի շատ՝ երեխաներին։ Վերջում թվում է, արդեն փորձել եմ ապացուցել, որ իրական պատմություն է, բայց ասում եմ՝ մեր պատմության ավարտը կամա թե ակամա հեքիաթի նմանվեց։

- Ժամանակակից հեքիաթ մեր ժամանակից ծնված ու ժամանակի մասին։ Ի՞նչ է տալու այն մեծերին եւ ի՞նչ կարող է տալ փոքրերին։

- Գրողի համար դժվար է ասել՝ ինչպես կընկալի ընթերցողը, բայց ես ուզում եմ ինչ-որ լավատեսություն, հույս, հեքիաթ փոխանցել։ Քաղաքական, ռազմական հաջողության հասնելու համար ոչ ստանդարտ մտածողություն պետք է ունենանք, ոչ ստանդարտ լուծումների ճանապարհ փնտրենք։ Եթե նկատել եք, այստեղ անհավանական ճանապարհով փորձում են հասնել լույսին։ Ի վերջո լույսը կարողանում են բերել, բայց ոչ արհեստական ձեւով, այլ բնական. քանի որ ժողովուրդը միավորվում է, հաղթում, լույսն էլ հաղթանակի հետ գալիս է։

- Ավելի դժվար է գրել մեծահասակների՞ համար, թե՞ փոքրերի։

- Դժվարը կայծն է՝ ներշնչանքը, որ այդ պահին գալիս է։ Հեքիաթավեպը, եթե չհաշվեմ երեք գլուխները, որ հետո եմ ավելացրել, մեկ ամսում եմ գրել։

- Նկարչի՝ Ալիկ Ասատրյանի հետ համագործակցության մասին ի՞նչ կասեք։

- Նկարազարդման խնդիրը որոշեցի ինքս լուծել։ Ֆեյսբուքյան հարթակում նկատել էի Ալիկ Ասատրյանի (հոլանդաբնակ) ստեղծագործությունները, նամակ գրեցի, որ կուզենայի զբաղվեր գրքիս նկարազարդումով։ Սկզբում ասաց, որ երբեք գիրք չի նկարազարդել։ Բայց վիպակը կարդացել էր ու 10-15 օր հետո մի նկար գրեթե պատրաստ ուղարկեց։ Այդպես սկսվեց մեր համագործակցությունը։ Գրքում կան կերպարներ, դրվագներ, որ իր նկարների ազդեցության տակ եմ ավելացրել, օրինակ՝ սագը, աքլորը, որ մեր երազների սարի գագաթին ծուղրուղ է կանչում։ Տեքստի մեջ այդ դետալները չամիչի պես ավելացան։

- Նոր գրքի գաղափար կա՞։

- Վեպ եմ գրել, գրեթե պատրաստ է։ Քաղաքական տարրեր կան, ֆենթզիի։ Գլխավոր հերոսը (նախկին գնդապետ) Եվրոպայում է: Աչքերը փակում են ու սկսում է մտածել՝ ով է՝ չարագո՞րծ, թե՞ բարի մարդ, ի՞նչ նպատակ է հետապնդում, ու այդպես մտածմունքներով զարգանում է սյուժեն։ Ե՛վ ազգային գաղափարներ է արծարծվում , եւ՛ սիրո, եւ՛ ընկերության։

Արմինե Սարգսյան