Viva-ի սպասարկման կենտրոն՝ Գոգավանի սահմանային անցակետում
Նոյեմբերի 1-ից Գոգավանի պետական սահմանային անցակետի մոտ կսկսի գործել Viva-ի սպասարկման կենտրոն:
Մաքսակետի մոտ տեղակայված սպասարկման կենտրոնի առկայությունն ապահովում է հարմարավետություն՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների ու բեռնափոխադրողների համար: Երկրի սահմանը հատելուն պես՝ Հայաստան այցելողներն անմիջապես կստանան անխափան կապի հնարավորություն:
Սպասարկման կենտրոնում հասանելի կլինեն Viva-ի առաջարկած ծառայությունների ու ապրանքատեսակների լայն շրջանակ՝ ձայնային ու ինտերնետի ծառայությունների համար նախատեսված սակագնային պլաններ, հաշիվը վերալիցքավորելու հնարավորություններ, ԱՊՊԱ պայմանագրեր կնքելու հնարավորություն, ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալ, բազմաթիվ այլ ծառայություններ: Այստեղ նաեւ ներկայացված կլինեն սարքեր, հեռախոսներ եւ աքսեսուարներ: Արտերկիր մեկնողները նույնպես կկարողանան օգտվել սպասարկման կենտրոնից, ընտրել ու ակտիվացնել ռոումինգ ծառայության ամենահարմար տարբերակը, այդ թվում՝ «Վոյաժ 30»-ը:
Սպասարկման կենտրոնի անձնակազմը կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվություն՝ ըստ բաժանորդի կարիքների:
Սահմանի մոտ տեղակայված սպասարկման կենտրոնը թույլ կտա օգտվել տեղական խոշորագույն օպերատորի՝ Viva-ի մատչելի ծառայություններից՝ առանց միջազգային ռոումինգից օգտվելու անհրաժեշտության: Viva-ի ծառայություններից օգտվելը զբոսաշրջիկներին եւ բեռնափոխադրողներին կընձեռի հուսալի կապի, ներառյալ՝ քարտեզներից օգտվելու հնարավորություն: Բեռնափոխադրողները կստանան հայաստանյան բիզնես գործընկերների հետ կապ հաստատելու հնարավորություն՝ տեղական հեռախոսահամարից ու տեղական սակագներով:
Գոգավանի սպասարկման նորաբաց կենտրոնի աշխատելու համար հավաքագրվել են հիմնականում Լոռվա մարզի բնակիչներ, որոնք անցել են որակավորման բարձրացման դասընթացներ:
Viva-ի ծառայություններին բաժանորդագրվելուց հետո անհրաժեշտության դեպքում ընկերության հետ կարելի է կապ հաստատել՝ զանգահարելով 111 անվճար հեռախոսահամարով, գրել ընկերության Ֆեյսբուքյան պաշտոնական էջին կամ օգտվել My Viva հավելվածի չաթ-օգնականից: Հավելվածը կարելի է ներբեռնել Google Play-ից կամ Apple Store-ից: