«Դասավանդողների վախը արհեստական բանականությունից ամենամեծ մարտահրավերներից է»
«Մեր խնդիրն է սովորեցնել նրանց ուսումնական գործընթացում ճիշտ կիրառել արհեստական բանականության ֆունկցիոնալությունը, որպեսզի այն ծառայի կրթական հնարավորություններին, ոչ թե խանգարի դրա առաջընթացին»,- ասել է նախարարի տեղակալը՝ ելույթ ունենալով մեդիագրագիտության շաբաթվա մեկնարկին նվիրված միջոցառմանը:
«Ակնհայտ է, որ ժամանակակից դպրոցը շատ մարտահրավերային պայմաններում է գործում: Բարդ է պահպանել կրթության կազմակերպման ավանդական ձևերը և միաժամանակ կրթական գործընթացում ներառել մերօրյա տեխնոլոգիական զարգացումները՝ առանց խոչընդոտների պահպանելով հետաքրքրությունն ուսումնական գործընթացի նկատմամբ: Մեդիագրագիտության անբեկանելի պահանջը ժամանակակից մարդու պարտադիր կարողունակությունն է, որը օգնում է ճիշտ կազմակերպել գործունեության ձևերը տարբեր ոլորտներում: Հենց այստեղ է, որ դպրոցը շատ անելիքներ ունի՝ սովորողների մոտ ձևավորել մեդիագրագիտության ճիշտ հմտություններ և կարողություններ՝ հավաստի աղբյուրներից օգտվելու, անհրաժեշտ տեղեկությունը ստուգելու, կեղծն ու իրականը տարբերելու նպատակով: Սրան գալիս են աջակցելու մի շարք գործընթացներ․ մասնավորապես՝ հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում երկրորդ դասարանից ներդրվել է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան, որի կարևոր բաղադրիչներից մեկը մեդիագրագիտությանն ուղղված թեման է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: