ru24.pro
Новости по-русски
Октябрь
2024

Ալֆրեդո Գոմես Սորիան՝ Հայաստանում Plug and Play-ի գործարկման ու տեսլականի մասին

0

«Plug and Play Germany GmbH» կազմակերպությունը հաղթել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության «Աքսելերացիոն ծրագիր» դրամաշնորհային մրցույթում եւ գործարկում է իր ծրագիրը Հայաստանում։

Plug and Play-ի ավագ կորպորատիվ նորարարության մենեջեր Ալֆրեդո Գոմես Սորիան iTel.am-ի հետ զրույցում պատմել է Հայաստանում աքսելերացին ծրագրի գործարկման, տարածաշրջանում գործունեության նոր հնարավորությունների եւ հայկական ստարտափների համար նախատեսվող 26-շաբաթյա աքսելերացիոն ծրագրի մասին։

Plug and Play-ը միջազգային հեղինակավոր նորարարական հարթակ է եւ ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը Սիլիկոնյան հովտում է: Այն կապում է ստարտափներին, կորպորացիաներին եւ ներդրողներին՝ խթանելու տեխնոլոգիական առաջընթացը եւ բիզնեսի աճը:

Ներկայանալով բազմաթիվ երկրներում՝ Plug and Play-ն առաջարկում է ամուր էկոհամակարգ, որն աջակցում է ստարտափներին մենտորության, ֆինանսավորման եւ ցանցային հնարավորությունների միջոցով՝ օգնելով ընդլայնելու գործունեության աշխարհագրությունը եւ հաջողության հասնելու տարբեր ոլորտներում:

Այն համագործակցում է VISA, ROCHE, JAGUAR LAND ROVER, WALMART, Mercedes-Benz, VOLVO, PORSCHE, NISSAN եւ այլ հեղինակավոր կազմակերպությունների հետ: Plug and Play-ի պորտֆոլիոյում կա ավելի քան 30 միաեղջյուր (unicorn) կազմակերպություն:

- Որո՞նք են Plug and Play աքելերատորի տեսլականն ու առաքելությունը:

- Վերջին 20 տարվա ընթացքում մեր առաքելությունը եղել է նորարարությունը հասանելի դարձնել բոլորին՝ աշխարհի ցանկացած վայրում: Ցավոք, մենք ապրում ենք ավելի ու ավելի բեւեռացված աշխարհում, ինչը դժվարացնում է նորարարության տարածումը բոլոր վայրերում:

Մենք դա իրականացնում ենք ստարտափների միջոցով: Ստարտափները նորարարության շարժիչն են եւ տնտեսությունների մոտ 80-90%-ը: Եթե նայենք ԱՄՆ-ի լավագույն ընկերություններին, կտեսնեք, որ նրանք գոյություն ունեն ընդամենը 20-30 տարի: Օրինակ, Գերմանիայում հին ավանդական ոլորտներին նայելիս կտեսնենք ընկերություններ, որոնք գործում են 100-200 տարի, սակայն կորցնում են նորարարությունը: Այսպիսով, մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ, համալսարան, կառավարություն եւ ընկերություն պետք է մշտապես նորարարությամբ հանդես գա:

Մեր տեսլականն ու առաքելությունը պարզ են՝ ցանկանում ենք ապահովել այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են մարդկանց գերազանցության հասնելու համար:

- Ո՞ր ուղղություններով է Plug and Play-ը նպատակաուղղված աջակցում:

- Մենք ներկայում աշխատում ենք 22 տարբեր ոլորտում՝ էներգետիկա, կայունություն, ֆինանսական ծառայություններ, ապահովագրություն, ավտոմոբիլաշինություն, կիսահաղորդիչներ, արհեստական բանականություն, կիբեռանվտանգություն եւ այլն: Ընդգրկում ենք ոլորտների մեծ մասը:
[[gallery1]]
Հայաստանում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայում մշակում է իր ռազմավարությունը գործընկերների հետ միասին: Հենց դա է մեզ ու Հայաստանին թույլ տալու հասկանալ, թե որ ոլորտներում երկիրը կարող է իսկապես հաջողություն ունենալ: Եթե պարզենք այն ոլորտները, որտեղ Հայաստանը շատ ամուր դիրքեր ունի, եւ կարողանանք օգնել զարգացնել այդ ոլորտները, ապա դա ապագայի հնարավորությունը կլինի:

Հայաստանը առաջատար է չիպերի, կիսահաղորդիչների նախագծման եւ արհեստական բանականության ոլորտներում: Սրանք նույնպես արագ զարգացող նոր հնարավորություններ են: Հայաստանը նաեւ շատ ուժեղ է պաշտպանական ոլորտում, եւ այստեղ շատ նորարարություններ եմ տեսնում:

Պետք է, սակայն, ուշադիր լինենք ծրագրային ապահովման ծառայությունների տրամադրմանը: Շատ երկրներ փորձում են ուղղորդել իրենց օտարերկրյա ուղղակի ներդրումների ռազմավարությունը դեպի աութսորսինգ, ինչը չի աշխատի 10-15 տարի անց: Ուստի մենք պետք է ունենանք հստակ տեսլական, թե ուր ենք ուզում գնալ ապագայում:

Մերձավոր Արեւելքում, օրինակ, Քաթարը կամ Սաուդյան Արաբիան 2030-2040 թթ. ռազմավարություններ են մշակում: Ամեն ինչ արվում է որոշակի նպատակով, դա շատ կարեւոր է. կարծում եմ՝ Հայաստանում մենք ճիշտ ուղու վրա ենք: Հենց հասկանանք ռազմավարությունն ու այն ոլորտները, որոնց վրա ցանկանում ենք կենտրոնանալ բարձր տեխնոլոգիաների շրջանակում, կարող ենք դրանցից առավելագույնը ստանալ:

- Ինչպե՞ս որոշեցիք գալ Հայաստան եւ բացել Plug and Play-ը:

- Տարածաշրջանը մեզ համար հետաքրքիր է, կան արդեն այլ միջազգային խաղացողներ, օրինակ՝ 500 Global-ը Վրաստանում: Կենտրոնական Ասիայի որոշ հատվածներում նույնպես կան խաղացողներ, սակայն Հայաստանում չկար միջազգային աքսելերատոր, որը կօգներ ստարտափներին մուտք գործել գլոբալ շուկա:

Մենք տեսնում ենք, որ Հայաստանը ունի շատ ուժեղ մարդկային կապիտալ, հզոր ինժեներական հմտություններ: Կան շատ ներդրումներ STEM ուղղությունների մեջ՝ ապագայի կրթության հենասյուների կառուցման գործում, դպրոցներում՝ ռոբոտաշինության, արհեստական բանականության եւ այլ ոլորտներում:

Մենք հավատացինք, որ Հայաստանը կարող է լինել հիանալի շուկա, որտեղ կարող ենք ընդլայնել Plug and Play-ը եւ կապել գլոբալ շուկայի հետ: Բացի այդ, կա եւս մեկ լրացուցիչ տարր՝ սփյուռքը, որը կապն է Հայաստանի եւ աշխարհի միջեւ: Ուստի, բոլոր այս մարդիկ իդեալական հավաքական ուժ են եւ կարող են օգնել Հայաստանը տարածաշրջանային նորարարական կենտրոն դարձնելու գործում:
[[gallery2]]
Մենք ներկայում աշխատում ենք տարբեր կառավարությունների հետ, մեծ ծրագրեր ունենք ԱՄՆ-ում, Լիտվայում, Մալթայում, Ուզբեկստանում, Սաուդյան Արաբիայում։ Ծրագրեր կան նաեւ Եգիպտոսում, Մարոկկոյում եւ այլ շուկաներում: Մենք, իսկապես, հավատում ենք, որ ապագայի համար Հայաստանը լավ դիրք ունի նորարարության ոլորտում:

- Ի՞նչ հետաքրքիր հնարավորություններ եք տեսնում հայկական էկոհամակարգում։

- Նախորդ շաբաթ կայացած «Ներուժ 5.0» ծրագիրը շատ տպավորիչ էր. սա մեր առաջին հնարավորությունն էր իրական շփում ունենալու հայ հիմնադիրների հետ: Անհավանական էր տեսնել, թե ինչպիսի կարողություն ունեն մարդիկ՝ հարմարվելու եւ զարգանալու համար:

Գիտեք՝ կային ստարտափներ, որոնք շաբաթվա սկզբում ներկայացան իրենց գաղափարով, իսկ վերջում դուրս եկան լիովին այլ բիզնեսով: Այսպիսով, շատ հետաքրքիր էր մեզ համար տեսնել այդ տրանսֆորմացիայի կարողությունը: Հայաստանում մարդիկ ուժեղ տոկունություն են ձեւավորել, եւ մենք դա տեսնում ենք, զգում եւ ուզում ենք վստահ լինել, որ նրանց կտրամադրենք ճիշտ ռեսուրսներ՝ աճելու եւ ընդլայնվելու համար: Շատ ոգեւորված ենք:

- Ձեր ծրագրի համար ինչպե՞ս եք ընտրում ստարտափները, որո՞նք են կարեւոր չափանիշները:

- Մենք նայում ենք ստարտափների MVP-ին, որը կարող ենք զարգացնել, ինչպես նաեւ՝ դրա հետագա ընդլայնման հնարավորությանը: Գնահատում ենք, թե ստարտափն ինչ է մշակում եւ համեմատում ենք այն համաշխարհային մրցակիցների հետ: Չենք ցանկանում պարզապես աքսելերացնել ստարտափներ, այլ ցանկանում ենք զարգացնել լավագույն ստարտափները: Այնպես որ, կարեւոր է գնահատել արտադրանքի շուկայի համապատասխանությունը, ընդլայնման հնարավորությունները, միջազգային շուկաների հասանելիությունը եւ միջազգային ներդրումների հնարավորությունը, որոնք նպաստում են օտարերկրյա ուղղակի ներդրումներին: Ուստի, մենք ցանկանում ենք ընտրել լավագույններին:

- Ի՞նչ համագործակցություններ եք հաստատել տեղական էկոհամակարգի խաղացողների, բիզնեսների հետ:

- Տեղական վենչուրային կապիտալիստների հետ ստեղծվել են լավ հարաբերություններ, նրանք հիանալի աշխատանք են կատարել էկոհամակարգի կառուցման, ֆինանսավորման հարցում: Նրանցից շատերը նախկինում իրենց ստարտափներն են ունեցել եւ այժմ ուղղում են իրենց ներդրումները հայկական տնտեսությունում:

Լավ հարաբերություններ են հաստատվել նաեւ համալսարանների հետ։ Հավատում ենք, որ դրանք մեծ դեր ունեն հատկապես տեխնոլոգիաների տրանսֆորմացիայի առումով՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ:
[[gallery3]]
Ապագայում ցանկանում ենք ընդլայնել մեր համագործակցությունը Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ, քանի որ նրանք նույնպես մեծ դեր ունեն, ցանկանում ենք համագործակցել նաեւ Պաշտպանության նախարարության հետ: Կան բազմաթիվ այլ հնարավորություններ ամբողջ էկոհամակարգը նոր մակարդակի բարձրացնելու համար:

Կառավարությունը կարող է լինել ստարտափների ապրանքների եւ ծառայությունների խոշոր գնորդ: ԱՄՆ-ում կա շատ հետաքրքիր մոդել. ամեն անգամ, երբ կառավարությունը գնում է ապրանքներ կամ ծառայություններ, ընդհանուր գնումների 5%-ը պետք է լինի փոքր եւ միջին բիզնեսներից: Սա նշանակում է նաեւ՝ փոքր եւ միջին բիզնեսներն ունեն հնարավորություն աշխատել կառավարության հետ: Մյուս կողմից, ստարտափները նույնպես աշխատում են կառավարության հետ: Շատ մանր մեխանիզմները եւ քաղաքական որոշումները կարող են մեծ դեր ունենալ էկոհամակարգի առաջխաղացման գործում:

- Քանի՞ ստարտափ է դիմել եւ ինչպե՞ս կարող են դիմել:

- Դիմելու գործընթացը շատ պարզ է, կարող եք գտնել այն մեր կայքում: Դիմումների ընդունումն ավարտվել է հոկտեմբերի 7-ին: Հարյուրից ավելի ստարտափ է դիմել, որոնցից կընտրենք 20-ին: Ցանկանում ենք համոզվել, որ ընտրելու ենք լավագույններին:

Ալֆրեդո Գոմես Սորիայի հետ զրուցել է Նունե Գրիգորյանը: