«Այլեւս երբեք». ՀՖՀՀ դասընթացը՝ զանգվածային ոճրագործությունների թեմայով
Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) անցկացվել է զանգվածային ոճրագործությունների թեմայով «Այլեւս երբեք» խորագրով դասընթաց: Դրա նպատակն էր վերլուծել ոճրագործությունները պատմության եւ իրավունքի տեսանկյունից՝ այդպիսով հնարավորինս եզակիացնելով դրանք:
Դասընթացը կազմակերպվել է Փարիզի Շոայի հուշահամալիրի հետ համագործակցությամբ եւ Գերմանիայի ԱԳՆ աջակցությամբ:
Ըստ ծրագրի՝ ՀՖՀՀ 50 ուսանող, ոչ միայն իրավագիտության, այլեւ՝ մարքեթինգի, կառավարման, ֆինանսների ու ինֆորմատիկայի ֆակուլտետներից, երկօրյա դասընթացի ժամանակ լսել են Հայաստան ժամանած առաջատար պատմաբանների, ցեղասպանագետների դասախոսությունները, ծանոթացել Շոայի հուշահամալիրում պահվող արխիվային ու գիտական նյութերին:
«Այս դասընթացի անցկացումը շատ կարեւոր է մեզ համար: Լինելով հայ՝ դուք արդեն իսկ ներգրավված եք ցեղասպանությունների կանխարգելման թեմայում, սակայն պետք է հասկանալ՝ սա նաեւ շատ լուրջ գիտական հարց է», - դասընթացի մեկնարկին ՀՖՀՀ ուսանողներին ասել է բուհի ռեկտոր Սալվա Նակուզին:
Նա նշել է՝ զանգվածային ոճրագործությունների մասին պետք է խոսել ու լսելի լինել.
«Այս առումով անգնահատելի է Շոայի հուշահամալիրի նման կենտրոնների դերը: Այստեղ է, որ պահպանվում է հիշողությունը: Հուշահամալիրում պահվում են արխիվներ դեռ Առաջին աշխարհամարտի տարիներից, փաստաթղթավորվում են տեղի ունեցող իրադարձությունները, կատարվում է կարեւոր գիտական աշխատանք: Նման կարեւորություն ունի նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Հուսով եմ՝ այս երկու օրը շատ օգտակար կլինի ձեզ համար, քանի որ հնարավորություն կունենաք շփվել բացառիկ պատմաբանների հետ: Ձեզ հետ փորձով կկիսվեն մարդիկ, որոնք տասնյակ տարիներ աշխատել եւ ուսումնասիրություններ են կատարել ցեղասպանագիտության ոլորտում»:
Սալվա Նակուզին շնորհակալություն է հայտնել Շոայի հուշահամալիրին դասընթացը նախաձեռնելու համար:
«Հայաստանում առաջին անգամը չենք, բայց սա առաջին փորձն է աշխատելու ֆրանկոֆոն համալսարանում», - ասել է Շոայի հուշահամալիրի ներկայացուցիչ Բրունո Բուայեն:
«Մեր հուշահամալիրը թանգարան է՝ հիմնված գիտական մոտեցման վրա: Շատ կարեւոր է, որ այն, ինչ քննարկելու ենք դասընթացի ժամանակ, կարծիքներ կամ տեսակետներ չեն, բոլորի հիմքում գիտական աշխատանքներ են»:
Նա նշել է, որ նման դասընթացների անցկացման նպատակը զանգվածային ոճրագործությունների թեման ոչ մասնագետ ուսանողների հետ քննարկելն է: Նրանց համար հասկանալի դարձնելն այն հայեցակարգերն ու ձեւակերպումները, որոնց մասին կարդում են թերթերում կամ լսում հեռուստացույցով: Սա հնարավորություն կտա այս ուսանողներին առավել լավ ընկալել իրենց շուրջը եղած աշխարհն ու դրանում կատարվողը:
«Նման դասընթացներ անցկացրել ենք Բարսելոնայում, Բելգրադում, Միլանում, այլ քաղաքներում: Այս մեկն առանձնահատուկ է, քանի որ դուք մի ազգի ժառանգներ եք, որն ունի շատ հարուստ ու, միեւնույն ժամանակ, ողբերգական պատմություն: Հայ ժողովուրդը եղել է ցեղասպանության զոհ ու սա է պատճառը, որ երեւանյան դասընթացը տարբերվում է», - ասել է Բրունո Բուայեն:
Նա ընդգծել է՝ զանգվածային ոճրագործությունների մասին խոսելիս կարեւոր է հասկանալ ու ճիշտ կիրառել տերմինաբանությունը.
«Այսօր շատ են դեպքերը, երբ բառերը միտումնավոր կիրառվում են իմաստափոխված՝ «օրուելյան» սկզբունքով: Ճիշտ է, դուք պատմաբաններ չեք, բայց անկախ ամենից՝ պետք է հասկանաք այն, ինչ ձեզ փոխանցում են զանգվածային լրատվամիջոցները: Ինձ հետ պատմաբանների թիմ է եկել ու համոզված եմ՝ միասին արդյունավետ օրեր կանցկացնենք»:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի