ru24.pro
Новости по-русски
Октябрь
2024

Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

0

Ֆեյսբուքի իր էջում Մինասյանը հայտնել է, որ այդպիսով «միացել է իր պաշտոնավարման դեմ ստորագրահավաքին»:

«Վարչապետին ներկայացրեցի իմ հրաժարականի դիմումը:
Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնելը, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունենաս: Ես տեղեկացա, որ խնդիր ունեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շուրջ երկու տասնյակ պատգամավորների հետ:

Արդարադատության ոլորտի բարեփոխման համար նրանց հետ եւ նրանց օգնությամբ շատ բան ենք արել նաեւ այս վերջին երկու տարիներին: Կառավարության ծրագիրը մեր մասով հաստատ գերակատարված է միջոցառումների քանակի եւ որակի առումով: Կառուցված ճանապարհն ու դպրոցը մարդիկ միանգամից են տեսնում եւ վայելում, բայց նոր արբիտրաժային համակարգի, հարկադիր կատարման վերափոխված ծառայության, թվայնացված քաղաքացիական դատավարության, կայացած պրոբացիայի ծառայության եւ բազմաթիվ այլ բարեփոխումների կամ հարյուրավոր օրենսդրական ու ռազմավարական փոփոխությունների արդյունքները բոլորս կվայելենք որոշ ժամանակ անց:

Մարդիկ արդարադատության նախարարներից միշտ սպասել են արդարության արագ եւ անմիջական վերականգնում: Դա նախարարի գործառույթ չէ: Դա վերապահված է իրավապահներին ու դատարաններին:

Մենք քաղաքականություն մշակողն ենք եւ ինստիտուցիոնալ համակարգը բարելավողը: Երկու ուղղությամբ էլ շատ բան է արվել արդեն: Պտուղները կլինեն շուտով, բայց արդեն հաջորդ նախարարների օրոք:

Իհարկե, կարելի էր ավելի համբերատար լինել, մնալ եւ պայքարել այս ամենի համար եւ շարունակել հանգիստ ներկայացնել կատարված հսկայածավալ աշխատանքը, բայց ես որոշեցի վերադառնալ ինձ ավելի հարազատ միջավայր: Արդարադատության ոլորտին կարելի է նպաստել նաեւ մասնավոր հատվածում»,- գրել է նա:

Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ստորագրահավաք են սկսել Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար:

Մինասյանը արդարադատության նախարար էր նշանակվել 2022 թվականի դեկտեմբերին: